Հայաստանի իշխանություններն ահաբեկում են ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքացիներին, որպեսզի որեւէ մեկի մտքով չանցնի քննադատել իշխանական գործիչներին:
Ասվածի վառ ապացույցը ապրիլի 15-ի միջադեպին իշխանության տված արձագանքն է:
Հիշեցնենք, որ երիտասարդ Սամվել Վարդանյանը հանրային տրանսպորտում վիրավորել էր ՔՊ խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանին՝ անվանելով «հակահայ վիժվածք», «ժեխ բիձա» եւ «դավաճան»: Դեպքից անմիջապես հետո ArmLur.am-ը զրուցել էր Հակոբ Ասլանյանի հետ, որը հայտնեց, որ բողոք չունի. «Ջահել, հիմար տղա էր, ի՞նչ բողոքեմ»:
Սակայն, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, որ թքել էր քաղաքացու դեմքին, ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը, որ սպառնում էր ընդդիմադիր ՄԻՊ թեկնածուի ականջները կտրել, շտապեցին դատապարտել եւ քննչական մարմիններին ուղղորդեցին, որ երիտասարդին խիստ պատժի պետք է արժանացնեն: Նրանց հայտարարություններից հետո ՔՊ պատգամավոր Հակոբ Ասլանյանը հետ կանգնեց իր մտքից, ոստիկանությունում բողոք գրեց ընդդիմադիր երիտասարդի վրա, ինչից հետո երիտասարդին ձերբակալեցին:
Բացի իրավական կոշտ մեթոդներից, Սամվել Վարդանյանի նկատմամբ նաեւ խոշտանգում է տեղի ունեցել մեկ օր առաջ՝ ՀՀ ոստիկանության օրը: Այսպիսով՝ ապրիլի 16-ի գիշերը, երբ երիտասարդին քննչական ծառայությունից ՁՊՎ են տեղափոխել, ոստիկանական ավտոմեքենան մութ մի տեղ կայանել է՝ ոստիկանների բնական կարիքները հոգալու անհրաժեշտությամբ: Սամվելը ձեռնաշղթաներով եղել է ավտոմեքենայի մեջ, ում ոստիկանները թողել են միայնակ եւ իջել են ավտոմեքենայից՝ իրենց պահանջներով:
Հանկարծ ավտոմեքենայի դուռը բացել են ամբողջությամբ սեւ հագած դիմակավորված անձինք, մեքենայից դուրս են հանել շղթայված Սամվել Վարդանյանին, մի քանի մետր այն կողմ են տարել՝ խոտերի մեջ, նրան չոքեցրել, գլուխը հարվածել են գետնին։ Ըստ փաստաբան Վարազդատ Հարությունյանի՝ ըստ երեւույթին՝ Սամվելի ճակատի ուռած մասը հենց դրա հետեւանքն է եղել։
Սկսել են ձեռքերով հարվածել նրան։ Այդ ամբողջ գործընթացը ուղեկցվել է սեռական բնույթի հայհոյանքներով, վերջին խոսքերով։ Ընդ որում, ծեծողները պահանջել են Սամվելից, որ կրկնի իր նկատմամբ սեռական բնույթի հայհոյանքները: Այնուհետեւ, չոքած վիճակում նրան պահելով՝ ձեռքերը՝ հետեւի կողմից ձեռնաշղթայված, տաբատը իջեցրել են, փայտը կամ դուբինկան դեմոնստրատիվ պահել են ոտքերի արանքում՝ այդպիսով ցանկանալով ինչ-որ բան ցուցադրել, սպառնալ կամ վախեցնել։ Իսկ արդեն վերջում 3-4 հոգին թքել են նրա վրա ու բերել, շպրտել ավտեմեքենայի մեջ: Մեկ րոպե անց բնական կարիքները հոգալուց հետո վերադարձել են ուղեկցող ոստիկանները եւ շարունակել ճանապարհը՝ ասես աչինչ չի եղել:
Այսօր արդեն պարզ դարձավ, որ Սամվել Վարդանյանին այսքանից հետո առաջադրվել է մեղադրանք ոչ միայն խուլիգանության, այլեւ քաղաքական հայացքներով պայմանավորված՝ թշնամանք հրահրելու (լուսահոգի Արմեն Գրիգորյանի հոդվածով, որը մահացավ դատարանի դահլիճում՝ կալանքի տակ): Այսինքն՝ նպատակ կա կալանավորելու խոշտանգված երիտասարդին:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
Ռ. ՎԱՐԴԱՆՅԱՆԸ՝ Miloserdie-Ի ԲԱՐԵԳՈՐԾՆԵՐԻ ՇԱՐՔՈՒՄ
Բարեգործությանը նվիրված Miloserdie պորտալն օրերս նշվող Մեկենասի եւ բարեգործի օրվա առիթով հրապարակում է պատրաստել հինգ արտասովոր անձանց մասին, որոնք ամեն ինչ արել են՝ աշխարհն ավելի լավը դարձնելու համար՝ չվախենալով հրաժարվել իրենց հարստությունից:
Հինգ բացառիկ բարեգործների թվում է նաեւ մեր հայրենակից, ադրբեջանական իշխանությունների կողմից ապօրինի ձերբակալված եւ Բաքվի բանտում պահվող Ռուբեն Վարդանյանը, որը ներկայացվել է որպես Հայաստանի, Ռուսաստանի եւ համաշխարհային մեկենաս։ Այս առնչությամբ հոդվածի հեղինակը գրում է. «Ռուբեն Վարդանյանը մնաց շրջափակված Լեռնային Ղարաբաղում, այն հողի վրա, որի ճակատագրի շուրջ Հայաստանն ու Ադրբեջանը չեն կարողանում պայմանավորվել, այնուհետեւ գերեվարվեց Ադրբեջանի իշխանությունների կողմից։ 2024 թվականի ապրիլին Ռուբեն Վարդանյանին առաջադրել են Խաղաղության Նոբելյան մրցանակի` այդպիսով գնահատելով բարեգործության մեջ ունեցած նրա ակնառու ներդրումը»։ Նշելով, որ Ռուբեն Վարդանյանը դեռեւս 90-ականների կեսերին էր իր ջանքերն ուղղել սոցիալական ձեռներեցության, մեկենասության եւ բարեգործության զարգացմանը, պորտալը մեջբերել է սոցիալական պատասխանատվության մասին հենց Վարդանյանի խոսքերը. «Առանց սոցիալական պատասխանատվության չի կարող բիզնես լինել։ Բիզնեսը չպետք է նախ կործանի աշխարհը, հետո գումարներ ծախսի այդ աշխարհը վերականգնելու համար… Այն կարգավորումը, թե «ես հարկ եմ վճարում, ուրեմն ես լուծում եմ խնդիրների մի մասը», այլեւս չի աշխատում»։
Հոդվածում հիշատակվում են նաեւ Ռուբեն Վարդանյանի կողմից իրականացված ծրագրերը. «Ռուբեն Վարդանյանի՝ ապագա գործընթացները կանխազգալու տաղանդի շնորհիվ Դիլիջանում բացվեց տաղանդավոր երեխաների համար դպրոց, որտեղ ձգտում են սովորել դպրոցականներ ամբողջ աշխարհից, ինչը նաեւ զբոսաշրջությունը զարգացնելու խթան էր։ Նրա ֆինանսական միջոցներով է կառուցվել աշխարհի ամենաերկար ճոպանուղին՝ «ՏաԹեւերը», որը տանում է դեպի Տաթեւի միջնադարյան վանական համալիր։ «Ավրորա» միջազգային մարդասիրական մրցանակը, որը նախատեսված է բազմաթիվ մարդկային կյանքեր փրկած անձնվեր մարդկանց եւ իրավապաշտպանների համար, Վարդանյանի ամենահայտնի նախագիծն է»։ Ռուբեն Վարդանյանից բացի՝ անցյալի ու ներկայի հինգ լեգենդար բարեգործների թվում են նաեւ ամերիկացի Չառլզ Ֆինին, որը հսկայական գումար՝ ութ միլիարդ դոլար է նվիրաբերել բարեգործությանը, ամերիկացի լեգենդար ալպինիստ, Patagonia ապրանքանիշի հիմնադիր, 85-ամյա միլիարդատեր Իվոն Շուինարն անձամբ է հետեւում, որ իր երեք միլիարդ դոլար արժողությամբ ընկերության շահույթն ուղղվի բնապահպանական ոլորտի բարեգործությանը։ Պարբերականն ընտրել է նաեւ 19-րդ դարի ռուս գործարար Ինոկենտի Սիբիրյակովին, որն իրեն անարժան է համարել այն հարստությանը, որը ժառանգություն է ստացել հորից. ուստի, իր պարտքն է համարել այդ փողերը նվիրաբերել նրանց, ովքեր, իրոք, դրա կարիքն ունեն։ Շարքում է ընդգրկվել նաեւ 19-րդ դարի մեկ այլ ռուս վաճառական՝ միլիոնատեր Ֆլոր Երմակովը, որն անձնական ողբերգությունից հետո վաճառում է իր տեքստիլ արտադրության գործարաններն ու այդ գումարով կառուցում անկելանոցներ, որբանոցներ, հիվանդանոցներ ու բարեգործական ճաշարաններ։
ՀԱՆՁՆԵԼ Է ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԵՐ
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Հարավային Աֆրիկայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Շոայբ Կասուն (նստավայրը՝ Կիեւ):
Շնորհավորելով նորանշանակ դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` նախագահը նշել է. «Վստահ եմ, որ Ձեր նշանակումը լրացուցիչ լիցք կհաղորդի մեր երկու երկրների հարաբերություններին: Նաեւ առիթն օգտագործելով՝ ուզում եմ նախապես շնորհավորել Ձեզ եւ հարավաֆրիկյան ժողովրդին ապրիլի 27-ի՝ ձեզ համար շատ կարեւոր իրադարձության՝ Ազատության օրվա 30-ամյակի կապակցությամբ:
Ուզում եմ նաեւ մաղթել Ձեզ եւ ձեր ժողովրդին հաջողություններ, նոր ձեռքբերումներ, ինչպես նաեւ հետեւողականություն եւ կամք՝ ժողովրդավարական արժեքներն արմատավորելու եւ դեմոկրատիայի սկզբունքները դավանելու գործում»:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության եւ բարեմաղթանքների համար` դեսպան Կասուն ասել է. «Մեծապես ոգեւորված եմ այստեղ գտնվելու համար: Շնորհակալություն Ձեր կառավարությանը ջերմ ընդունելության համար: Արդեն իսկ շատ լավ հանդիպումներ եմ ունեցել արտգործնախարարության գործընկերների հետ: Ոգեւորված եմ իմ նշանակման կապակցությամբ եւ իմ բոլոր ջանքերը կներդնեմ մեր պետությունների հարաբերությունների ամրապնդման համար»:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի եւ ՀԱՀ միջեւ տարբեր ոլորտներում համագործակցության խթանման ուղիներին առնչվող հարցեր:
Անդրադարձ է կատարվել երկու երկրների միջեւ մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման հնարավորություններին, ինչը կնպաստի տնտեսական, գործարար, զբոսաշրջության եւ այլ ոլորտներում համագործակցության զարգացմանը:
Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել տարածաշրջանային իրադրության եւ զարգացումների վերաբերյալ: Այս համատեքստում նախագահ Վահագն Խաչատուրյանը վերահաստատել է Հայաստանի միանշանակ դիրքորոշումը՝ կայուն եւ հարատեւ խաղաղության հասնելու եւ հարեւանների հետ խաղաղ համակեցության ու բարիդրացիության սկզբունքներով հարաբերություններ կառուցելու վերաբերյալ: