Անգլիացի հայտնի կինոդերասան, կատակերգու, սցենարիստ, երգահան եւ ռեժիսոր, թափառաշրջիկ Չարլի Չապլինի կերպարի ստեղծող Չարլզ Սպենսեր Չապլինը ծնվել է 1889 թվականի ապրիլի 16-ին:
Դժվար պայմաններում մեծացած դերասանը, ով 75 տարի մասնագիտական գործունեություն է ծավալել, վաղ տարիքից դերեր է ստանձնել եւ բեմ բարձրացել այն բանից հետո, երբ իր 14 տարեկանում մորը տեղափոխել են հոգեբուժարան:
19 տարեկանում տեղափոխվում է ԱՄՆ եւ առաջին քայլերն անում «Քիստոուն» Ստուդիայի հետ՝ նկարահանվելով «Կեցություն ստեղծելով» ֆիլմում: Չապլինն ինքն է գրել, խմբագրել, խաղացել եւ հանդես եկել որպես ռեժիսոր, պրոդյուսեր, երգահան՝ իր ֆիլմերից շատերի համար։
1914 թվականին Չիկագոյի ֆիլմարտադրող «Էսսենեյ» ընկերությունը Չապլինին համագործակցության առաջարկ է անում շաբաթական 1250 դոլար վարձատրությամբ, որից բացի պիտի ստանար նաեւ 10 հազար դոլար ամսական հավելավճար: Ստուդիայում Չապլինը իր դերասանական թիմն է հավաքում եւ ակտիվ գործունեություն սկսում, որին հաջորդում է «Մյուչուալի» հետ պայմանագիրը՝ տարեկան 670 հազար դոլար արժողությամբ: Հաջորդը First National-ի հետ համագործակցությունն էր, որի հետ պայմանագրի ավարտից հետո Չապլինը նկարահանում է իր առաջին անկախ կինոնկարը՝ «Փարիզուհին»:
1952 թվականին Չապլինը վերադառնում է Լոնդոն, որտեղ պիտի ներկայացներ իր կյանքի մասին պատմող «Բեմի լույսերը» ֆիլմը, եւ նրան թույլ չեն տալիս վերադառնալ Միացյալ Նահանգներ: Հակառակ նրան, որ նա կարող էր դիմել եւ վերականգնել մուտքի թույլտվությունը, նա խզում է ԱՄՆ-ի հետ իր բոլոր կապերը:
Չապլինը մահանում է 1977 թվականին իր տանը: Նեղ շրջանակով կայացած թաղման արարողությանը դերասան Բոբ Հոուփը նշել է. «Մենք բախտավոր էինք, որ նրա ժամանակաշրջանում էինք ապրում»:
Չապլինին նվիրված հուշարձաններ կան Միացյալ թագավորությունում, Սլովակիայում, Լեհաստանում, Իռլանդիայում, Հնդկաստանում, Իտալիայում, Իսպանիայում եւ Շվեյցարիայում:
Չապլինի մասնագիտական եւ ոլորտային գործունեությունը շարունակել են նրա ընտանիքի անդամներից շատերը, սակայն ամենահայտնիներից է թոռնուհին՝ դերասանուհի Ունա Չապլինը, ով Չապլինի դստեր՝ դերասանուհի Ջերալդին Չապլինի եւ կինեմատոգրաֆիստ Պատրիսիո Կաստիլիայի դուստրն է, ինչպես նաեւ Գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր Յուջին Օ’Նիլի (Չապլինի աներհոր) ծոռնուհին։
Դերասանուհուն Ունա են անվանել ի պատիվ տատիկի՝ Չարլի Չապլինի վերջին կնոջ: Դերասանուհին, որը ծնվել եւ մեծացել է Մադրիդում, ավարտել Թատերարվեստի թագավորական ակադեմիան ու մասնագիտական գործունեությունը սկսել «Ուրվականներ» սերիալում խաղացած էպիզոդիկ դերով, ապա խաղացել «Գահերի խաղ» սերիալում, որում իր մարմնավորած դերի համար առաջադրվել է «ԱՄՆ կինոդերասանների գիլդիա» մրցանակաբաշխության «Լավագույն դերասանական կազմ դրամատիկական սերիալում» անվանակարգում:
ՀՈՒՐԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
ԷՆԻՈ ՄՈՐԻԿՈՆԵԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մայիսի 26-ին «Երեւանյան հեռանկարներ» 25-րդ միջազգային երաժշտական փառատոնի հանդիսատեսը հնարավորություն կունենա վայելելու մշակութային սահմանները ճեղքող անմոռանալի համերգ։
Առաջին անգամ Հայաստանում #MoricconeConductsMorricone խորագրի ներքո կհնչեն լեգենդար օսկարակիր կոմպոզիտոր Էնիո Մորիկոնեի խորհրդանշական ստեղծագործությունները։
Մորիկոնեի հավերժական մեղեդիներն ու գրավիչ մշակումները կհնչեն Roma Sinfonietta նվագախմբի կատարմամբ եւ կոմպոզիտորի որդու՝ Անդրեա Մորիկոնեի ղեկավարությամբ։ Բացառիկ ու շքեղ երեկոյին միանալու է նաեւ Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը՝ մաեստրո Հովհաննես Չեքիջյանի ղեկավարությամբ։
Գրեթե վեց տասնամյակի հարուստ պատմություն ունեցող երգչախումբը միջազգային ճանաչում է ստացել Կոմիտասի, հայ դասական կոմպոզիտորների եւ համաշխարհային վարպետների ստեղծագործությունների անթերի կատարմամբ: Հովհաննես Չեքիջյանի ղեկավարությամբ երգչախումբը հասել է կատարողական բարձր մակարդակի, արժանացել հեղինակավոր տիտղոսների եւ բազում մրցանակների։ Երգչախմբի երգացանկը մշտապես գերել է հանդիսատեսին ամբողջ աշխարհում եւ արժանացել է գովասանքի այնպիսի հեղինակավոր պարբերականների կողմից, ինչպիսիք են Le Figaro, The New York Times, The Boston Globe, Le Monde, The Independent, Paris Match, Meridional, Los Angeles Times, Macedonia, Le Soir, La revue du Liban, Le provencal։
Roma Sinfonietta նվագախմբի եւ Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի միջեւ այս պատմական մշակութային համագործակցությունը խոստանում է համերգը վերածել անզուգական երաժշտական իրադարձության՝ հանրաճանաչ կոմպոզիտորի ստեղծագործությունները հանդիսատեսին ներկայացնելով գեղարվեստական նորարարությամբ ու հետաքրքիր լուծումներով:
ԹԻՄԸ ՀԱՅՏՆԻ Է
ԱՄՆ բասկետբոլի հավաքականի վերջնական կազմը, որով թիմը կմասնակցի Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերին, հայտնի է:
Ըստ ամերիկյան պարբերականների՝ թիմում կլինեն Լեբրոն Ջեյմսը, Քեւին Դյուրանտը, Ստեֆան Քարին, Ջոել Էմբիդը, Ջեյսոն Տատումը, Դեյվին Բուկերը, Ջերու Հոլիդեյը, Էնտոնի Դեւիսը, Բամ Ադեբայոն, Էնտոնի Էդվարդսը, Թայլիզ Հալիբորթոն:
Բասկետբոլիստ Լեբրոն Ջեյմսը ԱՄՆ օլիմպիական հավաքականի կազմում հանդես է գալիս 2012 թվականից, իսկ Ստեֆան Քարին երբեք հանդես չի եկել օլիմպիական ընտրանու կազմում: ԱՄՆ բասկետբոլի թիմը Օլիմպիական խաղերի 16-ակի հաղթող է:
Փարիզի Օլիմպիական խաղերում բասկետբոլի մրցաշարը կմեկնարկի հուլիսի 27-ին եւ կեզրափակվի օգոստոս 11-ին:
ՈՒՆԵՆ ՆՈՐ ՄԱՐԶԻՉՆԵՐ
Հայաստանի բասկետբոլի տարբեր տարիքային հավաքականներում տեղի են ունեցել մարզչական նշանակումներ:
2024 թվականի ամռանը կայանալիք Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում կանանց՝ Հայաստանի մինչեւ 16 տարեկանների հավաքականը կգլխավորի Ալբերտ Հարությունյանը: Հարությունյանի գլխավորությամբ «Հատիսը» դարձել է Հայաստանի կանանց առաջնության 2023/2024 մրցաշրջանի փոխչեմպիոն: Կանանց Մ16 տարեկանների հավաքականը ընդգրկվել է A ենթախմբում, որտեղ կմրցի Վրաստանի, Ադրբեջանի եւ Կիպրոսի հավաքականների հետ: Հանդիպումները կկայանան 2024 թվականի հուլիսի 9-ից 14-ը Ջիբրալթարում:
Իսկ կանանց՝ Հայաստանի մինչեւ 18 տարեկանների հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում է նշանակվել Հայաստանի հավաքականի նախկին խաղացող Արտյոմ Թավակալյանը: Նրա գլխավորությամբ «Ֆոքսիսը» նվաճել է կանանց Հայաստանի 2023/24 մրցաշրջանի չեմպիոնի տիտղոսը։ Կանանց Մ18 տարեկանների հավաքականն ընդգրկված է C դիվիզիոնի B ենթախմբում, որտեղ կմրցի Ալբանիայի, Վրաստանի եւ Ադրբեջանի թիմերի հետ: Հանդիպումները տեղի կունենան հուլիսի 23-ից 28-ը Կոսովոյի Պրիշտինա քաղաքում:
ԵԶՐԱՓԱԿԻՉ
Հայաստանի ֆուտբոլի գավաթի խաղարկության եզրափակիչի օրը հայտնի է:
Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչ էին դուրս եկել «Արարատ-Արմենիա» եւ «Ուրարտու» ակումբները՝ կիսաեզրափակիչներում համապատասխանաբար հաղթելով «Փյունիկ»-ին եւ «Շիրակ»-ին:
«Արարատ-Արմենիա»-«Ուրարտու» եզրափակիչ հանդիպումը կկայանա մայիսի 12-ին Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: