«ՊԵՏՔ Է ՄԻ ՆՈՐ, ՆՇԱՆԱՎՈՐ ԳՈՐԾ ՏԱՄ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հարավային Կովկասի մշակույթի վաստակավոր գործիչ, հայ գրող, արձակագիր, դրամատուրգ Ալեքսանդր Շիրվանզադեի ծննդյան 166-րդ տարեդարձն է: Գրողը, ով 1934 թվականից ԽՍՀՄ գրողների միության անդամ է, ծնվել է Ռուսական կայսրության ժամանակաշրջանում, Շամախիի նահանգում բնակվող դերձակի ընտանիքում:

 

Հետաքրքիր փաստ է, որ Շիրվանզադեն, գրող եւ գրականագետ Կոստան Զարյանն ու դերասան Հովհաննես Աբելյանը երեք քույրերի զավակներ են:

Շիրվանզադե գրողի ստեղծագործական կյանքի վրա ազդեցությունը սկսվել է վաղ տարիքում՝ հատկապես Բաքվում անցկացրած պատանեկության եւ երիտասարդության տարիներին: Այս տարիները, երբ մի քանի տարի դպրոցում սովորելուց հետո Ալեքսանդրը թողնում է կրթությունն ու մեկնում Բաքու՝ աշխատելու, որպեսզի կարողանա օգնել ընտանիքին, մեծ հետք են թողնում ապագա գրողի ստեղծագործությունների վրա: Այս ընթացքում նա աշխատում է նահանգային վարչության ատյաններում, նավթային գրասենյակներում, զանազան ընկերություններում՝ գրագիր, հաշվապահի օգնականի եւ հաշվապահի պաշտոնով։ Գրողի ստեղծագործություններում հատկապես նկարագրվում է նավթային աշխարհը:

Այս տարիների ընթացքում իր գրական առաջին քայլերն անող Ալեքսանդրը թղթակցում է հայ եւ ռուսական մամուլին, գրում հոդվածներ նավթային հարցի եւ բանվորների դրության մասին։ 1883 թվականին «Մշակ»-ում տպագրվել է Շիրվանզադեի առաջին գեղարվեստական երկը՝ «Հրդեհ նավթագործարանում» պատմվածքը, ապա «Գործակատարի հիշատակարանից» վիպակը։

Նույն թվականին նա մեկնել է Թիֆլիս, որտեղ ծանոթացել է հայ գրողների եւ մտավորականների հետ։ 1884 թվականին «Արձագանք» շաբաթաթերթում լույս է տեսնում Շիրվանզադեի «Խնամատար» վիպակը, որում ներկայացված է հայ կապիտալիստի կերպարը, ապա 1885 թվականին՝ գավառական քաղաքի կյանքը ներկայացնող «Նամուս» վեպը, որի շնորհիվ էլ երիտասարդ գրողը հայտնիություն է ձեռք բերել:

1886-ից 1891 թվականներին Շիրվանզադեն աշխատում է «Արձագանք»-ում՝ որպես քարտուղար, որտեղ էլ տպագրում է «Ֆաթման եւ Ասադը» (1888) եւ «Տասնուհինգ տարի անցած» (1890) նովելները, «Արամբին» (1888) եւ «Զուր հույսեր» (1890) վեպերը։

Գրողը իր երկերի լավագույն ընտրանին գրում է 1890-ից 1905 թվականներին, երբ վերելք էր ապրում հասարակական-քաղաքական կյանքը: 1893 թվականին լույս է տեսնում «Արսեն Դիմաքսյան» վեպը, որն արտացոլում է հայ մտավորական հոսանքների գաղափարական ու բարոյական հակասությունները եւ գործունեությունը, իսկ 1896 թվականին՝ ուսանողական կյանքին վերաբերող «Կրակ» վիպակը։ Ավելի ուշ գավառական քաղաքի արհեստավորության սոցիալական ու բարոյական ողբերգության պատմությունը շարունակում է «Չար ոգին» վիպակում։

Ստեղծագործական կյանքից բացի՝ Ալեքսանդր Շիրվանզադեն դերակատարում է ունեցել ազգային- հասարակական կյանքում: 1895-ից 1896 թվականներին արեւմտահայերի կոտորածների շրջանում Հնչակյան կուսակցությանն անդամակցող Շիրվանզադեն մեկնում է Ռուսաստան՝ նյութական աջակցության միջոցներ հանգանակելու եւ աշխատանքները կազմակերպելու համար: Հենց այս ընթացքում էլ կալանավորվել է ռուսական ոստիկանության կողմից եւ բանտարկվել Թիֆլիսի Մետեխի բանտում, որտեղ էլ գրել է իր գլխուրգործոցը՝ «Քաոս» վեպը:

«Չեմ կարող թաքցնել, ինձ թվում է, որ հայոց գրականությանը պետք է մի նոր նշանավոր գործ տամ», – բանտարկության սկզբում ասել է Շիրվանզադեն:

«Քաոս»ը կապիտալիստական մեծ քաղաքի ռեալիստական նկարագրությունն է, որը հայ քննադատական ռեալիզմի ամենախոշոր երեւույթն է թե՛ գեղարվեստական եւ թե՛ գաղափարական առումով։ Վեպում ներկայացվում է մարդկային ողբերգության պատճառներն ու ակունքները, հոգեբանական բարդ երեւույթների արտաքին ազդակները եւ սոցիալական հիմքերը:

Վեպը այնքան մեծ հնչեղություն է ձեռք բերել, որ առ այսօր համարվում է Շիրվանզադեի հաղթաթուղթը: Այն հիմք է հանդիսացել ֆիլմերի, հեռուստատեսային նախագծերի համար:

1898 թվականի հունվարին Շիրվանզադեն երկու տարով աքսորվում է Օդեսա եւ հենց այս ընթացքում էլ գրում է «Մելանիա» եւ «Արտիստը» վիպակները, «Վարդան Ահրումյան» վեպի առաջին մասը:

Շիրվանզադեն բացառիկ դեր է խաղացել հայ դրամատուրգիայի եւ թատրոնի պատմության մեջ։

1905 թվականին նա մեկնում է Փարիզ եւ հինգ տարի բնակվում այնտեղ՝ տուրք տալով լիբերալ գաղափարախոսությանը: Սրան հաջորդում է առաջին համաշխարհային պատերազմը, որը խոր հետք է թողնում գրողի վրա եւ զգալիորեն արտահայտվում նրա հոդվածներում:

Շիրվանզադեի ստեղծագործությունների հիման վրա նկարահանվել են ո՛չ միայն «Քաոս», այլ նաեւ «Նամուս», «Չար ոգի», «Պատվի համար» կինոնկարները։

ՀՈՒՐԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

 

 

ԻՋԵՑՎԵԼ Է ՂԱԶԱՆՉԵՑՈՑԻ ԳՄԲԵԹԸ

Ադրբեջանական տելեգրամյան ալիքներում նկարներ են հայտնվել, թե ինչպես են Շուշիի Սուրբ Ղազանչեցոցի վանքի գմբեթը վերածել մզկիթի գմբեթի։

 

Լուսանկարներից երեւում է, որ ադրբեջանական կողմը քանդել է երկթեք ճակատներից մեկի վրայի խաչաձեւ լուսամուտը եւ դրանից վեր գտնվող պատկերաքանդակը:

Նկարներին կից առկա է հետեւյալ մակագրությունը. «Շուշա քաղաքի «Գազանչի» եկեղեցու վերականգնումն ակտիվացել է. Աշխատանքներ են տարվում տանիքի փոխարինման եւ վնասված պատերի բեկորների վերականգնման ուղղությամբ»։

Վերականգնման անվան տակ այն վերածում են մզկիթանման շինության։

Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմի ժամանակ ադրբեջանական ռմբակոծությունից վնասվել էր եկեղեցու  հարավային ճակատը՝ խաչաձեւ լուսամուտով հանդերձ: Այն հստակ  երեւում է դեռեւս 2020 թվականի հոկտեմբերին արված լուսանկարներից: Ուստի ակնհայտ են տաճարի մանրամասների ուղղակի ավերման, ձեւափոխման աշխատանքները, ինչը դրսեւորվում է տաճարի չակերտավոր վերականգնման հենց սկզբից:

 

 

 

ՀԱՂԹԵԼ Է ԲԱՐՍԵԼՈՆԱՅԻՆ

Ֆրանսիական ՊՍԺ-ի ֆուտբոլիստները Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղում համոզիչ հաղթանակ են տարել իսպանական «Բարսելոնայի» նկատմամբ։

Հանդիպումը կայացել է Բարսելոնայի օլիմպիական մարզադաշտում եւ ավարտվել 4։1 հաշվով։

Փարիզյան թիմի կազմում աչքի են ընկել Դեմբելեն, Վիտինյան ու Մբապեն (11մ), որը դուբլ է ձեւակերպել այս խաղում։

Կիսաեզրափակչում ՊՍԺ-ն կհանդիպի Դորտմունդի «Բորուսիայի» հետ։

 

 

ՄՐՑԱՇԱՐԻ ՀԱՂԹՈՂ

Հայաստանի հրաձգության հավաքականի անդամ Էլմիրա Կարապետյանը դարձել է Ռիո դե Ժանեյրոյի միջազգային մրցաշարի հաղթող:

Փարիզի Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարում Կարապետյանը, 3-րդ տեղով դուրս գալով եզրափակիչ, դարձել է մրցաշարի հաղթող: Եզրափակչում հայ հրաձիգը 240,7 միավորով առաջինն է:

Էլմիրա Կարապետյանը մինչ այս արդեն իսկ ուներ Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր:

Ավելի վաղ կայացել էր 10 մետր օդամղիչ ատրճանակ ձեւի զույգերի պայքարը, որտեղ Էլմիրա Կարապետյան-Բենիկ Խլղաթյանը զույգը միայն 5-րդն էր: Հայաստանը Ռիոյի վարկանիշային այս մրցաշարում ներկայացված է երեք մարզիկով՝ Էլմիրա Կարապետյան, Բենիկ Խլղաթյան, Հրաչ Բաբայան:

 

 

3 ԱՐԾԱԹ ԵՎ 2 ԲՐՈՆԶ

Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը Խորվաթիայում անցկացված այս տարիքային խմբի Եվրոպայի առաջնությունում հինգ մեդալ է նվաճել: Արծաթե մեդալի արժանացել են 51 կգ քաշային Դավիթ Սաֆարյանը, 92 կգ Դավիթ Սիմոնյանը եւ + 92 կգ Միսակ Տեպանյանը: Իսկ Էրիկ Առուստամյանը՝ 57 կգ քաշային կարգով եւ Լուսյա Ավետիսյանը՝ 54 կգ, բավարարվել են բրոնզով:

 

 

ՀՐԱԺԱՐՎԵԼ Է ՄԵՆԱՄԱՐՏԵԼ

Խառը մենամարտերի մինչեւ 70 կգ քաշային կարգում UFC դասակարգման չորրորդ համար Արման Ծառուկյանը հրաժարվել է հունիսի 1-ին Նյու Ջերսիում անցկացվելիք UFC 302 մրցաշարում մենամարտել այս քաշային կարգում UFC չեմպիոն, ռուսաստանցի Իսլամ Մախաչեւի հետ։ Այդ մասին հայտնել է Արման Ծառուկյանի մենեջեր Սայաթ Աբդրահմանովը։ Արման Ծառուկյանը UFC 300 մրցաշարում պարտության էր մատնել դասակարգման առաջին համար, բրազիլացի Չարլզ Օլիվեյրային եւ դարձել չեմպիոնական տիտղոսի պաշտոնական հավակնորդ։ «Մեզ առաջարկում էին ընդունել Մախաչեւի դեմ մենամարտը հունիսի 1-ին Նյու Ջերսիում, սակայն մենք որոշեցինք հրաժարվել եւ այդ մենամարտին պատրաստվելու համար անցկացնել լիարժեք մարզումային ճամբար»,- Սայաթ Աբդրահմանովի խոսքը մեջբերում է «ԾԸՁճ ՁԹ»-ն։

 




Լրահոս