ՆԱԽԱՐԱՐԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ՝ ԱՆՎԱՎԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, վարչական դատարանը ոչ իրավաչափ էր ճանաչել առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյան հրամանով փոփոխված՝ կորոնավիրուսային հիվանդությամբ բուժառուների բժշկական օգնության եւ սպասարկման կազմակերպման կարգը սահմանող որոշ կարգավորումներ։

 

Այս տարվա մարտի 14-ին վերաքննիչ դատարանը որոշել է առողջապահության նախարարության վերաքննիչ բողոքն ամբողջությամբ մերժել եւ անփոփոխ թողնել վարչական դատարանի 2022 թվականի որոշումը, որով, փաստորեն, նախարարի վիճելի հրամանները անվավեր եւ ոչ իրավաչափ են ճանաչվել։

Ա. Հայրապետյանը, որի հայրը 2020 թվականին մահացել է կորոնավիրուսից, դիմել էր դատարան՝ վիճարկելու առողջապահության նախարարի հրամանը, որով խմբագրվել է կորոնավիրուսային հիվանդությամբ բուժառուների բժշկական օգնության եւ սպասարկման կազմակերպման կարգը եւ սահմանվել՝ «…Առողջության առաջնային պահպանման հաստատության աշխատաժամերից դուրս եւ ոչ աշխատանքային օրերին հաստատված COVID-19 պացիենտի առողջական վիճակի կտրուկ վատթարացման դեպքում պացիենտը կամ ընտանիքի անդամը կանչ է տալիս շտապ բժշկական օգնության ծառայությանը: Ընդ որում` պացիենտը հոսպիտալացվում է, եթե առկա է մարմնի ջերմաստիճանի բարձրացում՝ 38.5՛C 3 օր եւ ավելի, եւ/կամ արյան թթվածնով հագեցվածությունը SpO2 <93% եւ/կամ շնչառության հաճախությունը >22/րոպե»:

Ա. Հայրապետյանի՝ դատարանին ներկայացրած փաստարկների համաձայն՝ առողջապահության նախարարի 10.04.2020 թվականի թիվ 1239-Ա հրամանի՝ 2020թ. հունիսի 16-ի դրությամբ գործող խմբագրությամբ 5, 6-րդ կետերը թույլ չեն տվել հոսպիտալացնել այն անձանց, որոնց մոտ առկա չի եղել մարմնի ջերմաստիճանի բարձրացում 38.5՛C 3 օր եւ ավելի եւ/կամ արյան թթվածնով հագեցվածությունը SpO2 <93% եւ/կամ շնչառության հաճախությունը >22/րոպե, փոխարենը` նրանք ուղղորդվել են քաղաքային պոլիկլինիկաներ, որտեղ, սակայն, չի տրամադրվել բուժառուներին որակյալ բուժօգնություն:

Արդյունքում` դիմողի հայրը, ունենալով կորոնավիրուսային հիվանդություն, չի ստացել որակյալ բուժօգնություն, ինչի պատճառով մահացել է: Ընդ որում, առողջապահության նախարարի՝ 21.05.2020 թվականի թիվ 1606-Ա հրամանով հաստատված «Արտահիվանդանոցային պայմաններում կորոնավիրուսային հիվանդությամբ բուժառուների բժշկական օգնության եւ սպասարկման կազմակերպման կարգի»՝ 2020թ. հունիսի 16-ի դրությամբ գործող խմբագրությամբ 1-ին եւ 2-րդ կետերը չեն սահմանել կորոնավիրուսային հիվանդության կասկածելի դեպք հայտնաբերելիս նմուշառում կատարելու հստակ ժամկետներ։ Սրա արդյունքում՝ Հայրապետյանի հորը նմուշառել են միայն 2020 թվականի հունիսի 19-ին՝ այն պայմաններում, երբ կանչը տրվել է հունիսի 16-ին, իսկ հոսպիտալացրել են միայն հունիսի 23-ին: Եվ ահա, մահացած տղամարդու դուստրը՝ Արուսյակ Հայրապետյանը ուշագրավ հայտարարություն է անում:

