ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանն օրերս իր հարցազրույցներից մեկում, անդրադառնալով «Ֆրիդոմ հաուսի» զեկույցում արձանագրված ժողովրդավարական հետընթացին, դա կապել է Արցախից տեղահանվածների խնդիրների հետ՝ ասելով, որ պետական իշխանության մարմինները զբաղված էին տեղահանվածների հարցերով ու դանդաղել են ժողովրդավարություն զարգացնելու հարցում։
ArmLur.am-ի հետ զրույցում Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը, արձագանքելով Հասմիկ Հակոբյանի հայտարարություններին, նկատում է` մինչ 2018թ-ը Արցախը ոչ մի խնդիր չուներ, Հայաստանը՝ առավել ևս, 2020թ-ից հետո՝ իշխանությունների վարած քաղաքականության ադյունքում Արցախը կորավ խնդիրների մեջ.
«Հենց այս իշխանությունների ձեռքով Արցախը հանձնվեց, իրենց նախաձեռնությամբ մենք տեղահանվեցինք մեր հայրենիքից, մեր տներից և հայտնվեցինք հայրենիքի մյուս հատվածում: Այսինքն՝ այս բոլոր խնդիրներն իրենք ստեղծեցին, էլ չեմ ասում, որ Արցախում այլևս չկա ընտանիք, որը զոհ չունենա և վերքերը դեռ թարմ ենք»,-նշում է Մետաքսե Հակոբյանը:
Նրա խոսքով՝ իշխանություններն այն բոլոր խնդրները, որոնք կան Հայաստանում փորձում են բարդել արցախցիների վրա.
«Սա իրենց օրակարգն է, որը բերել են 2018թ-ի իշխանազավթումից հետո, այսինքն՝ այն գլխից խնդիրների մեղավոր էին կարգել Արցախն ու արցախցիներին, հիմա էլ շարունակում են նույն քաղաքականությունը: Եթե այսօր ՀՀ քաղաքացուն ոստիկանական բաժնում ստորացնում են և դա հանրայնացվում է, և իրենք նորից արդարանում են ու մեղքը բարդում են արցախցիների վրա, ի՞նչ կապ ունեն արցախցիները իրենց ագրեսիվ ու ոչ ժողովրդավարական պետության հետ, որևէ կապ չեն կարող ունենալ: Ի՞նչ խնդիրներ են արցախցիների համար լուծել, որը շեղել է իրենց ուշադրությունը ՀՀ խնդիրներից կամ դրանից ժողովրդավարությունը տուժել է, որևէ խնդիր իրենք լուծո՞ւմ են արցախցիների համար: Մեր գլխավոր նպատակը Արցախ վերադարձն է, որը հիստերիա է առաջացրել իշխանությունների մոտ, բայց իրենք որևէ հարց չեն լուծում»,-ասում է Մետաքսե Հակոբյանը:
Քրիստինա Մուշեղյան