Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակությունը մասնակցել է Ստրասբուրգում ընթացող Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ)՝ տարեկան նստաշրջանի երկրորդ մասի աշխատանքներին:
Նիստի շրջանակներում ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը։
Նա իր ելույթում մասնավորապես նշել է. «Պարո’ն նախագահ, hարգելի’ գործընկերներ,
Այս տարի մենք նշում ենք Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի 75-ամյակը, որի գոյության փաստն իսկ էապես բարելավել է ժողովրդավարական միջավայրը մեր մայրցամաքում:
«Եվրոպա» եզրույթն ինքնին դիտարկվում է որպես որակի ցուցիչ բոլոր հարթություններում` ներառյալ կյանքի, շրջակա միջավայրի, անվտանգության եւ, իհարկե, ժողովրդավարության որակը:
Եվրոպայի խորհրդի անդամ երկիր լինելու արտոնությունը ժողովրդավարության բարձր որակի, մարդու իրավունքների եւ իրավունքի գերակայության նկատմամբ լիարժեք հարգանքի վկայությունն է: Միեւնույն ժամանակ, այդ արտոնությունը երկնքից իջած բարիք չէ, եւ կազմակերպության յուրաքանչյուր անդամ երկիր պետք է ամենօրյա ջանք գործադրի` պահպանելու մեր հիմնարար արժեքներին համապատասխանող ժողովրդավարության մակարդակը:
Ժողովրդավարությունը մի երեւույթ է, որը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների, հատկապես` այսօր, երբ մենք ականատես ենք լինում ագրեսիայի, պատերազմների խժդժությունների, ճգնաժամերի եւ անկայունության ամենաահասարսուռ դրսեւորումներին, ինչպես Եվրոպայի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս:
Այստեղ` Եվրոպայի խորհրդում, մենք պետք է գործենք այն գիտակցմամբ, որ ժողովրդավարական խաղաղությունը պարտադիր պայման է իրավունքի գերակայության վրա հիմնված ժողովրդավարական հասարակություն կառուցելու եւ պահպանելու համար:
Ժողովրդավարական խաղաղությունը նաեւ, առանց որեւէ խտրականության, մարդու իրավունքների լավագույն պաշտպանության նախապայմանն է:
Տիկնա’յք եւ պարոնա’յք, մենք ապրում ենք վիթխարի տեխնոլոգիական առաջխաղացման դարաշրջանում: Թվային դարաշրջանը կտրուկ փոփոխել է մեր կյանքը` բացելով նոր հեռանկարներ եւ հնարավորություններ` միեւնույն ժամանակ բերելով իր հետ նոր մարտահրավերներ, սպառնալիքներ եւ խոչընդոտներ:
Մենք չենք կարող եւ չպետք է հակադարձենք տեխնոլոգիական առաջընթացին, բայց մենք ունենք համընդհանուր պարտավորություն` տեխնոլոգիական զարգացումները ծառայեցնել ժողովրդավարության առաջընթացին, եւ, հետեւաբար, մեր առաքելությունն է ապահովել ժողովրդավարական միջազգային իրավական հիմք տեխնոլոգիական զարգացումների` ներառյալ արհեստական բանականությամբ տեխնոլոգիաների կարգավորման համար:
Հարգելի’ գործընկերներ, վերջին 75 տարիների ընթացքում մենք մշակել ենք ժողովրդավարության տարբեր հաջողված մոդելներ` հիմնված մեր հիմնարար արժեքների վրա: Այնուամենայնիվ, մենք չենք կարող ժխտել տարբեր անդամ պետություններում ժողովրդավարությունից նահանջելու խնդիրը:
Ժողովրդավարությունից նահանջը մտահոգիչ հիմնախնդիր է մեր կազմակերպության համար, եւ մենք չպետք է թերագնահատենք մեր բոլորի վրա վերջինիս ունեցած ազդեցությունը:
Մենք պետք է ակտիվորեն դիմակայենք դրան եւ ժողովրդավարությունից նահանջի նկատմամբ կիրառենք արժեքների, այլ ոչ թե իրական քաղաքականության վրա հիմնված մոտեցում` հավասար վերաբերմունք դրսեւորելով ժողովրդավարությունից նահանջող բոլոր երկրների նկատմամբ:
Տիկնա’յք եւ պարոնա’յք, մեր կազմակերպության նպատակն է նպաստել իրական ժողովրդավարության կառուցմանը, այլ ոչ թե արհեստական, կեղծ, անվանական կամ այլ փոխարինորդների ձեւավորմանը, որտեղ ժողովրդավարությունն օգտագործվում է որպես շղարշ` ավտոկրատ ռեժիմները եւ նրանց իրավախախտումները քողարկելու համար:
Ուստի, մեր առաքելությունը ժողովրդավարությունից նահանջելու վաղ կանխարգելման իրական մեխանիզմների մշակումն է ու ամբողջ Եվրոպայում իրական ժողովրդավարության կայացմանը նպաստելը»,- եզրափակել է Վարդանյանը:
ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
ՆՈՐ ՀՈՒՇԱՐՁԱՆ ԿԱՐՈՂ Է ՀԱՅՏՆՎԵԼ
Տիրինկատար լեռան վրա գտնվող վիշապաքարերը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում ընդգրկելու նպատակով հայտ է պատրաստվել. այն նախնական ցուցակում ներառելու կամ չներառելու որոշումը կկայացվի ամռանը։
«Հայաստանի եւ Արցախի պատմության եւ մշակույթի հուշարաձանների պահպանության խոչընդոտներն ու հնարավորությունները» թեմայով քննարկման ժամանակ այս մասին հայտնեց ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը։
«Հայաստանում մոտ 24 հազար գրանցված հուշարձան կա։ Եթե գումարենք նաեւ նորահայտ հուշարձանները, ստացվում է՝ մոտ 25 հազար։ ՅՈՒՆԵՍԿՕ-ում գրանցված հայկական մշակութային 3 հուշարձանախմբեր կան՝ Սանահինի եւ Հաղպատի վանական համալիրները, Գեղարդի վանքը՝ Ազատ գետի հովիտով, ու Էջմիածինը՝ իր եկեղեցիներով եւ Զվարթնոց հնավայրով։ Եվս 4 հուշարձանախմբեր ընդգրկված են նախնական ցանկերում՝ Դվին հնավայրը, Նորավանքն ու Ամաղուի ձորահովիտը, Երերույքի տաճարը, Տաթեւ վանական համալիրն ու Տաթեւի անապատը»,-ներկայացրեց Վանյանը։
Այս բոլոր գրանցումները կատարվել են 1998-2000 թվականներին։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կարգավորումներից մեկն է այն, որ մինչեւ հուշարձանը չի ընդգրկվում նախնական ցանկում, չի կարող տեղափոխվել հիմնական ցանկ. դա առաջին քայլն է: Իսկ նախնական ցանկերը չեն թարմացվել՝ սկսած 1995 թ.-ից: Այս ցանկը 28 տարի անց, գուցե, ավելանա նոր անունով:
«Նախորդ տարվանից սկսել ենք նոր գործընթաց՝ այս աշխատանքը շարունակելու համար։ Տիրինկատար լեռան վրա գտնվող վիշապաքարերը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում ընդգրկելու նպատակով պատրաստվել է հայտ՝ որպես Հայկական լեռնաշխարհին բնորոշ բացառիկ մշակութային երեւույթ, որը այլ տեղ չի հանդիպում: Այս ամռանը նախնական ցանկում ներառելու կամ չներառելու մասին որոշումը կլինի»,- տեղեկացնում է նախարարության ներկայացուցիչը։
ՓՈՔՐ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ
Տավուշի մարզպետարանի տվյալներով՝ մարզի գյուղատնտեսական նշանակության հողերը, ըստ հողային հաշվեկշռի, կազմում են 110 665,6 հեկտար, որից վարելահող՝ 25 485,3 հեկտար, բազմամյա տնկարկներ՝ 1981,8 հեկտար, այդ թվում՝ խաղողի այգիներ՝ 1195,3 հեկտար, պտղատու այգիներ՝ 786,5 հեկտար, խոտհարքներ՝ 9400,6 հեկտար, արոտավայրեր՝ 63 006 հեկտար, այլ՝ 10791,8 հեկտար։ Մարզում ոռոգելի հողատարածքները կազմում են 6779,9 հեկտար, որից տնամերձեր՝ 1215,8 հեկտար։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ Հայաստանում պետք է ավելացնել կաթիլային եղանակով ոռոգվող հողերի քանակը։ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին «Ժողովուրդ» օրաթերթը հարցում է ուղարկել՝ ճշտելու, թե Տավուշի մարզի հողերում, այգիներում ներկայումս կարկտապաշտպան որքա՞ն մակերեսով ցանց կա տեղադրված, որքա՞ն հեկտար տարածք է ոռոգվում կաթիլային եղանակով։ Մարզպետարանից պատասխանել են, որ Տավուշի մարզի հողերում, այգիներում տեղադրված է կարկտապաշտպան 9 հեկտար ցանց, կաթիլային եղանակով ոռոգվում է 130 հեկտար տարածք: Դրանք փոքր ցուցանիշներ են։
Ո՞Վ ՊԵՏՔ Է ՏՈՒԳԱՆՔԸ ՆՇԱՆԱԿԻ
Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի Դիլիջան-Իջեւան հատվածում ամեն օր կարելի է տեսնել առանց հսկողության արածող կովերի նախիրներ, ձիերի երամակներ: Այդ կենդանիները հաճախ հայտնվում են ճանապարհի երթեւեկելի մասում, ստեղծում վթարային իրավիճակներ: Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողը տեղեկատվական հարցում է ուղարկել՝ նշելով. «Տարիներ շարունակ միջպետական ավտոճանապարհի Դիլիջան-Իջեւան հատվածում թափառում են կովերի նախիրներ, ձիերի երամակներ՝ ճանապարհին ստեղծելով վթարային իրադրություններ, Տավուշի մարզպետարանը եւ անձամբ Դուք ի՞նչ եք ձեռնարկել այդ երեւույթի դեմ։ Մարզպետարանից պատասխանել են.
«Համաձայն ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 150.2 հոդվածի` ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների երթեւեկելի մասով եւ բաժանարար գոտիով անասուններ քշելը, ճանապարհի պաշտպանական գոտում առանց մշտական հսկողության անասուն արածեցնելը առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնհինգապատիկի չափով: Սակայն, համաձայն նույն օրենսգրքի 219.1 հոդվածի՝ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների իրավասության մեջ չի մտնում 150.2 հոդվածով նախատեսվածը»: Հարց է ծագում՝ ո՞ր մարմինների իրավասության մեջ է մտնում 150.2 հոդվածով նախատեսված տուգանքի նշանակումը;
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