«Հորս մահից հետո՝ 2020 թվականին, դատական պրոցես է սկսվել երկու հայցադիմումով՝ ՀՀ Առողջապահության նախարարության եւ «Մեդլայն» կլինիկայի դեմ։ Զուգահեռ՝ հարուցվել է քրեական գործ։ Թեման այսօր նորից թարմացել է, որովհետեւ սույն թվականի մարտի 14-ին ՀՀ վարչական դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել ԱՆ՝ այդ ժամանակվա նախարարի կողմից պարտադրված որոշ կարգավորումներ։ Բոլորս գիտենք, որ բժշկությունը ճշգրիտ գիտություն չէ, հատկապես՝ համաճարակի ժամանակ, հատկապես՝ նորահայտ վիրուսների դեպքում։ Դրան հակառակ՝ կառավարումը, նամանավանդ՝ պետական կառավարումը, հանրային կյանքին վերաբերող հարցերի կազմակերպումը՝ հստակ գիտելիքներ, որակներ ու պրոֆեսիոնալիզմ պահանջող զբաղմունք է ու երբ դրանով զբաղվում են անպատասխանատու եւ սիրողական մակարդակի անհատներ, քաղաքացին դրա ուղղակի կամ կոլատերալ զոհն է դառնում։

ՀՀ ում միշտ եղել են ու կան պետական պաշտոնների նստած մարդիկ, որոնք ծառայում են բացառապես սեփական, անհատական, ընկերական կամ թայֆայական շահերին ու երբեք՝ հանրայինին, երբեք՝ քաղաքացու շահին։ Հայրս այս արատավոր ֆենոմենի բազմահազար զոհերից մեկն է միայն։ Այս պրոցեսը վատ կառավարման մասին է եւ հստակ ցուցադրում է, որ ՀՀ ում պետական պաշտոնյան կարող է ամբողջովին տապալել իր առաքելությունը, բայց մնալ ոչ միայն բացարձակ անպատիժ, քանզի պատասխանատվության ինստիտուտը պաշտոնյաների վերաբերյալ բացարձակ բացակայում է, այլ նաեւ այլ պաշտոնի նշանակվել եւ հանգիստ շարունակել վնաս տալ հիմա էլ մեկ այլ ոլորտում։

Որեւէ ժողովրդավարություն, ուր պետական պաշտոնյան, հանրային ծառայողն անպատիժ է, ինչ էլ անի, գրոշի արժեք չունի։ Ու այս պրոցեսի դրդապատճառը իմ, ինչպես նաեւ այս գործով արդեն չորս տարի բացարձակ անշահախնդիր կերպով զբաղվող երեք հրաշալի մասնագետ իրավաբան-փաստաբաներինը նույնն է՝  խորքային համոզմունք, որ մենք ճիշտ ենք եւ անհատական որոշում՝ չլռել, երբ ՀՀ քաղաքացու կյանքի իրավունքի դեմ պետական մակարդակի անպատասխանատվության պատճառով ոտնձգություն է կատարվում։

Այդպես էր նախկին ռեժիմի օրոք, երբ ՀՀ ում կային բազմաթիվ քաղբանտարկյալներ, այդպես է փաշինյանական խմբակի կառավարման օրոք, երբ Հայաստանի Հանրապետության քաղաքացու անվտանգություն, պետականությունը ուղղակի են վտանգվում՝ անկարող եւ բացարձակ անպատասխանատու կառավարման հետեւանքով»։

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

Ո՞ՒՄ Է ՄԱԿԱԳՐՎԵԼ ԵՐԻՏԱՍԱՐԴԻ ԿԱԼԱՆՔԻ ԳՈՐԾԸ

ՔՊ պատգամավոր Հակոբ Ալանյանի հետ միջադեպի գործով ձերբակալված Սամվել Վարդանյանի կալանքի գործը մակագրվել է դատավոր Ժորա Չիչոյանին եւ դատելով իրավիճակից՝ նրա կալանքը անխուսափելի է:

 

Ինչպես հայտնի է, դատավոր Ժորա Չիչոյանը կալանքի որոշում կայացրեց 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մոր` Գայանե Մարտիրոսյանի մասով, երբ նա վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդուն՝ Աշոտ Փաշինյանին, նստեցրել էր մեքենան, որ զրուցեն, ու այն վարել էր՝ նշելով, թե ցանկանում էին գնալ «Եռաբլուր»:

Ժորա Չիչոյանը դատավոր է դարձել 2022թ. սեպտեմբերի 22-ին. նախկին դատախազ է: ՀՀ նախագահն առարկություն էր ներկայացրել Ժորա Չիչոյանին դատավոր նշանակելու մասով Հայաստանի Հանրապետության Բարձրագույն դատական խորհուրդ, որը ԲԴԽ-ն ընդունել էր ի գիտություն. սակայն ԲԴԽ-ում դատավոր հորեղբոր՝ Սերգեյ Չիչոյանի եւ իր հոր` Շիրակի մարզի դատախազ Արմեն Չիչոյանի գործուն ջանքերով՝ ԲԴԽ-ն հաշվի չառավ նախագահի առարկությունը, Ժորա Չիչոյանին նշանակեց դատավոր:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ՌԴ ՔԱՂԱՔԱՑԻՆ  ԿՐԱԿԵԼ Է ԽԱՆՈՒԹՊԱՆԻՆ

Քննչական կոմիտեի՝ Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում իրականացվող քննությամբ պարզվում են նույն մարզի 47-ամյա բնակչի առողջությանը հրազենի գործադրմամբ վնաս պատճառելու դեպքի հանգամանքները։

2024 թվականի ապրիլի 12-ին «Արարատի հիվանդանոց» ԲԿ-ից ահազանգ է ստացվել, որ ոտքին հրազենային վնասվածքով իրենց մոտ բուժօգնության է դիմել 47-ամյա տղամարդ։

Ավելի ուշ պարզվել է, որ վերջինս վնասվածքը ստացել է Արարատ գյուղում գտնվող իր խանութի մոտ հնչած կրակոցների հետեւանքով։

Դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով կատարված դեպքի վայրի զննությամբ՝ հիշյալ խանութի հետնամասից հայտնաբերվել եւ վերցվել են կրակված 2 պարկուճներ։

Իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ Արարատի մարզի բնակչին առերեւույթ մարմնական վնասվածքներ է պատճառել Ռուսաստանի Դաշնության քաղաքացի հանդիսացող 34-ամյա մի տղամարդ։

Վերջինս, ըստ ձեռք բերված նախնական տվյալների, 2024 թվականի ապրիլի 12-ին՝ ժամը 11։00-ից 12։00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի բնակչին հանդիպելու պատրվակով, որպես հաճախորդ գնացել է նրան պատկանող խանութ, ապա անձնական հարցերի շուրջ պարզաբանումներ ստանալու համար՝ նրա հետ քայլել խանութի հետնամաս։

Այնտեղ տեղի ունեցած խոսակցության ժամանակ տղամարդը, քննությամբ դեռեւս չպարզված հանգամանքներում ձեռք բերված եւ իր մոտ ապօրինի պահվող ակոսափող ատրճանակով 2 անգամ կրակել է Արարատի մարզի բնակչի ոտքերի ուղղությամբ՝ պատճառելով մարմնական վնասվածնքեր։

Նույն օրը ձեռնարկված քննչական, ինչպես նաեւ օպեատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում՝ 34-ամյա տղամարդը ձերբակալվել է «Զվարթնոց» օդանավակայանում ՀՀ տարածքը լքելու պահին, եւ ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին։

Հայտնաբերվել եւ առգրավվել է նաեւ առերեւույթ հանցագործության գործիք հանդիսացող «ՏՏ» տեսակի ատրճանակը։

Ձեռք բերված բավարար փաստական տվյալների հիման վրա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել:

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, ինչը հետագայում փոխարինվել է տնային կալանքով եւ գրավով։

Նախաքննությունը շարունակվում է։

Միջոցառումներ են ձեռնարկվում դեպքի բոլոր հանգամանքերը, այդ թվում՝ գործադրված հրազենի ձեռքբերման աղբյուրը պարզելու ուղղությամբ։

Ք.ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս