Մարտի 25-ին ժամը 18:30-ին «Արամ Մանուկյան երիտասարդական կենտրոնում» ԱԺ ՀՅԴ խմբակցությունը հրավիրել է մասնագիտական հանրային քննարկում «Նաիրիտ» -ում ստեղծված իրավիճակի և գործարանի հետագա ճակատագրի շուրջ:
Արդյո՞ք այդ քննարկումը պայմանավորված է այն հանգամանքով, որ ԱԺ ոչ չորս իշխանական ուժերը այս պահին համագործակցում են և ապրիլին անվստահություն են հայտնելու գործող կառավարությանը, որի ղեկավար Տիգրան Սարգսյանի և նրա եղբայրների անվան հետ է կապվում «Նաիրտի» այս ողջ գործընթացը:
ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը armlur.am-ի հետ զրույցում ասաց, որ քննարկումն առնչություն չունի քաղաքական այս գործընթացների հետ:
«Որոշ ժամանակ առաջ մենք ԱԺ-ում ներկայացրինք որոշման նախագիծ, որով առաջարկվում էր ստեղծել ժամանակավոր հանձնաժողով և «Նաիրիտի» հարցում ընդհանուր եզրակացության գալու համար»,- հիշեցրեց պատգամավորը, ապա հավելեց. «Այն ժամանակ մերժվեց մեր նախագիծը: Մենք հայտարարեցինք, որ հրավիրելու ենք մասնագիտական հանրային քննարկում»:
Պատգամավորը նաև հիշեցրեց, որ այս քննարկման ժամանակ խոսվելու է նաև «Նաիրիտ»-ում ներդրումային այլ ծրագրերի առկայության մասին:
-Պրն Մինասյան, տպավորությունն այնպիսինն է, որ «Նաիրիտ»-ի հարցով հրավիրվելիք քննարկումը համընկնում է կառավարության գործունեությանն անվստահություն հայտնելու գործընթացին:
-Չէ, դրա հետ կապ չունի, բայց եթե կառավարությունը շարունակի անտարբերություն դրսևորել և չուզենա համագործակցել, սա կարող է ևս հիմք հանդիսանալ կառավարությանն անվստահություն հայտնելու համար:
-ՀՅԴ-ն ի՞նչ խնդիր է լուծում ` հրավիրելով այս քննարկումը, չէ՞ որ խնդրով մտահոգվողները տեղյակ են ` ի՞նչ է կատարվում «Նաիրիտում»:
-Ես կասկածում եմ, որ բոլորը գիտեն ` ինչ է կատարվում «Նաիրիտ»-ում: Պատահական չէ, որ քննարկվելու են նաև «Նաիրիտում» տիրող իրավիճակը և գործողություններ ` Նաիրիտն այս վիճակից դուրս հանելու համար:
-Բայց չե՞ք կարծում, որ կառավարությունը հատկապես Տիգրան Սարգսյանը լավ գիտի ` ինչ է կատարվում «Նաիրիտում»:
– Առավելևս, պարտավոր են ներկա գտնվել և բացատրություն տալ, իսկ եթե կխուսափեն ներկա գտնվել, նշանակում է կամ նրանք չեն պատկերացնում իրավիճակը և չեն էլ պատկերացնում ` ինչ արձագանք կարող է ունենալ իրենց անտարբերությունը «Նաիրիտ» -ի հարցում և վերահաստատելու են հանրության մոտ առկա ձևավորված պատկերացումն իրենց մասին:
-Պաշտոնապես հրավեր է ուղարկվել կառավարությանը, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների, ՀՀ ֆինանսների և ՀՀ էկոնոմիկայի նախարարներին: Տեղյա՞կ եք `ովքե՞ր են ներկա գտնվելու քննարկմանը:
-Հեռախոսազրույց եմ ունեցել Արմեն Մովսիսյանի, Դավիթ Սարգսյանի ու Վահրամ Ավանեսյանի հետ: Ֆինանսների նախարարը բացառեց իր մասնակցությունը, իսկ մյուս երկու նախարարները ցանկություն հայտնեցին մասնակցել օրակարգին ու նոր որոշել ` մասնակցելու են քննարկմանը, թե ոչ:
