ՄԵՔԵՆԱՅԻ ԱՐԳԵԼԱԿՆԵՐԸ ՉԵՆ ԱՇԽԱՏԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի ձեռքում է հայտնվել ՊՆ «Ուրալ»-ի վթարի դեպքով տեսանյութը, թե մեքենան ճանապարհի որ հատվածից է կոցրել կառավարումը ու երբ է մեքենայից յուղ սկսել հոսել, որից հետո սկսել է գլորվելով ընկնել ձորը:

 

Հայտնել էինք, որ մեզ հասած լուրերի համաձայն՝ վարորդն աղմուկ է բարձրացրել, որ արգելակները չեն աշխատում։

«Ուրալ»-ում սկսվել է խառնաշփոթ ու արդյունքում մեքենան վթարի է ենթարկվել։

Այս պահին իրավապահները դեռ չեն հարցաքննել վիրավորներին, քանի որ նրանք այն վիճակում չեն գտնվում, որ կարողանան դեպքը նկարագրել:

«Ուրալ»-ի վթարի հետեւանքով մահացած զինվոներն էին

Էդուարդ Համլետի Հարությունյան (1974 թվականին ծնված),

Գագիկ Վարազդատի Մանուկյան (1982 թվականին ծնված),

Արսեն Գագիկի Համբարձումյան (1979 թվականին ծնված),

Հրաչյա Թալիշի Հովհաննիսյան (1957 թվականին ծնված)։

Քնչական կոմիտեն հայտնել էր, որ ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներին տեղափոխող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարի, դրա հետեւանքով 4 զինծառայողների մահվան եւ մի շարք զինծառայողների տարբեր աստիճանների վնասվածքներ ստանալու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 9-րդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 538-րդ հոդվածի 4-րդ մասի (Մարտական, հատուկ կամ տրանսպորտային մեքենա վարելու կամ շահագործելու կանոն խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

 

ԽՈՒՍԱՓԵԼ Է ՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՎԱՔԻՑ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Ղարիբ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա, լինելով պահեստազորի առաջին կարգի առաջին խմբում հաշվառված շարքային կազմի պահեստազորային, կոչումով շարքային, ՀՀ կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 7-ի թիվ 1496-Ն որոշման հիմքով ներգրավված է եղել 2023 թվականի հոկտեմբերի 3-ից մինչեւ նույն ամսվա 27-ը կայանալիք 25 օրյա վարժական հավաքներին, անցել համապատասխան բուժզննում, ճանաչվել է պիտանի զինվորական ծառայության համար, ստացել է համապատասխան ծանուցագիրը, սակայն 2023 թվականի հոկտեմբերի 3-ին չի ներկայացել ՀՀ ՊՆ Զ եւ ԶՀԾ Լոռու մարզի ստորաբաժանման Սպիտակի բաժանմունք, որից հետո ընդգրկվել է հոկտեմբերի 4-ին: Այնուհետեւ նույն ամսվա 5-ին վարժական հավաքներին ուղարկվողների խումբի հետ նա եւս չի ներկայացել ՀՀ ՊՆ Զ եւ ԶՀԾ Լոռու մարզի ստորաբաժանման Սպիտակի բաժանմունք՝ այդ կերպ խուսափելով վարժական հավաքից:

 

 

 

ԲԵՐՄԱՆ ԵՆ ԵՆԹԱՐԿԵԼ

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Առավոտ շուտ բերման են ենթարկվել «Անտիֆեյք» լրատվականի երկու աշխատակիցներ։ Ըստ իմ նախնական տեղեկության՝ պատճառը եղել է քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի նկատմամբ ապօրինի քրեական հետապնդմանը վերաբերող թռուցիկներ փակցնելը։ Տղաներին տարել են Դավթաշենի ոստիկանություն»։

 

 

ՏՆԱՅԻՆ ԿԱԼԱՆՔԸ ԵՐԿԱՐԱՑՎԵՑ

Փաստաբան Տիգրան Եգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հարգելի լրատվամիջոցներ, լրագրողներ եւ բոլոր նրանք ովքեր հետաքրքրված են եւ հետեւում են Վահան Քերոբյանի գործով.

Ձեզ բոլորին հայտնի քրեական գործով իրադրությունը հետեւյալն է.

Գործով բոլոր մեղադրյալներն այսօրվա դրությամբ արդեն գտնվում են ազատության մեջ, մեծ մասն անցել են իրենց նախկին աշխատանքին, այդ թվում՝ Էկոնոմիկային նախարարությունում։ Վահան Քերոբյանի նկատմամբ տնային կալանքը բոլոր հնարավոր սահմանափակումներով (նրան նույնիսկ չեն թույլատրում բժշկական ծառայություններ ստանալ) 12.04.2024թ. եւս երկու ամսով երկարաձգվեց։ Պատճառաբանությունն ու հիմնավորումները առաջին հայացքից ժպիտ առաջացնող, իսկ իրականում արդարադատության ոլորտում, մասնավորապես՝ նախաքննություն, դատախազական հսկողություն եւ դատական վերահսկողղություն ինստիտուտները շարունակում են գտնվել ճգնաժամի վիճակում եւ բավականին ցածր մակարդակի անալիտիկ կարողություններով եւ հետսովետական ռեպրեսիվ մեխանիզմներից մեծապես կախվածության մեջ։

Ըստ երկարաձգման միջնորդության եւ դատարանի որոշման հաշվի չեն առնվել մեր ներկայացրած հիմնավորումները՝ Վ. Քերոբյանի անձնական եւ ընտանեկան դրությունն ու հանգամանքները։ Անտեսվեցին ՀՀ ում եւ միջազգային շրջանակում ճանաչված եւ հեղինակավոր 45 գործիչների անձնական երաշխավորությունները, ինչպես նաեւ գրավի կիրառման հնարավորությունը։ Ըստ պաշտոնական դիրքորոշման՝ վարույթ իրականացնող մարմնին անհրաժեշտ է Վ. Քերոբյանին եւս երկու ամսով կալանքի տակ պահել, քանի որ նրանք պետք է դեռ բազմաթիվ թղթեր ուսումնասիրեն իրենց գրասենյակներում եւ մի երկու հոգու էլ հարցաքննեն։ Անկեղծորեն ցավում եմ այս մտավոր «մթության» մեջ գտնովող բոլորի համար։

Իսկ իրական պատճառները բոլորովին այլ են, դրանց մասին խոսել ենք եւ դեռ կխոսենք։ Առաջիկայում ասուլիսի շրջանակում կանդրադառնանք բոլոր հետաքրքրող հարցերին՝ ըստ հնարավորության»:

 

 

ԱՐԳԵԼՎԱԾ ԻՐԵՐԻ ՓՈԽԱՆՑՄԱՆ ՓՈՐՁ

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Վանաձոր» տարածքային բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություններ այն մասին, որ ՀՀ առողջապահության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Վանաձոր» ստորաբաժանման բուժքույր Է. Ա.-ն արգելված իրեր է փոխանցելու դատապարտյալներից մեկին։ Քրեակատարողական ծառայությունից հայտնում են, որ ապրիլի 14-ին՝ ժամը 09։10-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պահպանության եւ անվտանգության ապահովման բաժինների ծառայողները, իրացնելով վերոնշյալ օպերատիվ տեղեկությունները, բնակելի գոտի մուտք գործելուց առաջ զննության են ենթարկել Է.Ա.-ին։

Արդյունքում՝ վերջինիս ներքնազգեստից հայտնաբերվել են 2 բջջային հեռախոս, լիցքավորիչ եւ լիցքավորման լար։

Բուժքույրը խոստովանել է, որ հայտնաբերված արգելված իրերը գումարի դիմաց պետք է փոխանցեր դատապարտյալներից մեկին։ Է.Ա.-ն ձերբակալվել է օպերատիվ ծառայողների կողմից եւ ներկայացվել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե։

 

 

 

ՉԻ ՎՃԱՐԵԼ ԵՎ ՍՊԱՌՆԱԼՈՎ ՀԵՌԱՑԵԼ Է

ArmLur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ երեկ գիշերը Դավթաշեն 4-րդ թաղամասում անհայտ անձը Քաջազնունի փողոց 8/10 հասցեում գործող «Նոր Զովք» սուպերմարկետի 3-րդ դրամարկղում, իր կողմից գնված գարեջրի եւ ծխախոտի դիմաց 4.500 դրամ չվճարելու համար, գրպանից հանել է ատրճանակը, պահել գանձապահ Լ.Բ.-ի վրա եւ սպառնալիքի ներքո վերցրել է ապրանքներն ու հեռացել։

Իրավապահները գտել են կատարողին, վերջինիս խուզարկությամբ հայտնաբերվել է «Կոլտ» տիպի գազային ատրճանակ. նա ձերբակալվել է։

 

 

 

ԱՊՕՐԻՆԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի 03.01.2024թ-ի եւ ՀՀ Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 05.01.2024թ. որոշումների հիման վրա, համապատասխանաբար, կասեցվել է վարչական ակտի /շինարարության թույլտվութան/ կատարումը եւ կիրառվել է հայցի ապահովման միջոց՝ արգելվել է կառուցապատող Արգամ Հովհաննիսյանին կատարելու հասարակական օբյեկտի կառուցման շինարարական աշխատանքներ՝ քաղաք Երեւան, Եկմալյան 6/3 հասցեում։

Երեկվա՝ 15.04.2024թ. դրությամբ, նշված դատական ակտերը երկուսն էլ ուժի մեջ են, եւ հարուցված են կատարողական վարույթներ, մինչդեռ կառուցապատողը իրականացնում է շինարարական աշխատանքներ՝ անտեսելով Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջները եւ չկատարելով դատարանների որոշումները, ինչը քրեորեն պատժելի արարք է։

Ցանկանում ենք պատկան մարմինների՝ Հայաստանի Հանրապետության հարկադիր կատարման ծառայության, Հայաստանի Հանրապետության Ներքին գործերի նախարարության ոստիկանության, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի եւ Երեւանի քաղաքապետարանի ուշադրությունը հրավիրել այս հանգամանքին՝ միջոցներ ձեռնարկելու ըստ օրենսդրության պահանջի՝ դատական ակտի կատարումը ապահովելու եւ իրավախախտում կատարած անձին /անձանց/ պատասխանատվության ենթարկելու համար։

 

 

ԱՆՀԵՏ ԿՈՐԱԾԸ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է

Ապրիլի 11-ին հաղորդվել էր 1981 թվականին ծնված Վալերիկ Խաչատրյանի անհետ կորելու մասին:

Ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների արդյունքում նա հայտնաբերվել է:

Կատարվում է նախաքննություն:

 

 




Լրահոս