ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հռչակած «օֆերտան» ֆիասկո է ապրել։ Ինչպես հայտնի է, դեռեւս նախորդ տարեվերջին Ավանեսյանը Փաշինյանին վստահեցրել էր, թե պետական պատվերով ծառայությունների մասով սկսել է գործել չսահմանափակվող բյուջեով ՕՖԵՐՏԱՅԻ պայմանագիրը։ Իրականում, այդ ժամանակ օֆերտա չկար, բայց հայտարարությունից հետո ստիպված եղան որոշ ժամանակ անցում կատարել օֆերտայի։ Եվ ընդամենը երեք ամիս է, ինչ տարին սկսվել է, բայց պետպատվերով ծառայությունների համար նախատեսված բյուջեն գերակատարվել եւ սպառվել է։ Ավանեսյանը կառավարության նիստից հետո խոստովանել էր, որ հավելյալ միջոցների կարիք կա, պետք է հերթագրման համակարգ գործի։ Մեզ հայտնի դարձավ, որ այս հայտարարությունից հետո արդեն սահմանափակումները գործարկվել են, ընդ որում՝ սահմանափակումները սկսել են ներմուծվել «շուստրի» եղանակով. օրինակ՝ սկզբից՝ սկսել է Armed ծրագիրը «կախել», ոչ լիարժեք կերպով աշխատել, եւ բուժհաստատությունները չէին կարողանում որեւէ հայտ բացել, որեւէ այց գրանցել, իսկ հետո՝ արդեն շատ կոնկրետ սկսել են գործել սահմանափակումներ՝ դժվարամատչելի ծառայությունների մասով։
Սա լուրջ խնդրի առաջ է կանգնեցրել բուժհաստատություններին, քանի որ բուժայցելուներին արդեն կանչել են, հետազոտությունները, վիրահատությունները պլանավորել, իսկ այժմ ստիպված են նրանց ուղարկել տուն, եւ կրկին հերթագրում իրականացնել։ Երեկվանից բուժհաստատություններում քաոս է:
Արցախը հանձնելուց հետո Հայաստանի իշխանությունները արհամարհում են Արցախի վտարանդի կառավարությանը եւ տարբեր պատրվակներով հրաժարվում են հանդիպել նրանց հետ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Արցախի բռնի տեղահանումից եւ Հայաստան տեղափոխվելուց հետո՝ Արցախի իշխանությունները պարբերաբար փորձել են կապ հաստատել հայաստանյան իշխանությունների հետ եւ հանդիպումներ նախաձեռնել՝ ի վերջո հասկանալու՝ ինչ ճակատագիր է սպասվում Արցախին, բռնի տեղահանված քաղաքացիներին, արդյոք Արցախի մասով բանակցություններ վարելու ռեսուրս կա: Սակայն, ՀՀ իշխանությունները ամեն անգամ տարբեր պատճառաբանություններով մերժել են մի սեղանի շուրջ նստելու ու խոսելու առաջարկները: Ընդ որում, մեր տեղեկություններով՝ երկխոսելու այս ձախողված փորձերը Արցախի տարբեր պաշտոնյաների կողմից են եղել՝ Սամվել Շահրամանյանն իր հերթին է դիմել ՀՀ իշխանություններին, Արցախի ԱԺ նախագահի (նախագահը՝ Բաքվի բանտում) տեղակալ Գագիկ Բաղունցն իր հերթին է դիմել Ալեն Սիմոնյանին, Արցախի պատգամավորներն էլ եւս փորձեր արել են, սակայն հայաստանյան իշխանությունները, հավանաբար ասելիք չունենալու պատճառով, մերժել են Արցախից տեղահանված իշխանության ներկայացուցիչների հետ հանդիպման առաջարկները: Թերեւս, սա ՔՊ-ականների դեպքում ինչ-որ չափով հասկանալի է. իսկ ի՞նչ պետք է նրանք ասեն արցախցիներին, եթե ոչ միայն փակ են համարում այլեւս Արցախի թեման, այլ նաեւ Արցախի հետ կապված ցանկացած բան սպառնալիք են համարում Հայաստանի համար ու հիմա էլ փորձում են այնպես անել, որ հայերը մոռանան Արցախի կորստի մասին՝ ջնջելով «Արցախ» անունը ժողովրդի հիշողությունից:
Վերջին ժամանակներում բոլոր պետական-պաշտոնական կայքերում հայտնվել է մի պատուհան՝ «Ազդարարի՛ր», որը հորդորում է քաղաքացիներին հաղորդում ներկայացնել բոլոր անօրինությունների մասին՝ անանուն։ Հենց այս կայքից տեղեկանում ենք, որ Ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի միջոցով, «Ազդարարման համակարգի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ ազդարարը կարող է անանուն եղանակով հաղորդել տեղեկություններ՝ կոռուպցիոն դեպքի մասին: Միասնական էլեկտրոնային հարթակի միջոցով ՀՀ-ն՝ ի դեմս ՀՀ արդարադատության նախարարության, երաշխավորում է ազդարարի պաշտպանությունը՝ ապահովելով նրա անանունությունը: Հանրության շրջանում ձեւավորված կարծիք կա, որ համակարգը ստեղծվել է «գործ տալու» համար, եւ անանուն հաղորդում ներկայացնողները «գործ տվողներ» են։ Ազդարարման