ՄԻՊ-ը պետք է իր արագ արձագանքման արձանագրությունը հրապարակի. Վիկտոր Մնացականյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քաղաքային պլանավորման մասնագետ Վիկտոր Մնացականյանը սոցցանցի իր էջում գրում է.

«Հարգելի հայրենակիցներ,

ցավով ենք ուզում փաստել, հայաստանյան իրականության մեջ հատկապես վերջին մի քանի դեպքերը, որպես մարդու իրավունքների ոտնահարման կոպտագույն երևույթներ, գալիս են արձանագրելու, որ Հայաստանում ժղովրդավարությունը թեքվում է դեպի բռնություն: Հակված չենք կարծել, թե եվրոպական կամ ամերիկյան արժեհամակարգում ժողովրդավարության հոմանիշը բռնությունն է կամ մարդու իրավունքները հարգվում են բռնության միջոցով: Ուստի ակնկալում ենք, որ Հայաստանում հավատարմագրված միջազգային դիվանագիտական ներկայացուցչություններն իրենց գնահատականները հնչեցնեն մասնավորապես հետևյալի մասին.

• Ոստիկանների հսկողության տակ գտնվող ՀՀ ձերբակալված քաղաքացի Սամվել Վարդանյանին նույն ոստիկանների աչքի առաջ անհայտ դիմակավոր անձինք կասկածելի հանգամանքներում դաժան ծեծի են ենթարկում:

• Որևէ դիմադրություն չցուցաբերած Նարեկ Սամսոնյանին դիմակավորված անձինք՝ այս անգամ արդեն ուժային կառույցի ներկայացուցիչները, կոշտ ձևով, ստորացուցիչ գործողություններով գրեթե շնչահեղձ արեցին։ (Հիշեցնենք, որ 2020 թվականին ԱՄՆ-ում ոստիկանները աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդին կասկածելով հանցանքի մեջ՝ բերման ենթարկելու ժամանակ գետնին էին պառկեցրել, ոստիկաններից մեկը ծնկով սեղմել էր նրա կոկորդը և ութ րոպե պահել այդ վիճակում, չնայած Ֆլոյդը մի քանի անգամ ասել էր՝ շնչահեղձ է լինում: Ֆլոյդի սպանության համար ոստիկանին դատապարտեցին ազատազրկման, իսկ ավելի ուշ նա սպանվեց բանտում)։

• Երևանի ավագանու նիստում իշխող ՔՊ խմբակցության ջանքերով այս անգամ արդեն քաղաքական բռնություն է գործադրվում ավագանու ընդդիմադիր անդամների նկատմամբ՝ նրանց զրկելով ձայնից՝ այդ թվում, թույլ հիմնավորմամբ մանդատից զրկելով նաև ընդդիմադիր խմբակցության լիդերի:

• ԱԺ Պատգամավոր Թագուհի Թովմասյանինապօրինաբար և ամբողջովին քաղաքական հիմքով Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացումը։

• Վանաձորի ավագանու ընտրություններում ամենաշատ քվե հավաքած, նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի կալանավորումը, որը նույնպես քաղաքական բնույթի հետապնդում է, իսկ գործի քննումը ձգձգվում է տարիներով։

«Հաղթանակ» կուսակցությունը միանշանակ դատապարտում և անընդունելի է համարում քաղաքական և ֆիզիկական բռնության այս և սրանց նախորդած նմանատիպ դեպքերն ու արձանագրում, որ այս քայլերը ուղիղ ճանապարհ են դեպի ավտորիտար իշխանություն, երբ հասարակական ու քաղաքական կյանքում ժողովրդավարության կեղծ շղարշի ներքո ասֆալտի տակ թաղվում են կամ ծառերի նման արմատախիլ են արվում մարդու իրավունքները: Մինչդեռ արևմտյան հասարակություններում այս արժեքներին վերաբերվում են հարգանքով՝ դրանք համարելով որևէ երկրի առաջընթացի կարևորագույն երաշխիք և քաղաքակրթության էտալոն:

Որպես «Հաղթանակ» կուսակցության նախագահ համապատասխան հրավերի դեպքում ակնկալում եմ այս թեմայի շուրջ հանդիպել Հայաստանում հավատարմագրված դեսպանների հետ և ավելի մանրամասն ներկայացնել մեր կուսակցության տեսակետները Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության և իրական ժողովրդավարության վերաբերյալ:

Պահանջում ենք Սամվել Վարդանյանի գործի վերաբերյալ ՀՀ ՄԻՊ արագ արձագանքման խմբի եզրակացությունը, և, հաշվի առնելով դեպքի շուրջ բարձրացած հանրային հնչեղությունը նաև հատուկ զեկույց»:




Լրահոս