«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՀ առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը, անդրադառնալով ՔՊ-ական պատգամավորի հետ վիճաբանության բռնված քաղաքացու խոշտանգման դեպքին, նշում է՝ սա ահաբեկչություն է պետության դեմ:
-Տիկի՛ն Ալավերդյան, ինչպե՞ս կբնութագրեք քաղաքացի Սամվել Վարդանյանի հետ տեղի ունեցած ծեծի դաժան միջադեպը, ինչպե՞ս որակել կատարվածը՝ ըստ Ձեզ:
-Սա պետական ահաբեկչություն է, ես այլ խոսք չեմ գտնում, որովհետեւ դաժան վերաբերմունք ասվածը չի ենթադրում, որ հատուկ պատկան մարմնի ներկայացուցիչը, այն է՝ ոստիկանը, թույլ տա, որ ինչ-որ անհայտ մարդիկ նման հանցանքներ գործեն. երկի՞ր ենք, թե՞ փողոց:
Ես չեմ ճանաչում այդ պատգամավորին եւ նրան չեմ բնութագրում, բայց իր գործողություններն ու կեցվածքը, ինչպես ժողովուրդն է ասում, փողոցային են: Ես բնութագրում են իր կեցվածքը, որ, լինելով իշխանության ներկայացուցիչ, իրեն թույլ է տալիս բաներ, որոնք հատուկ են այլ խավի: Նա որպես պատգամավոր է հանդես գալիս, որպես պետության ներկայացուցիչ:
Նման դեպքերում, երբ լռեցյալ պայմանավորվածությամբ, պետական մարմնի ներկայացուցիրչները՝ հանձինս ոստիկանների, թույլ են տալիս, որ անհայտ մարդիկ մտնեն ոստիկանական մեքենա, ապա պետք է պատժվեն: Այդ անձնավորությունը այսօր պետք է դատի տա ոստիկանությանը: Չպետք է մոռանալ, որ նրանք հանդես են գալիս որպես պետական մարմնի ներկայացուցիչներ: Այս իշխանությունը՝ հանձինս իր պատգամավորների, գործադիր մարմնի որոշ ներկայացուցիչների, իրենց կեցվածքով եւ գործողություններով սպասարկում են թուրք-ադրբեջանական հայատյաց եւ ցեղասպան քաղաքականությունը:
Այս քայլով զրոյի հավասարեցվեց ոստիկանության արժանապատվությունը, ինչի համար շատ ցավում եմ, քանի որ ցանկացած երկրում ոստիկանությունը ներքին անվտանգությունն ապահովելու գործառույթ ունի: Այս դեպքում հենց իրենք են դա խախտել:
Պահանջում եմ՝ առաջին հերթին հայտնաբերել եւ պատասխանատվության ենթարկել հայորդու նկատմամբ թշնամու կեցվածք դրսեւորած ոստիկաններին: Ապա նախարարությունը պետք է բացահայտնի, թե ովքեր են եղել դիմակավորված մարդիկ, քանի որ եթե օրը ցերեկով կարելի է մարդուն դուրս բերել մեքենայից ծեծել, ջարդել եւ վերադարձնել մեքենա, ապա նշանակում է՝ երկրում գործում է թշնամական առնվազն մեկ խումբ, որի գործողությունները գործադիր իշխանության կողմից չեն պատժվում:
Սա պետության եւ պետական անվտանգության դեմ հանցագործություն է:
-Իշխանությունը ասում է, որ որեւէ ապացույց չկա, թե հանցագործություն կատարած անձինք որեւէ կերպ կապված են իրենց հետ:
-Դա փաստ է այն մասին, որ ՆԳՆ աշխատողներն իրենց տեղում չեն. եթե այսքան ակնհայտ հանցագործության դեպքում չեն կարողանում գործը բացահայտել, ուրեմն պետք է հրաժարական տան եւ իրենց տեղը զիջեն ավելի փորձառու մասնագետների:
-Հաշվի առնելով իրավապաշտպանների այն կարծիքը, որ այդ անձինք փոխկապակցված են իշխանության հետ, կբացահայտվի՞ արդյոք դեպքը:
-Կարծում եմ, որ մենք հմուտ իրավաբաններ եւ դատապաշտպաններ ունենք, որոնք այդ հարցը կկարողանան հասցնել մինչեւ Եվրոպական դատարան՝ առնվազնմ եւ կրկնում եմ, որ միայն այդ անձինք չեն, որ մեղավոր են:
– Ի՞նչ շահ կա նրանից, որ գործը հասնի Եվրոպական դատարան:
-Եվրոպական դատարանում չեն նայում նյութական գործին, այլ հետեւում են, թե գործն ինչպես է ընթանում, դատական, իրավական ինչ գործողություններ են տեղի ունենում, հետեւաբար՝ միայն ոստիկանության այն հայտարարությունը, որ չեն կարողանում գտնել հանցագործներին, կարող է որոշիչ դեր խաղալ:
Իրեն ժողովրդավար ներկայացնող իշխանության համար սա խարան է, երբ էլ որ լինի:
-Տիկի՛ն Ալավերդյան, երկու հակադիր երեւույթների ենք ականատես լինում, երբ ԱԺ նախագահը քաղաքացու վրա թքեց մնաց անպատիժ, իշխանական խմբակցության քարտուղարը եթերից ոտք ու ձեռք կտրելու սպառնալիք հնչեցրեց, եւ կրկին մնաց անպատիժ, սակայն իշխանության ներկայացուցչի հետ վեճի բռնված քաղաքացին խոշտանգումների է ենթարկվում:
-Նրանք, առաջին հերթին, վախկոտ են, հակառակ դեպքում՝ Աժ նախագահի պաշտոնը զբաղեցնող մարդը չէր հրամայի քաղաքացու ձեռքերը բռնեն, ապա մոտենար ու թքեր: Երկրորդ հերթին՝ կարեւոր է մարդու հիմնական դաստիարակողը՝ մայրը, որը այս դեպքում իր բարկությունը նույն կերպ է արտահայտում:
Ըստ երեւույթին, այս մարդիկ պատահական են այս պաշտոններին հասել: Հակառակ դեպքում՝ կիմանային իրենց ինչպես պիտի պահեն:
Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԴՊՐՈՑՆԵՐ ԵՆ ՓԱԿՎՈՒՄ
2024թ., հունվարի 20-ին Վայք քաղաքում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Այսօր հանրապետությունում ոչ մի դպրոց չի փակվում, այսօր դպրոց է կառուցվում»: «Ժողովուրդ» օրաթերթը արձանագրեց, որ իրականում Հայաստանում դպրոցներ, իհարկե, կառուցվում-վերանորոգվում են, սակայն նաեւ փակվում են, լուծարվում, եւ շենքերը՝ վաճառվում։
Մասնավորապես՝ կառավարության՝ 17.08.2023թ. նիստում որոշում կայացվեց Լոռու մարզի Վանաձոր համայնքի՝ Վանաձոր ք. Թեւոսյան փողոցի N 7 դպրոց հասցեում գտնվող 3 059.82 քառ. մետր մակերեսով շենք-շինությունները եւ դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված 0.49382 հեկտար մակերեսով հողամասը օտարել։ Հիմնավորման մեջ նշվում է, որ գույքը նախկինում օգտագործվել է որպես դպրոց, սակայն 2-3 տարի է, ինչ չի շահագործվում։
24.08.2023թ., կառավարությունը որոշում կայացրեց փակել «Գուգարքի ավագ դպրոց» ՊՈԱԿ-ը եւ միացնել «Գուգարքի հիմնական դպրոց»-ին։
Հիմնավորման մեջ նշվում է, որ «Գուգարքի ավագ դպրոց» ՊՈԱԿ-ն իր առաքելությունը լիարժեք չի իրականացնում: ՊՈԱԿ-ը նախատեսված է շուրջ 460 սովորողի համար, սակայն սովորում է 23 աշակերտ. տարեցտարի դպրոցում գրանցվել է սովորողների թվի նվազում (2015-2016 ուստարում դպրոցն ունեցել է 107 աշակերտ, 2019-2020 ուստարում՝ 38 աշակերտ, 2022-2023 ուստարում՝ 23):
10.01.2024թ., ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Ենոքյանը ֆեյսբուքյան էջում գրեց. «2023 թվականի սեպտեմբերի 11-ի N 1790-Ա/2 հրամանով՝ այսպես կոչված՝ «Հայաստանի Հանրապետության կրթական որակյալ ծառայությունների հասանելիության ապահովման ծրագրի» համաձայն՝ Շիրակի մարզում փակվելու են 40-ից ավելի դպրոցներ, որոնցից մի քանիսը գտնվում են սահմանամերձ գյուղերում»։
20.01.2024թ., 168.am-ի խմբագրությանն էր դիմել Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանի Մեղրաշատ գյուղի բնակչուհի Ռուզաննա Սամվելյանը՝ ահազանգելով, որ կառավարությունը որոշել է փակել իրենց գյուղի դպրոցը եւ միավորել հարեւան գյուղի դպրոցի հետ։ Ընդ որում, երեք գյուղերի՝ Մեղրաշատի, Բյուրակնի ու Ողջիի դպրոցները:
Ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2025-2026 թվականներին:
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
«ՉՊԵՏՔ Է ՍՊԱՍԵՆՔ ԵՎՍ ՄԵԿ ԴԱՐ». ԱՆՆԱ ԷՇՈՒ
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին եւ Լեռնային Ղարաբաղի արդարության պահանջին նվիրված նիստում ելույթ են ունեցել ցեղասպանությունը վերապրածների ժառանգները: ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի՝ հայ-ասորական ծագում ունեցող անդամ Աննա Էշուն հայտարարել է. «Մենք չպետք է սպասենք եւս մեկ դար՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու՝ հայ ժողովրդի դեմ կատարած հանցագործությունների համար»:
Նա հիշեցրել է Լեռնային Ղարաբաղի հայերի էթնիկ զտման, ամիսներ շարունակ նրանց շրջափակման մեջ պահելու Ադրբեջանի իշխանությունների գործողությունները: «Ես կոչ եմ անում ԱՄՆ պետքարտուղարությանը՝ դադարեցնել ռազմական օգնությունն Ադրբեջանին, պատժամիջոցներ սահմանել այդ հանրապետության պաշտոնյաների նկատմամբ՝ մարդու իրավունքի կոպիտ խախտումների համար եւ օգնել Լեռնային Ղարաբաղից 120 հազար բռնի տեղահանվածներին», – կոչ է արել Աննա Էշուն:
Իրենց ելույթներում Ցեղասպանությունը վերապրածների ժառանգները կոչ են արել ԱՄՆ-ի իշխանություններին ընդունել նաեւ Հայոց ցեղասպանության կրթական ակտը (HR2803):
ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԼՍՈՒՄՆԵՐ ԿԼԻՆԵՆ
Մայիսի 10-ին խորհրդարանական լսումներ կլինեն, որոնք նախաձեռնել է Ազգային ժողովի աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ լսումները լինելու են «Կամավոր աշխատանքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի եւ հարակից օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ:
Լսումներին մասնակցելու է նաեւ Հայաստանի Հանրապետության աշխատանքի սոցիալական հարցերի նախարար տեղակալ Ռուբեն Սարգսյանը:
ԱՎՍՏՐԻԱՆ ԻՐ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ Է ՀԱՅՏՆԵԼ
Ավստրիայի խորհրդարանը ապրիլի 17-ին միաձայն բանաձեւ է ընդունել՝ հաջակցություն Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների, որոնք փախել են Ադրբեջանի հարձակման պատճառով։
Բանաձեւը կոչ է անում պաշտպանել խոցելի խմբերի, կանանց եւ երեխաների իրավունքները, պահպանել հայկական մշակութային ժառանգությունը Լեռնային Ղարաբաղում, ինչպես նաեւ աջակցել Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելությանը։