
ԱՄՆ պետքարտուղարությունը պատասխանել է Ադրբեջանի պետական լրատվական գործակալության հարցմանը Բրյուսելում ԱՄՆ-Եվրամիություն-Հայաստան եռակողմ հանդիպումից հետո ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված թղթի վերաբերյալ:
Արտաքին քաղաքական գերատեսչությունից շեշտել են՝ դա ապատեղեկատվություն է, հանդիպման օրակարգում անվտանգային հարցեր չեն եղել, ուշադրություն հրավիրել ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման ավարտին ընդունված մամուլի հաղորդագրության վրա:
«Բրյուսելյան հանդիպումը կենտրոնացել է միայն Հայաստանի տնտեսական դիմակայունության վրա, որը փորձում է դիվերսիֆիկացնել առևտրային գործընկերությունը և բավարարել իր մարդասիրական կարիքները, այդ թվում՝ աջակցելով Հայաստանում ընթացող բարեփոխումներին այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ժողովրդավարությունը և օրենքի գերակայությունը»,- նշված է ԱՄՆ դիվանագիտական գերատեսչության պատասխանում:
Ավելի վաղ Հայաստանի ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը ևս հերքել է տեղեկությունները, թե Բրյուսելյան հանդիպումը գաղտնի օրակարգ է ունեցել:
Ադրբեջանական ԶԼՄ-ները հրապարակել էին «փաստաթուղթ», որն իբրև ընդունվել է ապրիլի 5-ին Բրյուսելում և ուղղված է Հայաստանի պաշտպանունակության և անվտանգության ամրապնդմանը: