ՀԵՐԹՆ ԱՆԱՀԻՏ ԱՎԱՆԵՍՅԱՆԻՆՆ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ապրիլի 16-ին իրավապահ համակարգը փորձել է կապ հաստատել առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ՝ նախարարության շուրջ տեղի ունեցող դեպքերի մասով նրան մի քանի հարց ուղղելու համար: Սակայն նախարարությունից նախաքննական մարմնին պատասխանել են, թե օրենքով սահմանված կարգով ծանուցում ուղարկեք, ու նախարարը կգա, կպատասխանի ձեր հարցերին։ Դատելով իրավիճակից՝ Կոմիտեն համապատասխան ծանուցումը կուղարկի ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին։ Կատարվածի մասով դիմեցինք առողջապահության նախարարություն. ի պատասխան՝ նախարարի մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանը հայտնեց. «Տեղեկությունը մտացածին է. հերքում եմ։ Ինչպես երեկ տիկին նախարարը նշեց՝ վերջին շրջանում որեւէ գործի շրջանակում չի հարցաքննվել, իրավապահների կողմից որեւէ հարցաքննության չի հրավիրվել: Նախադեպ չեմ հիշում, երբ Անահիտ Ավանեսյանը, վատառողջ լինելու պատճառով անգամ աշխատանքից բացակայի»։ Նշենք, որ ապրիլի 16-ի վաղ առավոտից, ՀՀ առողջապահության նախարարությունում ՀՀ քննչական կոմիտեի՝ պետության, սահմանադրական կարգի հիմունքների եւ հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում իրականացվող քրեական վարույթով՝ ՀՀ Քննչական կոմիտեի քննիչների կողմից, ՀՀ ԱԱԾ աշխատակիցների օժանդակությամբ իրականացվեցին անհետաձգելի քննչական եւ այլ դատավարական գործողություններ, այդ թվում՝ ՀՀ առողջապահության նախարարությունում եւ «Ուիգմոր» բժշկական կենտրոնում կատարվեցին խուզարկություններ: Իրավապահները կասկածում են, որ մանկական մեծ հիվանդանոցի բացմանը մասնակցած Անահիտ Ավանեսյանը նաեւ մասնաբաժին ունի այդ կառույցում եւ սկսել է պետպատվերի բաշխումները հօգուտ հիվանդանոցի անել: Բացի դրանից, քանի որ «Արմֆարմացիա» դեղագործական խոշոր ընկերություններից մեկում խոշոր բաժնեմաս ունի Անահիտ Ավանեսյանի մայրը, տնօրենն էլ ամուսինն է եղել, կասկածներ կան, որ դեղերի շուկայում մի շարք ապօրինություններ, գուցե նաեւ, այդ խողովակով է արվում: Այսինքն՝ շահերի բախման կասկածներ կան: Եվ ահա, իրավապահները գնացել էին ստուգելու այս ամենը. իսկ Անահիտ Ավանեսյանը «անմեղ» աշխատում էր՝ ՀՀ կառավարության նիստի շրջանակներում:

 

 

 

 

ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի ընտանիքին պատկանող «Բիդեք» ՍՊԸ-ում հայտնաբերվել են 4 չձեւակերպված վարձու աշխատողներ, որոնց հարցով կազմվել է 1 միլիոն դրամի ակտ։ Առավելապես պետական պատվերով եւ Երեւանում մշտապես  շինարարություն իրականացնող «Բիդեքը» չհիմնավորված ռիսկի է գնացել, քանզի շինարարության բնագավառում միշտ առկա են կյանքի համար վտանգավոր իրավիճակներ, եւ դժբախտ պատահարի դեպքում աշխատողի չգրանցված լինելը լի է պատասխանատվության խստագույն հետեւանքներով։ Մյուս կողմից՝ իշխանությունները իրենց «սրտի» կառուցապատողներից որ մեկի մոտ էլ փորձեն ստուգում իրականացնել, կբացահայտեն ավելին. այլ հարց է, որ չեն անում. եւ ինչո՞ւ…

 

 

 

Օրերս ՊԵԿ-ը հատարարեց, որ 2023 թվականի եկամտային հարկի տարեկան հաշվարկ-հայտարարագրի ներկայացման վերջնաժամկետը հետաձգվում է մինչեւ հուլիսի 22-ը։ Այս մասին ՊԵԿ-ը տեղեկացնում է հայտարարագրերի լրացման վերջնաժամկետից գրեթե մեկ ամիս առաջ, երբ պետական բոլոր պատասխանատու կառույցները ֆիզիկապես եւ տեխնիկապես «պայթեցված» են։ Բացատրենք. բանն այն է, որ ՊԵԿ-ը հայտարարությունում մասնավորապես նշել է. «Հայտարարատուներին տեղեկացվում է, որ, հիմք ընդունելով ՀՀ հարկային օրենսգրքի 53 հոդվածի 6-րդ մասը, եւ հաշվի առնելով, որ 2023 թվականի համար հաշվարկ-հայտարարագիր ներկայացնող անձանց մի մասը դեռ չի կարողացել անցնել անձի խիստ նույնականացում՝ նույնականացման քարտի կամ բջջային նույնականացման քարտի միջոցով, ինչպես նաեւ ՀՀ ՆԳՆ միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությունում նույնականացման քարտ ստանալու համար առկա են մեծաքանակ հերթեր, 2023 թվականի համար հաշվարկ-հայտարարագիր ներկայացնելու վերջնաժամկետը հետաձգվում է համապատասխան հաշվարկ-հայտարարագիր ներկայացնելու վերջնաժամկետի օրվանից 81 օրով՝ մինչեւ սույն թվականի հուլիսի 22-ը»: Հետաքրքիրն այն է, որ չկա երաշխիք, որ մինչեւ հուլիսի 22-ը հերթերը ավարտված կլինեն, եւ համակարգը անխափան կգործի։ Սա դառնում է եւս մեկ ապացույց այն բանի, որ իշխանությունը փորձում է ինչ-որ բան փոխել՝ պատմության մեջ մնալու համար, սակայն երբեք այդ փոփոխության ռիսկերը եւ խնդիրները հաշվի չի առնում։ Արցախից բռնի տեղահանված քաղաքացիներին անձնագրայիններում դռնեդուռ գցելուց հետո էլ չպատկերացրին, որ նախնադարյան համակարգը 21-րդ դարում չի գործելու, որ մարդիկ հերթերը իրենք կսահմանեն՝ թղթի վրա գրելով։ Անձնագրայիններում վիզաների, քաղաքացիության եւ այլ հարցերի ժամանակ առաջացած հարցերը փորձեցին լուծել էլեկտրոնային հերթագրման համակարգի միջոցով, սակայն, դեռ չլուծած մի ողջ համակագի խնդիր՝ բարդվեց մյուսը. հայտարարագրման համակարգը լրացնելու համար պետք է ունենալ ID նույնականացման քարտ։ Հենց սրանց պատճառով էլ հերթեր են գոյանում, եւ խափանվում է մի ողջ համակարգ։ Ստացվում է, որ համակարգի ներդրման պահից, դրանից հետո եւ լրացման պահին պատրաստ էր  հայտարարատու անձը, սակայն ո՛չ պետությունը, ո՛չ համակարգը, ո՛չ էլ ՊԵԿ-ը պատրաստ չէին այս բեռն իրենց ուսերին առնելու առաքելությանը։

 

 

 

 

ՀՀ իշխանությունները ԵՄ անդամակցության հարցն այլեւս անհաս ցանկություն են համարում: Ինչպես ավելի վաղ «Ժողովուրդ» օրաթերթը հայտնել էր, վերջին շրջանում ՔՊ-ականների համար անվտանգային բոլոր հարցերը մի կողմ դրած՝ ԵՄ անդամակցության թեկնածության հարցը դարձել էր թիվ մեկ օրակարգ, ՔՊ գրեթե բոլոր նիստերի առաջնային հարցը սա էր: Հատուկ ԵՄ անդամակցության հարցի շուրջ քննարկում ունենալու համար Նիկոլ Փաշինյանը շաբաթը մի քանի անգամ գալիս էր ԱԺ՝ փակ հանդիպման: Բայց, արի ու տես, ՔՊ-ականները հավանաբար գլխի են ընկել, որ սա մեկ օրվա հարց չէ ու որոշել են այս պահին առկախել դրա շուրջ քննարկումները: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ առկախման հիմնական պատճառն այս հարցի շուրջ ՔՊ-ում առկա տարաձայնություններն են: Չնայած ինտենսիվ հանդիպումներին՝ ՔՊ-ականներին այդպես էլ չի հաջողվել կոնսենսուսի գալ սրա շուրջ: Թիմի «Եվրոպամետ» հատվածն այն կարծիքին է, որ պետք է արագ գործել ու ամբողջ ռեսուրսը ներդնել, որ գործընթացը հաջողությամբ ավարտին հասցնեն, մի մասն էլ գլխի է գցել, որ դա հեշտ բան չէ, պետք է ճիշտ գնահատել դրա հետեւանքներն ու նոր գործել: Ահա այս տարակարծությունների արդյունքում ԵՄ անդամակցության հարցը, թեեւ փակված չէ, սակայն այս պահի դրությամբ երկրորդ պլան է մղվել:

 




Լրահոս