էլեկտրոնային համակարգի մասին սակավ տեղեկատվության պատճառով դիմեցինք արդարադատության նախարարություն՝ պարզելու՝ ինչ ֆինանսական աղբյուրներից է սնուցվում այս համակարգը եւ ինչ գործունեություն է պատրաստվում իրականացնել։ «2019 թվականի հունվարի 19-ին ֆինանսների նախարարությունը եւ արդարադատության նախարարությունը մի կողմից՝ որպես հաճախորդներ, եւ Joint Venture Avenue Consulting Group LLC-ն եւ Al Partnership LLC-ն մյուս կողմից՝ որպես ծառայություն մատուցողներ, կնքել են էլեկտրոնային հարթակի գործարկման ապահովման համար մատուցվող վճարովի ծառայության պայմանագիր»,- հայտնել են նախարարությունից։
Ազդարարման էլեկտրոնային համակարգի ծառայության վճարը կազմել է 46 մլն 236 հազար դրամ։
Միջազգային դոնորներից ֆինանսավորվող այս նախագիծը մեծ տեղեկատվական եւ իրազեկման արշավներ է նախապատրաստվում իրականացնել։
Կայքում զետեղված վիճակագրությունից կարող ենք եզրակացնել, որ համակարգը հաղորդումներ ստացել է 2023 թվականի մայիսից։ Վիճակագրությունն ընդգրկում է մինչեւ 2024 թվականի ապրիլ ամսվա տվյալներ։
12 ամիսների ընթացքում ստացվել է 176 անանուն հաղորդում։
Հարցման պատասխանից տեղեկանում ենք, որ Ազդարարման համակարգին հղում պարունակող պատուհանը տեղադրվել է պետական համակարգի բոլոր մարմինների եւ տեղական ինքնակառավարման մարմինների կայքէջերում՝ նպատակ հետապնդելով իրազեկելու քաղաքացիներին «Ազդարարի՛ր» էլեկտրոնային հարթակի գոյության եւ դրա հնարավորությունների մասին: Այն հնարավորություն է տալիս առանց որոնման եղանակների միանգամից մուտք գործել հարթակ։
Անհասկանալի է այս համակարգի նպատակը, քանի որ առերեւույթ, այն փաստացի չի իրականացվել։
Հարցն այն է, որ պայմանագիր կնքելով 2019 թվականին, գրեթե 3 տարի անարդյունք գործունեություն ունենալուց հետո, պատահաբար որոշում է կայացվում գնալ շատ լուրջ իրազեկման արշավների իրականացմանը՝ արդարացնելով միջազգային դոնորների հետ պայմանավորվածությունները եւ պահանջները։
Առողջապահության նախարարությունը, որի շուրջ սկանդալը քայլերով գնում է դեպի Էկոնոմիկայի նախարարության «արահետով», չի դադարում ուշադրության կենտրոնում մնալուց։ Լուրերը, թե առողջապահության նախարարությունում քննչական գործողությունները իրականացվել են կեղծ դեղերի եւ պետպատվերների տրամադրման պատճառով, ավելի խոր արմատներ են գցում։ «Ժողովուրդ» օրաթերթը օրվա ընթացքում 4-5 զանգեր է ստացել, եւ ահազանգերի պատճառը մեկն էր՝ պետպատվերների չեղարկումը: Ահազանգողները պնդում էին, որ որոշ հիվանդանոցներ չեղարկում են պետպատվերով ծառայությունները, հերթագրված ստուգումներն ու վիրահատությունները եւ հորդորում սպասել։ Հարցն այն է, որ կա հրատապության եւ առաջնահերթության խնդիր. հիվանդները սպասել չեն կարող, այդ գումարից է կախված սեփական կյանքն ու առողջությունը։ Ահազանգին ընթացք տալով՝ փորձեցինք առողջապահության նախարարությունից ստանալ համապատասխան մեկնաբանությունը, որի մասով էլ մեզ արձագանքեցին, թե տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում։ «Նման բան չկա։ ՀՀ կառավարության՝ 2023 թվականի դեկտեմբերի 28-ի թիվ 2344-Ն որոշման համաձայն՝ այս տարվա հունվարի 1-ից փորձարարական եղանակով, 6 ամիս ժամկետով պայմանագրային գումարի չսահմանափակման (օֆերտայի) սկզբունքով փոխհատուցվող 43 միջոցառումներից/ենթամիջոցառումներից 2-ը՝ համաձայն ՀՀ կառավարության՝ 2004 թվականի մարտի 4-ի թիվ 318-Ն որոշման հավելված 4-ի 3-րդ կետի 1-ին ենթակետի՝ սույն թվականի ապրիլի 17-ից սկսած իրականացվում են հերթագրման սկզբունքով՝ նույն հավելվածով սահմանված կարգով եւ առողջապահության նախարարի կողմից հաստատված ընթացակարգով։
Պետական պատվերի շրջանակներում իրականացվող բժշկական օգնությունը եւ սպասարկումը մնացած 41 միջոցառումներով/ենթամիջոցառումներով շարունակվում է իրականացվել պայմանագրային գումարի չսահմանափակման (օֆերտայի) սկզբունքով»,- փոխանցեցին նախարարությունից։
Օֆերտայի ձախողման մասին՝ մեր մյուս հրապարակման մեջ: