ԿԱՅԱՑՎԱԾ ՈՐՈՇՈՒՄԸ ԱԶՆԻՎ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ցեղասպանության, ինչպես նաեւ մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելումը Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության առաջնահերթություններից են։

 

Ազգային ժողովի արտահերթ նիստում այս մասին ասաց արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը՝ օգոստոսի 3-ը Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելու մասին նախագծի քննարկման ժամանակ։

Նրա խոսքով՝ Հայաստանի Հանրապետությունը թե՛ երկկողմ,  թե՛ բազմակողմ համագործակցային հարթակներում ակտիվորեն աջակցում է հիշատակված հանցանքների կանխարգելմանն ու դատապարտմանն ուղղված միջոցառումներին, ցեղասպանությունների եւ այլ զանգվածային ոճրագործությունների կանխարգելման գործիքների եւ մեխանիզմների հետագա մշակման գործընթացներին։

«Բոլորովին վերջերս՝ ապրիլի 3-ին, Միացյալ ազգերի կազմակերպության մարդու իրավունքների խորհրդի կողմից կոնսենսուսով ընդունվեց Հայաստանի կողմից ներկայացված «Ցեղասպանության կանխարգելում» երկամյա բանաձեւը։ Նշված բանաձեւը, ինչպես նաեւ մեր երկրի այլ նախաձեռնությունները կարեւոր դեր են խաղում ցեղասպանության, մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման միջազգային օրակարգն ամրապնդելու հարցում, հիշատակված ոլորտում Միացյալ ազգերի կազմակերպության կառույցների եւ մարմինների համագործակցությունն ինստիտուցիոնալացնելու եւ մարդու իրավունքների կոպիտ խախտումների ժամանակից մարտահրավերները հասցեագրելու ուղղությամբ»,- ասաց Հովհաննիսյանը։

ԱԳ նախարարի տեղակալն ընդգծեց՝ Հայաստանը տարիներ շարունակ ամենատարբեր միջազգային հարթակներում բարձրաձայնել է եզդիների նկատմամբ իրագործված հանցանքների մասին։

«2018 թվականին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն ընդունել է ահաբեկչական խմբավորումների կողմից իրենց վերահսկողության ներքո գտնվող Իրաքի Հանրապետության տարածքներում եզդի ժողովրդի նկատմամբ 2014 թվականին իրականացված ցեղասպանության դատապարտման մասին հայտարարությունը։

Հիշատակված հայտարարության ընդունումը պայմանավորված է եղել եզդի ժողովրդի հանդեպ տեղի ունեցած ոճրագործությունը որպես ցեղասպանություն որակելու, ինչպես նաեւ նման ծանր հանցագործությունները կանխարգելելու, մեղավորներին պատժելու եւ ժողովրդին հատուցում տրամադրելու խնդրի աջակցման կաեւորությամբ»,- ասաց Հովհաննիսյանը։

Նա հատկանշական է համարում այն, որ Իրաքի Հանրապետությունը 2021 թվականի մարտին ընդունված օրենքով ճանաչել է եզդիների եւ այլ փոքրամասնությունների ցեղասպանությունը եւ օգոստոսի 3-ն ամրագրել է որպես ցեղասպանության զոհերի  հիշատակի օր։

«Սույն նախագծի ընդունումը եւ օգոստոսի 3-ը 2014 թվականի Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր ճանաչելու նախաձեռնությունը կարեւոր քայլ է հիշյալ հարցում Հայաստանի կողմից վարվող սկզբունքային քաղաքականությունը եւ մոտեցումները եւս մեկ անգամ արտահայտելու, հայ-եզդիական բարեկամական կապերն ամրապնդելու, ինչպես նաեւ եզդի ժողովրդին աջակցություն հայտնելու տեսանկյունից։

Կարծում ենք, որ ցեղասպանությունների ճանաչմանն ու դատապարտմանն ուղղված հիշատակի եւ ոգեկոչման օրերը եւ միջոցառումները կարեւոր են ոչ միայն ժխտողականության դեմ պայքարի, կանխարգելման եւ կրկնությունից խուսափելու, այլ ամենադժվարին հարցերի շուրջ երկխոսության եւ համերաշխության մթնոլորտ ձեւավորելու հնարավորության տեսանկյունից»,- եզրափակեց Հովհաննիսյանը։

ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

 

ԱՇԽԱՏԵԼՈՒ ԵՎ ԲՆԱԿՎԵԼՈՒ Է ՄՈՏ 44.000 ՄԱՐԴ

Հայաստանի Հանրապետության կրթության՝ մինչեւ 2030 թվականի զարգացման պետական ծրագրի համաձայն՝ ակադեմիական քաղաքը կառուցվելու է Երեւանի 17-րդ թաղամասին հարող մոտ 680 հա տարածքում, որը սահմանակից է Արմավիրի, Արագածոտնի եւ Կոտայքի մարզերին։ Ըստ նախանշվածի՝ ակադեմիական քաղաքի տարածքում հնարավոր կլինի տեղակայել մինչեւ 16 բուհ՝ օրենքով նախատեսված մինչեւ 8 պետական խոշորացված բուհ եւ մինչեւ 8 ոչ պետական կամ միջազգային բուհ:

Համաձայն ներկայացված հայեցակարգի՝ ակադեմիական քաղաքում առաջին փուլով նախատեսվում է գործարկել բուհական կլաստերներից չորսը՝ կրթական, արվեստների, տեխնոլոգիական, սպայական ուղղություններով։ Նշված կլաստերներում եւ դրանց հարակից տարածքներում, նախնական հաշվարկով, աշխատելու եւ բնակվելու է մոտ 44 հազար մարդ:

Նախագծման աշխատանքները նախատեսվում են ավարտին հասցնել 2025 թվականի աշնանը, որից հետո մեկնարկելու է կառուցապատման առաջին փուլը. նախնական գնահատմամբ՝ առաջին փուլի աշխատանքները կավարտվեն 2030 թվականին:

«Սա ապագայի նախագիծ է՝ հետագա 30 կամ գուցե 50 տարվա համար: Բնականաբար, այս ամբողջ նախագիծը չի կարող միանգամից իրականացվել: Ես հույս ունեմ՝ առաջին բուհը կարող է ակադեմիական քաղաք տեղափոխվել 5-7 տարի հետո»,- նախօրեին Մատենադարանում ասել է գերմանական gmp International GmbH Architects and Engineers ճարտարապետական ընկերության փոխտնօրեն Թոբիաս Քեյլը:

Ի դեպ, բարձրագույն կրթության ոլորտում՝ որպես նոր նախաձեռնություն, նախատեսվում է «Ակադեմիական քաղաք» ծրագրին հատկացնել 2.1 մլրդ դրամ, որը հետագայում աստիճանաբար կմեծանա:

Բայց իշխանությունն այնպիսի ՓիԱր ակցիաներ ու շոուներ է կազմակերպում, այնքան հաճախականությամբ է այս քաղաքի մասին խոսում, որ կարելի է կարծել, թե 2025 ուսումնական տարին բուհական ու ակադեմիական համակարգը դիմավորելու է նոր պայմաններում՝ 17-րդ թաղամասում։

 

 

 

ՏԱՐԱԾՔ ՆՎԻՐԱԲԵՐՎԵՑ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻՆ

«Գաֆէսճեան» ժամանակակից արվեստի կենտրոնը Երեւանին նվիրաբերեց Կասկադ համալիրի վերնամասում գտնվող 5105 քմ հողամասերը եւ դրանցում առկա շինությունները: Նվիրատվություն ընդունելու որոշումն այսօր ընդունվեց ավագանու նիստի ժամանակ։

Որոշման մեջ նշվում է, որ անշարժ գույքերը նվիրաբերվում է Երեւանին պայմանով, որ նշված տարածքներում կառուցապատման աշխատանքներ չեն կատարվելու, այլ անձանց չեն փոխանցվելու եւ օգտագործվելու են միայն բարեկարգման նպատակով:

 

 




Լրահոս