2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած ռազմագործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակում, Արցախից բռնի տեղահանված բնակչությանը կենտրոնացված կարգով մշակութային միջոցառումների, նախաձեռնությունների շուրջ համախմբելու, օկուպացված շրջանների բնակչության միջև ներհամայնքային կապերի, ներմշակութային հաղորդակցության, տարիների ընթացքում ստեղծված մշակութային արտադրանքի պահպանման, ինչպես նաև արցախյան մշակույթի պահպանությանն ու հանրահռչակմանն ուղղված միջոցառումների կազմակերպման և արտաքին մշակութային քաղաքականության մեջ արցախյան մշակույթի նպատակաուղղված ներկայացման, Արցախյան հիմնախնդիրը ակտիվ պահելու նպատակով, մեր կողմից նախաձեռնվել և ստեղծվել է «Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» հասարակական կազմակերպությունը: Կազմակերպության հիմնական խնդիրն է՝ պահպանել պատմական բարդ ու դժվար ժամանակներում ստեղծված և տասնամյակների պատմություն ունեցող Արցախի պետական մշակութային կազմակերպությունները:
«Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» հասարակական կազմակերպության շուրջ համախմբվել են բոլոր պետական մշակութային կազմակերպությունները, որոնց հետագա գործունեության ապահովման խնդիրը միաժամանակյա լուծելու նպատակով մեր կողմից նախաձեռնվել է իրականացնել հեռուստամարաթոն։ Այն հնարավորություն կտա արցախյան մշակույթի պահպանմամբ մտահոգ մարդկանց` իրենց ներդրումն ունենալ այս կարևոր գործում: Հանգանակությունը պետք է նպատակաուղղվի Արցախի մշակութային կազմակերպությունների պահպանմանը, նրանց գործունեության ապահովմանը, արցախյան մշակույթի տարածմանն ու հանրահռչակմանը:
Նշված ծրագրի իրականացման արդյունքում Արցախից բռնի տեղահանված մշակույթի ոլորտի թվով 500 աշխատողներ կապահովվեն աշխատանքով, կլուծվի նրանց զբաղվածության հարցը, իսկ իրենց ընտանիքի անդամները, համայնքը, հազարավոր արվեստասերներ կդառնան ծրագրի անուղղակի շահառուներ:
«Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից հայտարարված «Փրկենք՝ վաղվա համար» խորագրով համահայկական հեռուստամարաթոնի մեկնարկը տրվել է սույն թվականի փետրվարի 20-ին: Կազմակերպության հիմնական խնդիրն է՝ պահպանել պատմական բարդ ու դժվար ժամանակներում ստեղծված և տասնամյակների պատմություն ունեցող Արցախի պետական մշակութային կազմակերպությունները:
Մարաթոնի արդյունքներն ամփոփելու ենք ապրիլի 20-ին:
Նախաձեռնությանը այս փուլում արդեն իսկ իրենց աջակցությունն են հայտնել Հայ առաքելական եկեղեցին, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը և բազմաթիվ կազմակերպություններ: