ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ՝ ՏՏ ՈԼՈՐՏԻ ՇՈՒՐՋ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ապրիլի 17-ին Ռիյադում հանդիպում է ունեցել Սաուդյան Արաբիայի տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Ահմադ Ալ-Սայանի հետ: Հանդիպումը կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ ՍԱ այցի շրջանակներում։

 

Ինչպես նշված է ՀՀ ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ, զրուցակիցները հանգամանալից անդրադարձել են Հայաստանի եւ Սաուդյան Արաբիայի միջեւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններին եւ զարգացման հեռանկարներին: Արձանագրելով, որ երկու երկրներն այս ոլորտում «խոսում են նույն լեզվով», կիսում են նույն առաջնահերթությունները, զրուցակիցները նախանշել են փոխգործակցության հիմնական ուղղություններն ու պայմանավորվել նպաստել համապատասխան կառույցների միջեւ կապերի զարգացմանը։ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը զրուցակցին ներկայացրել է ՀՀ կառավարության համար առաջնահերթություն հանդիսացող ՏՏ ոլորտի զարգացման տեսլականը եւ մինչ օրս գրանցված հաջողությունները՝ ընդգծելով ընդհանուր տնտեսության մեջ ոլորտի զբաղեցրած էական մասնաբաժինը: Վահան Կոստանյանը զրուցակցին է ներկայացրել ոլորտի զարգացման գործում կանանց ներգրավվածության բարձր ցուցանիշները, ինչպես նաեւ կրթության մեջ նորարար լուծումներին հատկացվող ուշադրությունը՝ այս համատեքստում անդրադառնալով «ԹՈՒՄՈ» ստեղծարար կենտրոնի գործունեության միջոցով ընձեռնվող հնարավորություններին:

Հաշվի առնելով թվային կառավարման, արհեստական բանականության ներդրման ուղղությամբ Սաուդյան կողմի հաջողությունները՝ զրուցակիցները պայմանավորվել են իրականացնել ձեւավորված փորձի փոխանակում եւ խթանել կապերը ոլորտի առաջատար ընկերությունների միջեւ։

ԷՄՄԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս