Ինչպես ավելի վաղ Հայաստանի արտաքին քաղաքական հարցերով գերատեսչությունից հայտնել են, պաշտոնապես սկսվում է հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը, որի սկզբնական փուլում Կողմերը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները, անմիջականորեն Բաղանիս (ՀՀ) – Բաղանիս Այրում (ԱՀ), Ոսկեպար (ՀՀ) – Աշաղը Ասկիպարա (ԱՀ), Կիրանց (ՀՀ) – Խեյրումլի (ԱՀ) և Բերքաբեր (ՀՀ) – Կըզըլ Հաջիլի (ԱՀ) բնակավայրերի միջև՝ Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու նպատակով։
Ինչու գործընթացը սկսվեց այս հատվածից։
Հանրային ՀԸ եթերում ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ասաց՝ քանի որ այս 4 գյուղերի վերաբերյալ և մամուլով, և խոսույթով որոշակի լարվածություն էր ստեղծվում, որոշվեց, որ նման առաջարկություն արվի կողմերին։
«Առաջարկեցինք, կողմերը համաձայնեցին, որ այս ուղղությամբ են առաջ գնալու։ Մենք երկար ժամանակ ասում էինք, որ այո սահմանագծումն ու սահմանազատումը պետք է տեղի ունենան, բայց դա պետք է տեղի ունենա որոշակի իրավական ուժ ունեցող փաստաթղթերի շրջանակներում, որպեսզի մի տեղ դնես և հյուսիսից-հարավ նույն տրամաբանությամբ այդ սահմանը գծես։
Այս գործընթացի հիմքում դրվել է ԽՍՀՄ ժամանակաշրջանի իրավական հիմնավորում ունեցող ամենաթարմ տոպոգրաֆիկ քարտեզները, որոնք կազմվել են նման իրավասություն ունեցող էն ժամանակվա իրավասու մարմինների կողմից»,- ասաց Հարությունյանը։