ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻՆ ՍՏԻՊԵՑԻՆ «ՓՈՇՄԱՆԵԼ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՔՊ խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանն իր թիմակիցների հորդորով է իրավապահներին դիմել՝ իր հետ վեճի բռնված քաղաքացուն՝ Սամվել Վարդանյանին պատժելու համար:

Այսպիսով, երեկ ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի եւ քաղաքացի Սամվել Վարդանյանի մասնակցությամբ երթուղայինում տեղի ունեցած վիճաբանությունը մեծ աղմուկ է բարձացրել:

Միջադեպից անմիջապես հետո ArmLur.am-ը կապ էր հաստատել պատգամավորի հետ՝ մանրամասներ պարզելու, նաեւ հետաքրքրվել էինք նրանից՝ արդյոք պատրաստվում է ոստիկանություն դիմելու եւ քաղաքացուն պատասխանատվության ենթարկելու.

«Ո՛չ, նա ո՞վ է, նա ո՞վ է, որ դիմեմ ոստիկանություն» բարկացած նետել էր իշխանական պատգամավորը:

Բայց, ժամեր անց իրավիճակ է փոխվել:

Գրեթե բոլոր ՔՊ-ականները, Ալեն Սիմոնյանի եւ Արթուր Հովհաննիսյանի գլխավորությամբ, «խիստ դատապարտեցին» միջադեպը եւ ձեռքի հետ էլ հստակ ուղղորդումներ տվեցին իրավապահներին, որ քաղաքացի Սամվել Վարդանյանին պատասխանատվության ենթարկեն:

Միջադեպին առաջինն արձագանքեց Ալեն Սիմոնյանը.

«Այսօր մի ոչնչություն իրեն թույլ է տվել խուլիգանական արարք հանրային տրանսպորտով երթեւեկող ՀՀ ԱԺ պատգամավոր 69-ամյա Հակոբ Ասլանյանի նկատմամբ, ով, ի դեպ, երեք պատերազմի մասնակից է:

Այս խուլիգանական արարքը շատ արագ արժանանալու է օրենքի ամենախիստ արձագանքին, թող հանկարծ որեւէ մեկը չկասկածի»,-տելեգրամի իր ալիքում գրել էր նա:

Այնուհետեւ նրան միացավ ՔՊ խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը. «Խստորեն դատապարտում եմ ԱԺ պատգամավոր Հակոբ Ասլանյանի նկատմամբ կատարված ակնհայտ խուլիգանությունը: Վստահ եմ` իրավապահ մարմինները րոպե առաջ կգտնեն մեղավորին»:

Ահա իր թիմակիցների բարձրացրած աղմուկից ու ցուցումներից հետո ՔՊ-ական Հակոբ Ասլանյանը, որը սկզբում հարկ չէր համարում դիմել ոստիկանություն, գնացել ու դիմում է ներկայացրել՝ ընդդեմ Սամվել Վարդանյանի, ինչից հետո վերջինս առայժմ 72 ժամով ձերբակալվեց:

Այսինքն՝ ՔՊ-ական պատգամավորը ոչ թե իր մտքով ու ցանկությամբ է գործել այս դեպքում, այլ իր թիմակիցների ուղղորդմամբ. տեսնենք՝ քննությունն ինչ ընթացք կունենա: Համենայնդեպս, քննչական կոմիտեին քաղաքական պատվերը իջել է հրապարակային կերպով:

 

 

 

«Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման եւ սահամանագծման գործընթացում մեզ համար հիմք է հանդիսանում Ալմաթիի հռչակագիրը, որը ստորագրվել է երկու երկրների կողմից»: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան հայտնել են Հայաստանում Եվրամիության դեսպանությունից: «Ժողովուրդ» օրաթերթը Տավուշի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ դիրքորոշում ստանալու համար դիմել էր ՀՀ-ում ԵՄ առաքելության գրասենյակ: Ապրիլի 5-ին ՀՀ-ում ԵՄ  դեսպան Վասիլիս Մարագոսիին խնդրել էինք պատասխանել հետեւյալ հարցերին՝ թե ո՞ր թվականի քարտեզներն է միջազգային հանրությունը համարում լեգիտիմ եւ առաջարկում սահմանազատումն իրականացնել այդ քարտեզներով, ինչո՞ւ դեսպանը, որպես միջազգային հանրության կարկառուն ներկայացուցիչ, չի գործադրում ջանքեր, որպեսզի Ադրբեջանը, որ 2021 թվականից օկուպացրել է ՀՀ ինքնիշխան տարածքները Սյունիքի, Գեղարքունիքի եւ Ջերմուկի հատվածներում, հետ քաշվի: Եթե գործադրում է ջանքեր, ապա ինչո՞ւ չկա հաջողություն: ՀՀ վարչապետը մարտի 18-ին՝ Տավուշի մարզում բնակիչների հետ հանդիպման ժամանակ, հայտարարել էր, որ եթե 1 շաբաթվա ընթացքում սահմանազատման գործընթացը չսկսվի, այսինքն՝ տարածքները չհանձնվեն, ապա պատերազմ է սկսվելու: Դեսպանն ի՞նչ տեղեկություն ունի. արդյո՞ք պատերազմը անխուսափելի է, եւ եթե հարձակում լինի ՀՀ-ի վրա, ինչպե՞ս կարձագանքի դրան միջազգային հանրությունը: Մեր այս հարցերին ի պատասխան  ՀՀ-ում ԵՄ դեսպանությունից տվել են հետեւյալ պատասխանը. «Հայաստանն ու Ադրբեջանը հանդիսանում են 1991 թվականի Ալմաթիի հռչակագրի ստորագրող կողմեր, որով 11 Խորհրդային Հանրապետությունները հայտարարել են, որ նրանց վարչական սահմանները կարող են լինել եւ նրանց միջազգային սահմանները: Այս հանձնառությունը վերահաստատվել է վարչապետ Փաշինյանի եւ նախագահ Ալիեւի կողմից 2022 թվականին Պրահայում: Սա նաեւ հիմքն է ԵՄ-ի կողմից այս երկրներից յուրաքանչյուրի ճանաչման համար։

Վարչական սահմանը երբեք միջազգային սահման չի հանդիսացել. ուստի, անհրաժեշտ է այն սահմանազատել ու սահմանագծել պատշաճ կերպով, բայց մեզ համար հիմք է Ալմաթիի հռչակագիրը, որը ստորագրվել է երկու երկրների կողմից:

Ինչպես գիտեք՝ ԵՄ-ն ակտիվորեն ներգրավված է խաղաղության կարգավորման գործընթացում, նախ՝ նախագահ Միշելի մակարդակով հրավիրվող առաջնորդների հանդիպումների միջոցով, ինչպես նաեւ ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի կողմից կողմերի հետ իրականացվող ամենօրյա աշխատանքի միջոցով, իսկ ինչ վերաբերում է սահմանազատմանը, ապա հստակ է, որ դա արվում է երկկողմ մակարդակում, եւ մենք աջակցում ենք միջազգային իրավունքի դրույթներին եւ Ալմաթիի հռչակագրին համահունչ լուծումներին:

Այս գործընթացում, բնականաբար, պետք է քննարկվեն բոլոր տարածքները, ներառյալ նրանք, որտեղ ադրբեջանական ստորաբաժանումները գտնվում են, եւ որոնք եղել են Հայկական ԽՍՀ-ի կազմում, ինչպես նաեւ այն տարածքները, որտեղ հայկական ստորաբաժանումները գտնվում են, եւ որոնք եղել են Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմում եղած տարածքում։

ԵՄ-ն մշտապես ընդգծել է ցանկացած սպառնալիքից զերծ մնալու, ինչպես նաեւ Հայաստանի ու Ադրբեջանի կողմից չլուծված բոլոր խնդիրները բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու անհրաժեշտությունը։ Վերջերս այդ մասին ԵՄ-ի անունից ընդգծել է նաեւ Փիթեր Ստանոն»։

 

 

 

«Freedom House» իրավապաշտպան միջազգային կազմակերպությունը հրապարակել է տարեկան հերթական զեկույցը, որով ՀՀ դատական համակարգը 1-ից 7 բալային համակարգի սանդղակով գնահատել է 2.75 միավորով։ Եթե հաշվի առնենք զեկույցը, եւ հիմք ընդունենք դատաիրավակա ոլորտի լուսաբանումները, որոնք փաստում են անկախ եւ կարծիք հայտնած դատավորների դեմ գործողությունները, ապա կարող ենք ասել, որ այս թիվը արդարացված է։ Ականատես ենք եղել դատավորների պաշտոնանկության դեպքերից մինչեւ նրանց ճնշումներին՝ ազատ կարծիք ունենալու «պատճառով»։ «Freedom House»-ի զեկույցում մասնավորապես ասվում է. «Արդարադատության նախկին նախարար, «Քաղաքացիական պայմանագրի» անդամ Կարեն Անդրեասյանի՝ 2022 թվականին Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) ղեկավար ընտրվելուց հետո նրա՝ իբրեւ նախագահի պաշտոնավարումը նշանավորվել է մի քանի դատավորների նշանակման եւ ազատման վերաբերյալ վիճահարույց որոշումներով։ Հատկապես մտահոգություններ կան ՍԴԽ-ի անկախությունը կասկածի տակ դրած դատավորների, ինչպես նաեւ նախկին վարչակարգի հետ առնչվող դատավորների նկատմամբ կարգապահական կամ այլ կերպ կիրառվող միջոցների վերաբերյալ: Մինչդեռ անկողմնակալության եւ անկախության կասկածելի փորձ ունեցող «հավատարիմ» դատավորները շահագրգռված են կատարել իշխանության անհագ ցանկությունները: Հայաստանի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից իր անձեռնմխելիության ստուգման բացասական արդյունք ստացած եւ քաղբանտարկյալներին դատապարտելու պատմություն ունեցող Մնացական Մարտիրոսյանի նշանակումը Երեւանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահի պաշտոնում առաջացրեց Հայաստանի իրավապաշտպան հանրության արձագանքը։ Դատավոր Դավիթ Հարությունյանն ազատվել է աշխատանքից այն բանից հետո, երբ քննադատել է արդարադատության նախարարությանը եւ ԲԴԽ-ին, ինչը վերջիններս մեկնաբանում են որպես դատավորների վարքագծի կանոնների խախտում եւ քաղաքական ներգրավվածության արգելք՝ ամրագրված դատական օրենսգրքի 69-րդ եւ 159-րդ հոդվածներով։ 2023 թվականի ընթացքում հասարակական դիտորդները ահազանգել են ոստիկանության եւ այլ իրավապահ մարմինների կողմից քաղաքացիների նկատմամբ բռնության դեպքերի աճի մասին, մասնավորապես՝ ոստիկանության բաժանմունքներում երեք փաստաբանների նկատմամբ բռնության դեպքերի վերաբերյալ, երբ նրանք ներկայացնում էին իրենց հաճախորդներին ոստիկանության բաժիններում, եւ սա այն բանից հետո, երբ նախորդ տասնամյակում նման դեպքեր չեն եղել: Դիտորդները նաեւ հայտնել են ոստիկանության աշխատակիցների կողմից կալանավորների նկատմամբ ֆիզիկական եւ մտավոր բռնության դեպքեր»: Առանձնացնելով այս հատվածները բազմատող զեկույցից՝ նկատում ենք, որ այն ամենը, ինչի վրա իշխանությունը աչք է փակում միջազգային հանրության կողմից ստանում է պատշաճ պատասխան՝ դատապարտելով դատավորների հանդեպ ճնշումներն ու քաղաքացիների հանդեպ իրականացրած բռնությունը։

 

 

 

 

Այսօր որոշվում է, թե ովքեր են այն երեք դատավորները, որոնք կգնան Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ այսօր Վճռաբեկ դատարանում կրկին հավաքվելու են Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադեւոսյանը, սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը եւ այլ պաշտոնյաներ, որպեսզի, ի վերջո, վերջնական որոշեն, թե ովքեր են այն երեք լավագույն թեկնածուները, որոնց տվյալները ուղարկվելու են Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ մրցույթի ավարտից հետո՝ 11-րդ օրը, ժամանակ էր տրվել հանձնաժողովի անդամներին իրենց մեջ ամփոփել մրցույթը, գնահատել մասնակիցներին, թե 7 թեկնածուներից ովքեր են լավագույն երեքը, որ կգնան ՄԻԵԴ: Արդյունքում՝ հանձնաժողովի անդամները իրենց գնահատականները ունեն եւ այսօր կհավաքվեն ու երեկոյան պարզ կլինի, թե ովքեր են այն 3 լավագույնները, որոնք կգնան ՄԻԵԴ: Վերջում գնդակը եվրոպական դատարանի դաշտում կլինի. այնտեղից է վերջնականապես որոշվելու եռյակից մեկն ու նշանակվելու Հայաստանից ՄԻԵԴ դատավոր։

Հիշեցնենք, որ 2019 թվականին Աննա Մարգարյանը ներկայացվել էր ԱԺ՝ որպես ԲԴԽ թեկնածու, որին Ազգային ժողովում այդպես էլ չընտրեցին:

Նշենք, որ Հայաստանից ՄԻԵԴ դատավորի պաշտոնի համար մրցակցում են

  1. Հայկ Ալումյանը
  2. Լիզա Գրիգորյանը
  3. Վահե Գրիգորյանը
  4. Նորա Կարապետյանը
  5. Արմեն Մազմանյանը
  6. Աննա Մարգարյանը
  7. Վիգեն Քոչարյանը

 

Սպասենք որոշման արդյունքներին:

 

 




Լրահոս