Կառավարությունը հաստատել է Դավիթ Գյուրջինյանին Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի պաշտոնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարությունը հաստատեց «Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի ռեկտորի ընտրության արդյունքները:

«Այս որոշման ընդունման անհրաժեշտությունը բխում է բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներից, ըստ որի բարձրագույն ուսումնական հաստատության ռեկտորն ընտրվում է բաց մրցույթի կարգով, ուսումնական հաստատության խորհրդում գաղտնի քվեարկությամբ, 5 տարի ժամկետով: Ռեկտորի ընտրության արդյունքները հաստատում է հիմնադիրը: Բրյուսովի անվան պետական համալսարանի կանոնադրության համաձայն՝ համալսարանի հիմնադիրը ՀՀ-ն է՝ ի դեմս ՀՀ կառավարության: Բուհի կանոնադրության համաձայն՝ ռեկտորի պաշտոնում կարող է ընտրվել ՀՀ գործունակ չափահաս այն քաղաքացին, որն ունի գիտական աստիճան և առնվազն 5 տարվա ակադեմիական և գիտական գործունեության ստաժ: Այս տարվա մարտի 29-ին տեղի է ունեցել Բրյուսովի անվան պետական համալսարանի հիմնադրամի ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթը: Մրցույթն ընթացել է համաձայն կանոնակարգի, և նիստին մասնակցել են խորհրդի 20 անդամներից 18-ը: Փակ գաղտնի քվեարկությանը մասնակցած խորհրդի 18 անդամի կողմ քվեարկության արդյունքում բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Դավիթ Գյուրջինյանն ընտրվել է Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի պաշտոնում հինգ տարի ժամկետով:

Հաշվի առնելով այս հանգամանքը՝ պետք է նշեմ, որ պարոն Գյուրջինյանը արդեն մեկ տարի իրականացնում էր համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները, և այս ընթացքում էլ կարծում եմ, որ շատ հաջողությամբ է իրականացրել աշխատանքը»,- ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

«Նախ ուզում եմ շնորհակալաություն հայտնել Բրյուսովի անվան պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդին՝ նախագահ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանին, ԿԳՄՍ նախարարությանը՝ նախարար Ժաննա Անդրեասյանին, որոնք այդ մեկ տարվա ընթացքում աջակցեցին ինձ համալսարանը դուրս բերելու ճգնաժամից և աջակցեցին նոր ծրագրեր իրականացնելու հարցում: Կարծում եմ, որ առաջիկա տարիների ընթացքում Բրյուսովի անվան պետական համալսարանը պիտի վերադառնա իր նախկին կոչմանը, որն է լեզվաբանական և լեզվահասարագիտական կրթությունը, օտար լեզուների ուսուցումը, և այս անորոշ անունը ժամանակավրեպ է՝ այսօր ուղղակի պետական համալսարան. ոչ տեղորոշված է, ոչ էլ մասնագիտություն կա այս անվան մեջ: Հետագայում ակնկալում եմ լիազոր մարմնի և Կառավարության աջակցությունն այս հարցում նույնպես»,- ասաց համալսարանի ռեկտոր Դավիթ Գյուրջինյանը:

«Իհարկե, Կառավարությունը կաջակցի Ձեր ասած հարցում, և Կառավարությունն էլ Ձեզնից է աջակցություն ակնկալում, որովհետև գիտեք, որ բարձրագույն կրթության ոլորտում մենք բարեփոխումների շատ հավակնոտ ծրագիր ունենք, բայց բացի հավակնոտ ծրագրից՝ մենք կարիք ունենք ամբողջապես և օբյեկտիվորեն հասկանալու բուհական համակարգի կարիքները: Մենք կարող ենք ունենալ որոշակի մոտեցումներ, տպավորություններ, բայց մեզ համար կարևոր է, որ ներսից շահագրգիռ ուղերձներ գան դեպի Կառավարություն, որպեսզի նաև այդ կոմունիկացիան ճիշտ լինի»,- նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:




Լրահոս