Ի՞ՆՉ ԵՆ ԱՍՈՒՄ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ հայտնի դարձավ, որ տրանսպորտում ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի եւ քաղաքացու միջեւ վիճաբանություն է տեղի ունենում:

 

ArmLur.am-ի հետ զրույցում պատգամավորը հայտնեց, որ միջադեպը քիչ առաջ է տեղի ունեցել. ինքը ԱԺ-ից գնում էր բժշկական կենտրոն՝ հերթական ստուգումների, եւ երթուղայինում կատարվել է միջադեպը:

ArmLur.am-ը այս ամենի վերաբերյալ զրուցել է Հակոբ Ասլանյանի հետ:

-Պարո՛ն Ասլանյան, ինչպե՞ս սկսվեց վիճաբանությունը, ի՞նչ կատարվեց:

-Ես գնում էի բժշկական կենտրոն. արդեն պատրաստվում էի իջնել երթուղայինից, մի երիտասարդ՝ իմ կողքին կանգնած, սկսեց անիմաստ խոսել, վիրավորել: Ես հրեցի, նրա հեռախոսն ընկավ ձեռքից, բայց հետո նորից հեռախոսը վերցրել, իրեն եմ վերադարձրել:

-Ճանաչո՞ւմ էիք այդ երիտասարդին:

-Ոչ, չեմ էլ ճանաչում: Պարզ երեւում էր, որ ինքը վարձու է. չէր կարող այդ տարիքի քաղաքացին քաղաքական գաղափարներ ունենալ: Երիտասարդը հատուկ հեռախոսը միացրեց, նոր սկսեց շոու անել, որ նկարի ու իր տերերին ցույց տա:

Իր նմանները չեն հասկանում՝ ինձ չեն կարող վախեցնել, որ տանից դուրս չգամ:

Այս քաղաքը իմ քաղաքն է, ես լիարժեք քաղաքացի եմ ու իրավունք ունեմ գնալու, ուր ուզում եմ:

Միջադեպից հետո միանգամից իջա երթուղայինից, որպեսզի կռվը չշարունակվի:

 

Հ.Գ.

Նշենք, որ այս առիթով ArmLur.am-ին հաջողվեց նաեւ զրուցել այն երիտասարդի հետ, ում հետ տեղի էր ունեցել վերոնշյալ միջադեպը:

Երթուղայինում ՔՊ խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ վիճաբանության բռնված քաղաքացին Սամվել Վարդանյանն է, որը նախորդ տարի ապրիլին նորից հայտնվել էր նմանատիպ դեպքի էպիկենտրոնում: Նա փողոցում Նիկոլ Փաշինյանին հանդիպելիս բղավել էր՝ «Նիկոլ, դավաճան» և դրա համար ձերբակալվել էր ու հեռացվել աշխատանքից:

ArmLur.am-ի հետ զրույցում Սամվել Վարդանյանը մանրամասներ պատմեց Հակոբ Ասլանյանի հետ ունեցած վիճաբանությունից:

«Ես հանրային պարսավանքի ինստիտուտն եմ աշխատեցրել. իմ արածը չէի բնութագրի «վիրավորական արտահայտություններ անել»:

Նա իշխանական պատգամավոր է, ես քաղաքացի եմ, որն ունի քաղաքացիական դիրքորոշում տալու իրավունք՝ իր երկրում տեղի ունեցող իրադարձություններին, ինչպես նաեւ իշխանությունների քայլերի, խոսքերի վերաբերյալ: Ես ընդամենը ասել եմ այն, ինչ մտածել եմ, իմիջիայլոց, նա այնպես հարվածեց ինձ, որ հեռախոսս ու դրամապանակս տարբեր կողմեր շպրտվեցին, ինքը ոտքերով էլ փորձում էր ինչ-որ բան անել իջնելիս: Ես միայն վերբալ արտահայտություններ եմ հնչեցրել, բայց նրան չեմ հարվածել»,-ասաց քաղաքացին:

ArmLur.am-ի հետ զրույցում, քաղաքացին, արձագանքելով պատգամավորի մեղադրանքներին, թե ինքն ինչ-որ քաղաքական ուժերի դրդմամբ է նման գործողությունների գնացել,  ասաց.

«Կարող եմ բարձրաձայն միայն ծիծաղել, քանի որ իմ գործունեությունը հանրային է եղել, ես ինչ-որ ուժերի հետ երբեք չեմ ասոցացվել: Ենթադրենք՝ ժամանակին ստորագրել եմ «Հայաքվե» նախաձեռնության հայտարարության տակ, կամ ինչ-որ կուսակցություն հանրահավաք է արել, ես՝ որպես քաղաքացի, մասնակցել եմ, դա նշանակում է, որ ես կուսակցակա՞ն եմ»,-ասաց Սամվել Վարդանյանը:

Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ

 

 

 

 

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԽԱԲԵԼ Է

16.09.2019թ., մամուլի ասուլիսում Նիկոլ Փաշինյանը 100 փաստ ներկայացրեց «Նոր Հայաստանի» մասին:

 

Ներկայացնելով փաստ 77-ը, հայտարարեց, որ Արարատյան դաշտում իրականացվել են 13 խորքային հորերի փականային ռեժիմի բերման աշխատանքներ, ինչի արդյունքում խնայվել է շուրջ 880 լ/վրկ ջրաքանակ: Այնուհետեւ՝ մեկ տարի անց, փաստ 83-ի շրջանակներում հայտարարեց, որ 2019 թվականին ջրային ռեսուրսների կառավարման արդյունավետության բարձրացման ուղղությամբ իրականացված աշխատանքների շրջանակում Արարատի եւ Արմավիրի մարզերում իրականացվել են 8 խորքային հորի լուծարման եւ 43-ի կոնսերվացման աշխատանքներ։ Ջրօգտագործողների միջոցների հաշվին կոնսերվացվել է եւս 28 խորքային հոր։ Փականային ռեժիմի է բերվել 20 խորքային հոր։ Խնայվել է 3,017.8 լ/վրկ ջրաքանակ:

Իրականում, սակայն, Արարատյան դաշտում այժմ առկա են շուրջ 1000 տիրազուրկ հորեր, որոնց միջոցով Հայաստանից ջուրը հոսում է Թուրքիա։ Այս տեմպերով խորքային հորերի կոնսերվացմանը կպահանջվի տասնյակ տարիներ։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Կառավարությունը խորհդային հորերը կոնսերվացնելու փոխարեն ձկնաբույծների մասով է խնայողություն անում՝ նրանցից պահանջելով անցնել փակ շրջանառու համակարգի։ Ձկնաբույծներն արդեն մի քանի բողոքի ակցիաներ են արել, սակայն ապարդյուն։ Տնտեսվարողները պնդում են, որ այս ամենի արդյունքում իրենց գործունեությունը կդառնա անհնար:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

ԿԱՆԱԴԱՑԻ  ՓՈՐՁԱԳԵՏԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Հայաստանում ԵՄ առաքելությունն ընդունել է կանադացի փորձագետին:

«Ուրախ ենք ողջունել կանադացի առաջին փորձագետ Ալեքսանդր Գրուշեւսկուն ԵՄ առաքելությունում: Կանադան առաջին ոչ եվրոպական պետությունն է, որը օգնություն է տրամադրում առաքելությանը: Շնորհակալություն արժեքավոր համագործակցության համար»,- ասված է առաքելության X-ի միկրոբլոգում:

 

 

 

ՆՈՐ ԽԺԴԺՈՑՆԵՐ՝ ԱԺ-ՈՒՄ

Իշխանության ներսում տարբեր օղակների միջեւ պայքարի հետաքրքիր դրսեւորումների ենք ականատես լինում պարբերաբար։

Այս անգամ Հայաստանի Հանրապետության ԱՆ ՔԿԾ-ն որոշել է «տակառ գլորել» Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ուղղությամբ։ Մասնավորապես, ՔԿԾ-ն այսօր հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով, որ ««Վանաձոր» ՔԿՀ-ում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի բուժքույրը փորձել է բջջային հեռախոսներ եւ այլ արգելված իրեր փոխանցել» (լուրը տե՛ս «Ժովովուրդ» օրաթերթի սույն համարի 4-րդ էջում)։

Ուշադրություն դարձրեք վերնագրին, որտեղ շեշտվում է առողջապահության նախարարության անունը, ինչը, թերեւս, պատահական չէ։ Կարող էին, իհարկե, գրել, որ բուժքույրը հեռախոսներ է փորձել փոխանցել։ Բայց ոչ, շեշտել են նախարարության անունը։ Սա պատահական չէ, որովհետեւ իշխանական ճամբարում տարբեր թեւեր միմյանց դեմ են պայքարում, իհարկե, ներքին կարգով, բայց նաեւ քիչ-քիչ ակնհայտ։

 

 

 

Ի՞ՆՉ Է ԱՍԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ ՆԱԽԱՐԱՐԸ

Ուզբեկստան կատարած այցի ընթացքում Ադրբեջանի արտաքին գետատեսչության ղեկավար Ջեյհուն Բայրամովը խոսել է հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի մասին:

«Կարեւոր է, որ Հայաստանը դրական արձագանքի տարածաշրջանում խաղաղության հաստատման ուղղությամբ Ադրբեջանի ջանքերին»,- ասել է նախարարը:

ԱՊԱ ադրբեջանական լրտավական գործակալության փոխանցմամբ, այդ մասին նա ասել է իր ելույթում, որով հանդես է եկել Տաշքենդում գումարված Պարսից ծոցի համագործակցության խորհրդի եւ Կենտրոնական Ասիայի երկրների միջեւ ռազմավարական երկխոսության երկրորդ նախարարական հանդիպումը:

Ենթադրվում է, որ այդ համաժողովի ավարտին կընդունվի համատեղ հայտարարություն։

 




Լրահոս