-Տիգրան Սարգսյանը վերջերս հերքեց իր և իր եղբայրների կապը «Նաիրիտ»-ի այս ողջ պատմության հետ և տվեց որոշակի բացատրություններ: Կարելի՞ է ենթադրել, որ ՀՅԴ-ին չեն բավարարել այդ բացատրությունները, դրա համար էլ հրավիրում է քննարկում:
-Մենք անձնավորման խնդիր այս պահին չունենք, այն ինչ ներկայացվում է վարչապետի անձի և նրա ընտանիքի հետ կապված, պետք է բացահայտի ոչ թե մեր քննարկումը, այլ իրավական համակարգը: Մեր նպատակը մեկն է ` պարզել ` ինչն է խոչընդոտում «Նաիրտի» վերագործարկմանը:
-Որքանո՞վ եք հավատում և իրատեսական համարում էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանի այն հայտարարությունը, որ ռուսական «Ռոսնեֆտ» ընկերությունը ներդրումներ է անելու «Նաիրիտի» վերագործարկման համար:
-Այն, ինչի մասին խոսում է Արմեն Մովսիսյանը, կապ չունի «Նաիրիտի» քլորոպրենային կաուչուկի արտադրության, տեխնոլոգիայի հետ: Խոսվում է ստերոլային կաուչուկի արտադրության մասին: Սա որպես մրցակցային ապրանք չի կարող համեմատվել քլորոպրենային կաուչուկի հետ, եթե կառավարությունը փորձում է մեկը մյուսով փոխարինել, մեզ համար դա ընդունելի չէ: Սա է պատճառը, որ մասնագետները պնդում են ` չի կարելի այս երկուսը իրարով փոխարինել, ավելին, եթե ՀՀ-ն գնա այդ քայլին, մեր քիմիական արդյունաբերությունը դրանից կտուժի:
-Ինչո՞ւ է էներգետիկայի նախարարը դիմում ռուսական ընկերության օգնությանը, մի՞թե ՀՀ-ում չկան ներդրողներ, որոնք կցանկանան ֆինանսական միջոցներ հատկացնել «Նաիրիտ»-ի վերագործարկմանը:
-Ես այդ մասին ամբողջական տեղեկատվություն չունեմ, բայց եթե «Նաիրիտ»-ի վերագործարկումը դիտարկենք քիմիական խոշոր բիզնես, ապա անպայման ՀՀ-ում ներդրողներ կլինեն ` որպես փոքր ու միջին բաժնետեր: Այս պահի դրությամբ նաև անհասկանալի է ` ո՞վ է «Նաիրիտ»-ի սեփականատերը: Հետաքննող լրագրողների ուսումնասիրություններն այս պահին ենթադրել են տալիս մեզ, որ «Նաիրիտ»-ի սեփականատերը «Նաիրիտ»-ն է, որն աբսուրդ է: Սա նշանակում է, որ Նաիրտի որոշումները կայացնում են մի խումբ մարդիկ, որոնք որևէ հանրային հետաքրքրություն կամ շահ իրենց գործողություններով չեն կարող ունենալ:
-Չե՞ք կարծում, որ քանի դեռ գործում է այս կառավարությունը իր ղեկավար Տիգրան Սարգսյանով, ապա «Նաիրիտի» հետ կապված շատ հարցեր կմնան չպարզաբանված, առավելևս եթե գործարանի այս ողջ խառնաշփոթությունը կապված է նրա և նրա եղբայրների հետ:
-Ես մտածում եմ, որ «Նաիրիտ»-ի խնդրի առումով պետք է առաջ նայենք` այն չկապելով որևէ անձի կամ խմբի հետ: Եթե նրանք վարքագիծը շարունակվի այնպես, ինչպես հիմա է` արհամարհել բոլոր տիպի առաջարկները, հանրության մտագոհությունները, ընդդիմության տեսակետները, ապա մնում է անել ձեր ասած եզրակացությունը:
-Տեղյա՞կ եք, որ ամիսներ շարունակ չի վճարվել «Նաիրիտ»-ի աշխատակիցների աշխատավարձերը:
-Ես գիտեմ, որ մեկ ամսվա ամսա աշխատավարձ է վճարվել, բայց Նաիրիտցիների պարտքը մեծ է, հետևաբար այս մոտեցմամբ հնարավոր չի լինի մարել պարտքերը, եթե գործարանն իր նվազագույն հզորություններով չվերագործարկվի:
Սոնա Դավթյան