Հարավային Կովկասի մշակույթի վաստակավոր գործիչ, հայ գրող, արձակագիր, դրամատուրգ Ալեքսանդր Շիրվանզադեի ծննդյան 166-րդ տարեդարձն է: Գրողը, ով 1934 թվականից ԽՍՀՄ գրողների միության անդամ էր, ծնվել է Ռուսական կայսրության ժամանակաշրջանում, Շամախիի նահանգում բնակվող դերձակի ընտանիքում:
Հետաքրքիր փաստ է, որ Շիրվանզադեն, գրող և գրականագետ Կոստան Զարյանն ու դերասան Հովհաննես Աբելյանը երեք քույրերի զավակներ են:
Շիրվանզադե գրողի ստեղծագործական կյանքի վրա ազդեցությունը սկսվել է վաղ տարիքում՝ հատկապես Բաքվում անցկացրած պատանեկության և երիտաարդության տարիներին: Այս տարիները, երբ մի քանի տարի դպրոցում սովորելուց հետո Ալեքսանդրը թողնում է կրթությունն ու մեկնում Բաքու՝ աշխատելու, որպեսզի կարողանա օգնել ընտանիքին, մեծ հետք են թողնում ապագա գրողի ստեղծագործությունների վրա: Այս ընթացքում նա աշխատում է նահանգային վարչության ատյաններում, նավթային գրասենյակներում, զանազան ընկերություններում՝ գրագիր, հաշվապահի օգնականի և հաշվապահի պաշտոնով։ Գրողի ստեղծագործություններում հատկապես նկարագրվում է նավթային աշխարհը:
Այս տարիների ընթացքում իր գրական առաջին քայլերն անող Ալեքսանդրը թղթակցում է հայ և ռուսական մամուլին, գրում հոդվածներ նավթային հարցի և բանվորների դրության մասին։ 1883 թվականին «Մշակ»–ում տպագրվել է Շիրվանզադեի առաջին գեղարվեստական երկը՝ «Հրդեհ նավթագործարանում» պատմվածքը, ապա՝ «Գործակատարի հիշատակարանից» վիպակը։
Նույն թվականին նա մեկնել է Թիֆլիս, որտեղ ծանոթացել է հայ գրողների և մտավորականների հետ։ 1884 թվականին «Արձագանք» շաբաթաթերթում լույս է տեսնում Շիրվանզադեի «Խնամատար» վիպակը, որում ներկայացված է հայ կապիտալիստի կերպարը, ապա 1885 թվականին՝ գավառական քաղաքի կյանքը ներկայացնող «Նամուս» վեպը, որի շնորհիվ էլ երիտասարդ գրողը հայտնիություն է ձեռք բերել:
1886-ից 1891 թվականներին Շիրվանզադեն աշխատում է «Արձագանք»-ում որպես քարտուղար, որտեղ էլ տպագրում է «Ֆաթման և Ասադը» (1888) և «Տասնուհինգ տարի անցած» (1890) նովելները, «Արամբին» (1888) և «Զուր հույսեր» (1890) վեպերը։
Գրողը իր երկերի լավագույն ընտրանին գրում է 1890-ից 1905 թվականներին, երբ վերելք էր ապրում հասարակական-քաղաքական կյանքը:1893 թվականին լույս է տեսնում «Արսեն Դիմաքսյան» վեպը, որն արտացոլում է հայ մտավորական հոսանքների գաղափարական ու բարոյական հակասությունները և գործունեությունը, իսկ 1896 թվականին՝ ուսանողական կյանքին վերաբերող «Կրակ» վիպակը։ Ավելի ուշ գավառական քաղաքի արհեստավորության սոցիալական ու բարոյական ողբերգության պատմությունը շարունակում է «Չար ոգին» վիպակում։
Ստեղծագործական կյանքից բացի Ալեքսանդր Շիրվանզադեն դերակատարում է ունեցել ազգային- հասարակական կյանքում:
1895-ից 1896 թվականներին արևմտահայերի կոտորածների շրջանում Հնչակյան կուսակցությանն անդամակցող Շիրվանզադեն մեկնում է Ռուսաստան՝ նյութական աջակցության միջոցներ հանգանակելու և աշխատանքները կազմակերպելու համար: Հենց այս ընթացքում էլ կալանավորվել է ռուսական ոստիկանության կողմից և բանտարկվել Թիֆլիսի Մետեխի բանտում, որտեղ էլ գրել է իր գլխուրգործոցը՝ «Քաոս» վեպը:
«Չեմ կարող թաքցնել, ինձ թվում է, որ հայոց գրականությանը պետք է մի նոր նշանավոր գործ տամ», – բանտարկության սկզբում ասել է Շիրվանզադեն:
«Քաոս»ը կապիտալիստական մեծ քաղաքի ռեալիստական նկարագրությունն է, որը հայ քննադատական ռեալիզմի ամենախոշոր երևույթն է թե՛ գեղարվեստական և թե՛ գաղափարական առումով։ Վեպում ներկայացվում է մարդկային ողբերգության պատճառներն ու ակունքները, հոգեբանական բարդ երևույթների արտաքին ազդակները և սոցիալական հիմքերը:
Վեպը այնքան մեծ հնչեղություն է ձեռք բերել, որ առ այսօր համարվում է Շիրվանզադեի հաղթաթուղթը: Այն հիմա է հանդիսացել ֆիլմերի, հեռուստատեսային նախագծերի համար:
1898 թվականի հունվարին Շիրվանզադեն երկու տարով աքսորվում է Օդեսա և հենց այս ընթացքում էլ գրում է «Մելանիա» և «Արտիստը» վիպակները, «Վարդան Ահրումյան» վեպի առաջին մասը:
Շիրվանզադեն բացառիկ դեր է խաղացել հայ դրամատուրգիայի և թատրոնի պատմության մեջ։
1905 թվականին մեկնում է Փարիզ և հինգ տարի բնակվում այնտեղ՝ տուրք տալով լիբերալ գաղափարախոսությանը: Սրան հաջորդում է առաջին համաշխարհային պատերազմը, որը խորը հետք է թողնում գրողի վրա և զգալիորեն արտահայտվում նրա հոդվածներում:
Շիրվանզադեի ստեղծագործությունների հիման վրա նկարահանվել են ո՛չ միայն «Քաոս», այլ նաև «Նամուս», «Չար ոգի», «Պատվի համար» կինոնկարները։
Հուրի Բաղդասարյան