Ինչպես նշվում է Քորնելի համալսարանի Caucasus Heritage Watch հետազոտական նախաձեռնության հայտարարությունում՝ Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին այլևս չկա, այն հիմնահատակ քանդվել է, և նշվում է, որ Շուշիի 177-ամյա հուշարձան Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին ավերելով՝ Ադրբեջանը կոպտորեն խախտել է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշումը:
ArmLur.am կապ հաստատեց փաստաբան Միհրան Պողոսյանի հետ՝ հասկանալու համար, ի՞նչ պատիժ է սպասվում Ադրբեջանին՝ դատարանի որոշումը խախտելու համար, վերջինս պատասխանեց, որ ՄԱԿ-ի քրեական դատարանի որոշմամբ պետք է սահմանված լինի պատժամիջոցները, բայց կարծում է, որ նաև Հայաստանի քրեական օրենսգրքում նախատեսված կլինեն հոդվածներ, որոնցով որ պատասխանատվություն է նախատեսվում նման գործողություններ կատարելը՝ մշակութայի օջախների ոչնչացնելու համար:
«Ամեն դեպքում ինչ էլ որ սահմանված լինի, կարևոր է թե արդյո՞ք պահանջատիրություն կա: Եթե պահանջատիրությունը պետության առումով Հայաստանի իշխանության կողմից ես չեմ տեսնում, բնականաբար որևէ պատասխանատվության չեն ենթարկվելու այդ կատարած գործողությունների համար: Դա ավելի շատ քաղաքական հարց է, նրանք պետք է հետամուտ լինեն կատարված գործողությունների համար պատասխանատվության ենթարկելու, բայց ինչպես տեսնում ենք մեր քաղաքական իշխանություններին այդ հարցերը չեն հետաքրքրում: Եթե պահանջատիրություն չլինի, բնականաբար կմնա անպատիժ»-ասաց փաստաբանը:
Հիշեցնենք, որ 2021 թվականի դեկտեմբերի 7-ի վճռով դատարանն Ադրբեջանին պարտավորեցրել է ապահովել 2020 թվականի հակամարտության հետ առնչություն ունեցող գերեվարված բոլոր անձանց անվտանգությունը, ձեռնարկել բոլոր քայլերը՝ կանխելու ռասսայական ատելության և խտրականության հրահրումը, կանխելու և պատժելու վանդալիզմի դրսևորումները հայկական մշակութային ժառանգության նկատմամբ։
Էմմա Մարտիրոսյան