Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. նա  պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուբեն Վարդանյանի գրասենյակը հայտջարարություն է տարածել․ «Ապօրինաբար կալանավորված բարերար Ռուբեն Վարդանյանի ընտանիքն այսօր հայտարարել է, որ Վարդանյանը հացադուլ է հայտարարել՝ պահանջելով անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել իրեն և Բաքվում ապօրինաբար պահվող մյուս հայ բանտարկյալներին։

Հացադուլը նա սկսել է 2024 թ. ապրիլի 5-ին, որը հաջորդել է միջազգային իրավական չափանիշներին համապատասխան, ժամանակին և արդար ու թափանցիկ դատավարություն ապահովելու վերաբերյալ Վարդանյանի և նրա փաստաբանի բազմաթիվ դիմումներին։ Հատկանշական է, որ հացադուլն սկսելուց հետո դադարեցվել են ընտանիքի հետ նրա հեռախոսազանգերը՝ բացահայտորեն խախտելով միջազգային իրավունքի բոլոր նորմերը։ Հարկ է նշել, որ հունվարին սպասվող դատաքննությունն առանց պատճառի տեղափոխվել է մինչև մայիս:

Անցած տարի սեպտեմբերին ապօրինի ձերբակալված Ռուբեն Վարդանյանին  և Արցախի Հանրապետության  ևս 7 նախկին ու ներկա պաշտոնյաների  առաջադրվել են շինծու մեղադրանքներ քաղաքական դրդապատճառներով: Նրանք բոլորը քաղբանտարկյալ են։

«Խորապես մտահոգված եմ հորս առողջությամբ և վիճակով:  Ավելի քան 200 օր մենք  չենք  տեսել  նրան: Ապրիլի 5-ից՝ հացադուլն սկսելուց ի վեր, նրա հետ բացարձակապես կապ չենք ունեցել»,- ասել է Դավիթ Վարդանյանը՝ Ռուբեն Վարդանյանի ավագ  որդին։

Վարդանյանի հացադուլը համընկնում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի հետ՝ ցույց տալով, թե ինչպես են հայերը շարունակում ենթարկվել էթնիկ զտումների և մինչև օրս դառնում հետապնդման թիրախ։

Ռուբեն Վարդանյանը չորս երեխաների հայր է։ Նա նաև ազդեցիկ գործարար է, սոցիալական ձեռներեց ու բարերար: Ամբողջ աշխարհից իր գործընկերների հետ նա ավելի քան 1,5 միլիարդ դոլար է ներդրել տնտեսական զարգացման ոլորտում, մարդասիրական նախաձեռնություններում և համաշխարհային կրթական  ծրագրերում:

2022 թ. նոյեմբերից մինչև 2023 թ. փետրվարը Արցախի Հանրապետության պետնախարարի պաշտոնը զբաղեցնող Ռուբեն Վարդանյանին կեղծ մեղադրանքներ են առաջադրվել: Նրա պահման պայմանները խախտում են միջազգային իրավունքի բոլոր նորմերը։ Նրան սպասվում է դատավարություն, որը չի համապատասխանելու միջազգային չափանիշներին՝ հատկապես միջազգային դիտորդների համար դատավարության ու ընթացակարգերի մատչելիության առումով:

Ի լրումն դրա, Ռուբեն Վարդանյանի գործն առանձնացվել է մյուս յոթ քաղբանտարկյալների գործերից՝  հարց առաջացնելով հատկապես նրա՝  քաղաքականապես թիրախավորված լինելու վերաբերյալ։

«Ռուբենի և Արցախի մյուս նախկին ղեկավարների ապօրինի կալանավորումը մարդու իրավունքների և միջազգային արդարադատության համակարգի կոպտագույն խախտում է, և  դրան պետք է վերջ դրվի: Այս ամբողջ իրադրության զավեշտն այն է, որ Ադրբեջանը, ՄԱԿի կլիմայի փոփոխության կոնֆերանսը՝ COP 29-ը հյուրընկալելով, անամոթաբար փորձում է «մաքրագործել»  իր միջազգային համբավը։ COP-ը մեծ ուշադրություն է դարձնում կլիմայի փոփոխության և մարդու իրավունքների փոխկապակցվածությանը, մինչդեռ նրանք, ակնհայտորեն, երկուսն էլ չարաշահում են»,– ասել է  ՄԱԿ-ի Գլոբալ պայմանագրի փոխնախագահ, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության Ընտրող հանձնաժողովի անդամ Փոլ Փոլմանը։

Ռուբեն Վարդանյանի ընտանիքը պահանջում է.

  1. Անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել ապօրինաբար կալանավորված բոլոր հայ բանտարկյալներին, այդ թվում՝ Ռուբեն Վարդանյանին։
  2. Ապօրինի դատավարությունները կայանալու դեպքում դրանք պետք է տեղի ունենան մինչև մայիսին բանտարկյալների կալանքի ժամկետների լրանալը, պետք է համապատասխանեն համաշխարհային իրավական չափանիշներին, և միջազգային դիտորդներին ու լրատվամիջոցներին պետք է թույլատրվի մասնակցել դրանց:
  3. Ադրբեջանի կառավարությունը պետք է անհապաղ մուտքի հնարավորություն տա Միջազգային կարմիր խաչին՝ Ռուբենի և մյուս բանտարկյալների վիճակը գնահատելու համար։ Պետք է վերականգվի Ռուբեն Վարդանյանի հետ ընտանիքի հեռախոսակապը։
  4. Հայաստանի և Ադրբեջանի միջև ցանկացած խաղաղ համաձայնագիր պետք է ներառի բոլոր հայ բանտարկյալների ազատ արձակումը:
  5. COP 29-ը չպետք է տեղի ունենա Ադրբեջանում՝ առանց նշված քայլերի իրագործման:




Լրահոս