Ի՞ՆՉ ՈՒՆԵՑՎԱԾՔ ՈՒՆԻ ԺՈՐԱ ՉԻՉՈՅԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ՔՊ պատգամավոր Հակոբ Ասլանյանի եւ քաղաքացի Սամվել Վարդանյանի միջեւ եղած միջադեպը վերջին օրերին բորբոքել է իշխանական կրքերը։

 

Միջադեպից մեկ օր անց Սամվել Վարդանյանին ՁՊՎ տեղափոխելու ճանապարհին ծեծի են ենթարկել անհայտ անձինք։

Նրա կալանքի գործը մակագրվել է դատավոր Ժորա Չիչոյանին, ով տնային կալանք եւ 7 միլիոն դրամ գրավ է կիրառել:

Ինչպես հայտնի է, դատավոր Ժորա Չիչոյանը կալանքի որոշում կայացրեց 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մոր` Գայանե Մարտիրոսյանի մասով, երբ նա վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդուն՝ Աշոտ Փաշինյանին, նստեցրել էր մեքենան, որպեսզի զրուցեն, ու այն վարել էր՝ նշելով, թե ցանկանում էին գնալ Եռաբլուր:

Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ժորա Չիչոյանը պաշտոնի նշանակվել է 2022 թվականի սեպտեմբերի 15-ին, իսկ հայտարարագիր ներկայացրել է մարտի 9-ին։ Դատավոր Չիչոյանը հայտարարագրել է 2 բնակարան բազմաբնակելի շենքում եւ մի հողամաս. անշարժ գույքը Չիչոյանը ժառանգություն է ստացել։ Բնակարաններից մեկը գտնվում է Երեւանի Արաբկիր վարչական շրջանում, իսկ մյուսը՝ Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում. հողամասը Շողակաթ համայնքում է։ Չիչոյանը տրանսպորտային միջոց չի հայտարարագրել։ Նրա բանկային ավանդները կազմել են 6 մլն դրամ, կանխիկ դրամական միջոցները՝ 18 մլն դրամ եւ 20 հազար դոլար։ Դատավոր Չիչոյանն ունի նման ֆինանսական միջոցներ, սակայն նրա տարեկան եկամուտները կազմում են 4 մլն 667 հազար դրամ։

Եկամուտներից 2 մլն 95 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է ՀՀ բարձրագույն դատական խորհրդից, 2 մլն 80 հազարը աշխատանքի վարձատրություն է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունից, իսկ 492 հազար դրամը վարկ է «Էվոկա» բանկից։ Ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 4 մլն 514 հազար դրամ։ Անհասկանալի է մնում եւ կասկածելի թվում, թե ինչպես է Չիչոյանը տարեկան եկամտի չափին հասնող վարկային միջոցները մարում։ Նաեւ հետաքրքիր փաստ կարող է դիտվել այն, որ դատավորի կանխիկ դրամական միջոցները 6,5 անգամ գերազանցում են նրա տարեկան եկամուտները։ Նա նաեւ չի նշել այս գումարների ստացման աղբյուրները, ինչը կարող է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մոտ կասկած առաջացնել, եւ ԿԿՀ-ն որոշում կայացնի վարույթ հարուցելու։

Հիշեցնենք, որ երբ Ժորա Չիչոյանը,  44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մորը` Գայանե Մարտիրոսյանին, կալանքի տակ վերցնելու որոշում կայացրեց, այս որոշումից հետո մամուլը գրեց, որ դեռեւս մեկ տարի առաջ ՀՀ նախագահն առարկություն էր ներկայացրել Ժորա Չիչոյանին դատավոր նշանակելու մասով ՀՀ բարձրագույն դատական խորհուրդ, որը ԲԴԽ-ն ընդունել էր ի գիտություն, սակայն ԲԴԽ-ում դատավոր հորեղբոր՝ Սերգեյ Չիչոյանի եւ իր հոր` Շիրակի մարզի դատախազ Արմեն Չիչոյանի գործուն ջանքերով, ԲԴԽ-ն հաշվի չառավ նախագահի առարկությունը եւ Ժորա Չիչոյանին նշանակեց դատավոր: Իշխանության «սրտի» դատավոր Ժորա Չիչոյանն էլ, որ քար չգցի իր հոր` Շիրակի մարզի դատախազ Արմեն Չիչոյանի կարիերայի վրա, հորեղբոր` դատավոր Սերգեյ Չիչոյանին չվնասի, կամ հորեղբոր փեսայի` Անուշավան Մուշեղյանի համար խնդիրներ չստեղծի (որը նույնպես դատավոր է), կալանքի տարավ զոհվածի մորը:

ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

 

 

ՀԱՆՈՒՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅԱՆ

«Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժումն իր համերաշխությունն է հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը եւ նրա հռչակած արժեքներին ու կարգախոսին, այն է՝ «Պատիվ եւ հայրենիք»։

 

Մենք պաշտպանում ենք Հայաստանում շարժման նախաձեռնությունը՝ հանուն ազգային համերաշխության եւ միասնության, քանի որ վտանգված է ոչ միայն Տավուշի մարզի Ոսկեպարի ռազմավարական տարածքը, այլեւ Հայաստանի պետականությունը եւ հայրենիքի ամբողջականությունը։

«Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժումը պատրաստակամ է ցանկացած ձեւաչափով համագործակցել՝ հանուն պետականության, անկախության, անվտանգության եւ հայ ժողովրդի ազգային արժանապատվության։

 

«Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժման համակարգող խորհուրդ:

 

 

 

ՏՈՒՐԻԶՄ ԵՆ ԶԱՐԳԱՑՆՈՒՄ՝ ՎԱԳՈՆՆԵՐՈՎ

Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի Դիլիջանի ոլորաններում դարավանդը քերել, բնական ռելիեֆը աղճատել, ազատված տարածքում որպես սննդի, առեւտրի  օբյեկտներ՝ խորհրդային տարիների  մաշված  վագոններ են տեղադրել: Այսպես 21-րդ դարում միջնակարգ մասնագիտական կրթությամբ, Եվրոպական համալսարանում հեռակա սովորող, ՔՊ կուսակցության Դիլիջանի կազմակերպության  նախագահ,  Դիլիջան խոշոր համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանի գլխավորությամբ՝ տուրիստական համբավ ունեցող Դիլիջանում զբոսաշրջություն են զարգացնում։

 

 

 

ՓԱՇԻՆՅԱՆԻ ԴԱՍԱՎԱՆԴՈՒՄԸ

Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Ժողովրդավարության դպրոցում «Հայաստանի Հանրապետության սոցիալ-հոգեբանությունը» թեմայով դասախոսության ժամանակ,  անդրադառնալով խորհրդային ժամանակաշրջանին եւ հիշեցնելով, որ ծնվել ու մեծացել է Իջեւանում, նշել է. «Մեր մանկական խոսակցություններում ամենաշատ հնչող բառերից մեկը Արցախն էր՝ 1984, 1985, 1986 թվականներին: Կարո՞ղ եք կռահել՝ ինչո՞ւ: Չեք կռահի: Ուրեմն, Իջեւանում ամենահայտնի էլիտար ռեստորանը Խորհրդային Միության ժամանակ կոչվում էր «Արցախ», եւ մինչեւ հասկացանք՝ ղարաբաղյան շարժումն էդ ինչի մասին է, մեր խոսակցության մեջ անընդհատ «Արցախը» ներկա էր՝ «Արցախում» էս է եղել, էն է եղել. իսկ դա այն ռեստորանն էր, որտեղ գնում էր Իջեւանի շրջանի էլիտան, եւ էրեխեքը մտածում էին՝ որ մեծանանք, մենք էլ կգնանք «Արցախ» ռեստորան»:  Իրականում  «Արցախ» բառը մանկուց Նիկոլ Փաշինյանին հայտնի է եղել ոչ  միայն որպես ռեստորանի անվանում։ 13 տարեկան հասակում  Նիկոլ Փաշինյանը Արցախին նվիրված հայրենասիրական բանաստեղծություն է ձոնել։ Իջեւան քաղաքից բանաստեղծուհի Լուսինե Ենգոյանը 2020 թ.-ին «Վան Արյան» հրատարակչատանը տպագրել է «Իջեւանի մշակույթը 1970-ական թվականներից մինչեւ 2020 թվականը» գիրքը, որտեղ նա զետեղել է նաեւ Նիկոլ Փաշինյանի կողմից՝ 1988 թ.-ին՝ 13 տարեկանում գրած «Արցախ» բանաստեղծությունը։ Անտիպ այդ բանաստեղծությունը Լ. Ենգոյանին է տրամադրել Նիկոլ Փաշինյանի խորթ մայրը՝ Երջանիկը: Ստորեւ  7 քառատողից բաղկացած բանաստեղծությունից 2 քառյակ.

 

Դուք Ղարաբաղ եք ասում այդ հողին,

Իսկ մենք՝ հայերս, ասում ենք՝ Արցախ։

Դուք, այդ ասելով, նմանվում եք գողի,

Իսկ մենք՝ հայկական, քաջարի, անվախ։

 

Մենք Ղարաբաղին, ո՛չ, աչք չենք դրել,

Ինչո՞ւ աչք դնել սեփական հողին,

Դուք մեր սահմանն այնքան եք հրել,

Որ ուզում եք տիրել Մեղրու խաղողին։

ՈՍԿԱՆ  ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ




Լրահոս