ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հերթական շռայլությունը․ 27 մլն դրամից ավելի գումար է հատկացվել՝ Քաղաքացու օրվա համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իշխանությունները  Քաղաքացու օրվա միջոցառումների համար 27 մլն դրամից ավելի գումար են հատկացրել։

Այսպիսով, Քաղաքացու օրը հայկական օրացույց «մտել է» 2018 թ-ի հեղափոխությունից հետո, այն նշվում է ամեն տարի ապրիլի վերջին շաբաթ օրը:

Արի ու տես, որ անգամ  անվտանգային մարտահրավերները իշխանություններին հետ չեն պահել իրենց հռչակած Քաղաքացու օրը մեծ շուքով նշելու գաղափարից, այս տարի այն կնշվի ապրիլի 27-ին:

ArmLur.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ Վարչապետի աշխատակազմից հայտնել են, որ երկու պայմանագիր է կնքել այդ օրվա միջոցառումների կազմակերպման համար:

Առաջին պայմանագիրը վարչապետի աշխատակազմը կնքել է «Գլոբալ Սուփորթ ՍՊԸ»-ի հետ, իսկ մյուս պայմանգիրը՝ «ԲԻ ԹՈՒ ՋԻ ՍՊԸ»-ի հետ։

Ինչպես գնումների պաշտոնական տեղեկագրից ենք տեղեկանում, սույն պայմանագրերով՝ կատարողի մատուցման ենթակա ծառայության գինը կազմում է մեկը՝ տասնիննը միլիոն հինգ հարյուր հազար (19.500.000) ՀՀ դրամ, մյուսը՝ ութ միլիոն յոթանասունյոթ հազար հազար վեց հարյուր (8. 277. 600) ՀՀ դրամ:

Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումների կազմակերպման շրջանակում ձեռքբերվող ծառայությունները ներառում են՝ բեմական հարթակի տրամադրում, ձայնային համակարգի տրամադրում, հաղորդավարի ծառայություններ պատկերանիշի մշակում, տեղեկատվական արշավի անցկացում, օրակարգի ձևավորում, ծրագրի կազմում, այդ թվում՝ խորագրի բովանդակությունը արտացոլող հարցաշարի կազմում, մոդերատորի ծառայություն՝ քննարկման ընթացքի համակարգում, վարում և սղագրում, տրանսպորտային ծառայություններ, հանդիպումների լուսա- և տեսաձայնագրման ծառայություն, ինչպես նաև միջոցառման արդյունքներով հաշվետվության տրամադրում, որը պետք է պարունակի հանրային քննարկման բոլոր հարթակներում իրականացված հանդիպումների սղագրությունները և տեսաձայնային նյութ (15-20 րոպե տևողությամբ տեսաֆիլմ):

Միջոցառման օրը ծառայություն մատուցող կազմակերպությունը պետք է ապահովի նաև անհրաժեշտ պարագաներով.

– Կրծքանշան՝ առնվազն 12 000 հատ,
– Ջուր՝ շշալցված 0,5 լ տարայով՝ առնվազն 3 000 հատ,
– Մեկանգամյա թղթե բաժակներ՝ 250 մլ տարողությամբ՝ 10 000 հատ,
– Ձայնային տեխնիկայի տեղակայում և սպասարկում՝ առնվազն 2 բարձրախոս, 2 դինամիկ

Ինչպես ArmLur.am-ը տեղեկանում է, այդ օրը ՀՀ համայնքներում և Երևան քաղաքի բոլոր վարչական շրջաններում «Հայրենիքը պետությունն է: Սիրո՞ւմ ես հայրենիքդ՝ ուժեղացրու՛ պետությունդ» խորագրով բանախոսություններ կլինեն:

Հանրային քննարկումների կազմակերպման համար կներգրավեն նաև հատուկ բանախոսներ: Յուրաքանչյուր միջոցառման տևողությունը նախատեսվում է առավելագույնը 1.5 ժամ:

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս