Այսօր Ուսանողների միջազգային օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր` Ուսանողների միջազգային օրն է։ Տոնի պատմությունը սկիզբ է առել Չեխոսլովակիայում։ 1939թ. հոկտեմբերի 28-ին Պրահայի ուսանողները և դասախոսները դուրս էին եկել ցույցի` նշելու Չեխոսլովակիայի կազմավորման տարեդարձը։ Ֆաշիստ զավթիչների կողմից ցույցը դաժանաբար ճնշվեց, որի ժամանակ սպանվեց ուսանող Յան Օպլետալը։ Յանի թաղման օրը` նոյեմբերի 15-ը, նույնպես վերածվեց բողոքի մեծ ցույցի, ինչի ժամանակ տասնյակ ցուցարարներ ձերբակալվեցին։ Նոյեմբերի 17-ի վաղ առավոտյան ֆաշիստական ուժերը շրջափակեցին ուսանողական հանրակացարանները, ձերբակալվեց ավելի քան 1200 ուսանող։ Ուսանողական շարժման 9 ակտիվիստներ գնդակահարվեցին։ Հիտլերի հրամանով Չեխոսլովակիայի բոլոր բարձրագույն ուսումնական հաստատությունները փակվեցին մինչև պատերազմի ավարտը։ Հետագայում արդեն Ուսանողների համաշխարհային կոնգրեսը Նոյեմբերի 17-ը հռչակեց որպես Ուսանողների միջազգային օր։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը շնորհավորում է բոլոր ուսանողներին միջազգային օրվա առթիվ։ «Պետության զարգացման գործընթացում մեծապես կարևորվում է ուսանողների դերը, քանի որ բանիմաց, կիրթ ու բարձր արժեքների վրա հիմնված ուսանողներն են մեր երկրի ապագան։ Առանց ուսանողների մասնակցության, առանց նրանց ուժի ու եռանդի անհնար կլինի արդյունավետ լուծում տալ պետության առաջ ծառացած շատ խնդիրների»,- նշվում է հիմնադրամի տարածած հաղորդագրության մեջ։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը խոստանում է իր ծրագրերով ու գործունեությամբ մշտապես աջակցել ուսանողներին՝ նրանց ներուժն ու կարողությունները ներգրավելով բազմաթիվ խնդիրների լուծման գործում։  




Լրահոս