Armlur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն այսօր Երևանում մորը դաժանաբար սպանած և Կիևան կամրջից ցած նետված երիտասարդը Արտակարգ Իրավիճակների նախարարության գնդապետի որդի է։ Ավելին, մեզ հասած տեղեկությունների համաձայն 34-ամյա Նարեկ Գ-ն մեկ ամիս առաջ է դուրս եկել Ավանի հոգեկան առողջության պահպանման կենտրոնից։ Հերթական մտահոգիչ դեպքին ենք ականատես լինում, երբ հոգեկան առողջության պահպանման կենտրոնից դուրս եկած քաղաքացին մարդու կյանք է խլում։Օրերս նման դեպք արձանագրվեց Աջափնյակ վարչական շրջանում։
Քիչ առաջ Shamshyan.com-ը գրել է, որ այսօր՝ ապրիլի 20-ին, դաժան ու սահմռկեցուցիչ սպանություն և ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ավան վարչական շրջանի Դուրյան թաղամասի շենքերից մեկի բնակարանում կնոջ դի կա։
Ոստիկաններն ու պարեկները նշված տան հյուրասենյակում՝ բազմոցին, պարանոցի մասը կտրած վիճակում հայտնաբերել են նույն տան բնակիչ 63-ամյա Նաիրա Մ․-ի դին։
Դեպքի մասին ոստիկանության Նոր Նորքի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են պարեկներ Աղասի Պողոսյանն ու Անահիտ Սարգսյանը։
Տեղում աշխատում է նաև փորձաքրեագետը։
Դեպքի փաստով Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը, ոստիկանության Մաշտոցի բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մի քաղաքացի Կիևյան կամրջից իրեն ցած է նետել։ Նշված վայր են ժամանել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գևորգ Պողոսյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ։
Դեպքի մասին ոստիկանության Մաշտոցի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Էդգար Բալոյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները պարզել են, որ կամրջից իրեն ցած նետած քաղաքացին Երևանի բնակիչ 34-ամյա Նարեկ Գ․-ն է, ով Ավանում սպանված կնոջ որդին է։ Ոստիկաններն ու քննիչները ունեն տեղեկություններ, որ տղան սպանել է մորը, ապա եկել է Կիևյան կամուրջ և իրեն ցած նետել։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա
մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով`
դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։