ԿՀԱՐՑԱՔՆՆՎԻ «ՕՐԵՆՔՈՎ ԳՈՂ» «ԶԱՊԻ» ՓԵՍԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 10-ին Արգավանդի խաչմերուկին 36 կգ ոսկի, 293 միլիոն ՌԴ ռուբլի հափշտակելու դեպքով առեղծվածները շարունակվում են: Մեզ հասած տեղեկություների համաձայն՝ 36 կգ ոսկին եւ 293 միլիոն ՌԴ ռուբլի անհետացման գործով իրավապահ համակարգի ուշադրության կենտրոնում է հայտնվել «օրենքով գող» Անդրանիկ Սողոյանի փեսան, որի ավազի հանքում էլ տարել եւ թաքցրել են մեքենան:

 

Իրավապահները պարզել էին, որ Ա.Սգ-ն, մի խումբ անձանց հետ, մասնակցել է զենքի գործադրմամբ հարձակմամբ առանձնապես ծանր հանցագործություն կատարելու նպատակով ստեղծված հանցավոր կազմակերպությանը։ Վերջինիս կազմում Ա.Ս.-ն քննությամբ դեռեւս չպարզված աղբյուրից նախապես տեղեկացել է ՌԴ-ում բնակվող անձին պատկանող առանձնապես խոշոր չափի՝ 1.024.000.000 ՀՀ դրամ արժողությամբ 36 կգ քաշով 999 հարգի ոսկյա ձուլակտորները եւ 1.216.000.000 ՀՀ դրամին համարժեք 293.000.000 ՌԴ ռուբլի գումարը մեկ այլ անձի՝ Դ.Ի.-ի կողմից 2024թ. ապրիլի 10-ին ՌԴ-ից «Զվարթնոց» օդանավակայանով ՀՀ տեղափոխելու մտադրության մասին։ Հանցավոր կազմակերպության մի շարք անդամների հետ, նշված գույքը զենքի գործադրմամբ բռնություն գործադրելով հափշտակելու նպատակով, նախապես պլանավորել եւ հստակ դերաբաշխել են հանցավոր կազմակերպության անդամներից յուրաքանչյուրի գործողությունները:

Հանցավոր մտադրությունն իրագործելու, մասնակիցների հնարավոր շարժը քողարկելու եւ չբացահայտվելու նպատակով Ա.Ս.-ն եւ հանցավոր կազմակերպության մյուս անդամները 2024 թ. ապրիլի 10-ին Երեւան քաղաքի փողոցներից մեկում կայանված «Պորշ» մակնիշի ավտոմեքենայի վրայից հափշտակել են պետհամարանիշները, այն ամրացրել են իրենց կողմից շահագործվող «Պորշ» մակնիշի ավտոմեքենայի վրա եւ ընթացել «Զվարթնոց» օդանավակայանի ուղղությամբ՝ դարանակալելով Արմավիրի մարզի Փարաքար համայնքի խաչմերուկներից մեկում:

Արդյունքում՝ վերջիններս «Պորշ» մակնիշի ավտոմեքենայով հետապնդել են «Հունդայի Սոնատա» մակնիշի ավտոմեքենային եւ ժամը 07:15-ից մինչեւ 07:20-ն ընկած ժամանակահատվածում Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մայրաքաղաքային փողոցի դիմաց արհեստական խոչընդոտ ստեղծելով՝ դիմացի աջ դռան պատուհանից զենքի գործադրման սպառնալիքով, կանգնեցրել են նշված ավտոմեքենան: Կանգնեցնելուց հետո ենթադրյալ հանցագործությունը կատարած անձինք, ԱԱԾ աշխատակիցների համազգեստին նմանվող համազգեստով եւ դիմակավորված, դուրս գալով ավտոմեքենայից՝ ներկայացել են իբրեւ ՀՀ ԱԱԾ աշխատակիցներ եւ ավտոմեքենայում գտնվող 3 անձի նկատմամբ զենքի գործադրմամբ բռնություն գործադրելով՝ նրանց դուրս են բերել ավտոմեքենայից, թմրամիջոց ու այլ արգելված իրեր փնտրելու եւ նրանց ձերբակալելու պատրվակով անցկացրել են ձեռնաշղթաներ, ապա, ավտոմեքենայից հափշտակելով առանձնապես խոշոր չափի՝ 36 կգ քաշով 999 հարգի ոսկյա ձուլակտորների եւ 293.000.000 ՌԴ ռուբլի գումարի պարունակությամբ պայուսակները, հիշյալ անձանց նկատմամբ բռնություն գործադրելով, նստեցրել են նույն ավտոմեքենան, դիմացի դռնից արցունքաբեր գազ փչելով ավտոմեքենայի մեջ՝ «Պորշ» մակնիշի ավտոմեքենայով դիմել են փախուստի:

Այնուհետեւ, հանցավոր կազմակերպության անդամները գնացել են Արմավիրի մարզի գյուղերից մեկում գտնվող հանքի տարածք, ավտոմեքենայով բարձրացել են բլուրների մոտ, որտեղ «Պորշ» մակնիշի ավտոմեքենան թաքցնելու նպատակով, այն կայանել են բլրի մեջ տեխնիկայի միջոցով նախապես իրենց հրահանգով փորված անցքի մեջ եւ նույն տեխնիկայով ավտոմեքենան ամբողջությամբ ծածկել են հողով՝ քողարկելով այն։ Այդ ընթացքում հանցավոր կազմակերպության մասնակիցներից մեկը, հանցագործության բացահայտմանը խոչընդոտելու նպատակով, անջատել է տարածքը տեսանկարահանող սարքերի տեսաձայնագրությունների հիշողության կրիչի պարունակությամբ սարքը: Այնուհետեւ, հանցավոր կազմակերպության անդամները հանքի տարածքում գտնվող տարբեր ավտոմեքենաներով դիմել են փախուստի։

Իսկ ահա, հանքի հետ կապ ունի «օրենքով գող» Անդրանիկ Սողոյանի փեսան, որին, դատելով իրավիճակից, իրավապահները կանչելու են հարցաքննության՝ հասկանալոեւ համար իր հնարավոր կապը ոսկին գողացողների հետ եւ առհասարակ ոսկու հետ:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ԱՐԳԵԼՎԱԾ ԻՐԵՐ՝ ՔԿ ԽՑՈՒՄ

«Արմավիր» ՔԿՀ-ի խցերում խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել են արգելված իրեր:

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության եւ հատուկ նշանակության բաժնի ծառայողները, նույն վարչության «Արմավիր» տարածքային բաժնի եւ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողների հետ համատեղ ապրիլի 18-ին իրականացրել են հերթական հատուկ միջոցառումները, որոնց շրջանակներում խուզարկություններ են կատարվել հիմնարկի խցերում։ Արդյունքում՝ տարբեր խցերից հայտնաբերվել են բջջային հեռախոսներ, բջջային հեռախոսների պարագաներ, ինչպես նաեւ՝ քրեակատարողական հիմնարկների ներքին կանոնակարգի պահանջներին չհամապատասխանող այլ իրեր։ Ազատազրկված անձանց կողմից արգելված իրերի պահման եւ շրջանառության դեմ պայքարը կրում է պարբերական բնույթ։

 

 

 

ՏՂԱՄԱՐԴՈՒ ԴԻ Է ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ

Ապրիլի 18-ին 63-ամյա հոր անհետ կորելու մասին ոստիկանության Մեղրիի բաժնում հաղորդում է տվել Ալվանք գյուղի բնակիչ 44-ամյա մի տղամարդ:

Նա հայտնել է, որ հայրը՝ Սամվել Ղազարյանը, ապրիլի 13-ին ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու եւ չի վերադարձել: Նաեւ հայտնել է, որ նախկինում ոստիկանություն չեն դիմել, որովհետեւ փորձել են նրան հայտնաբերել իրենց ուժերով:

Ոստիկանության Կապանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Սամվել Ղազարյանը ապրիլի 13-ի ժամը 17:00-ի սահմաններում անտառամիջյան ճանապարհով գնալիս հանդիպել է տարածքում բնակվող կապանցի 35-ամյա երիտասարդին, եւ նրա տանը երկուսով ալկոհոլ են օգտագործել: Այնուհետեւ գտնվելով ոչ սթափ վիճակում՝ սկսել են ինչ-որ հարցի շուրջ վիճել, որի ընթացքում 35-ամյա կապանցին բազմաթիվ հարվածներ է հասցրել 63-ամյա տղամարդուն, ինչի հետեւանքով էլ նա մահացել է:

Ապրիլի 18-ին 35-ամյա երիտասարդը հայտնաբերվել, ձերբակալվել եւ ներկայացվել է ոստիկանության Կապանի բաժին, որտեղ ընդունել է մեղքը եւ հայտնել, որ սպանելուց հետո 63-ամյա տղամարդուն թաղել է իր այգու տարածքում: Նրա մատնանշած վայրում օպերատիվ-քննչական խումբը հայտնաբերել է 63-ամյա տղամարդու այրված դիակը: 35-ամյա երիտասարդը հայտնել է, որ սպանելուց հետո այրել է դիակը, հետո թաղել:

 

 

 

ՌԴ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԳՈՐԾՈՎ ՈՐՈՇՈՒՄ Է ԿԱՅԱՑՎԵԼ

Ավարտվել է Ռուսաստանի Դաշնության երկու քաղաքացիների կողմից Երեւան քաղաքի Թումանյան եւ Մաշտոց փողոցներում խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում իրականացված քննությամբ պարզվել է, որ, ՌԴ քաղաքացի 22-ամյա երիտասարդն իր 19-ամյա ընկերուհու հետ նախնական համաձայնություն են ձեռք բերել խուլիգանական գործողություններ եւ հասարակության նկատմամբ անհարգալից եւ իրավական ու բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելու եղանակով շահույթ ստանալու շուրջ եւ այդ նպատակով կատարել են դերաբաշխում:

2023թ. դեկտեմբերի 8-ին՝ ժամը 22:00-ից մինչեւ 23:30-ն ընկած ժամանակահատվածում, նրանցից մեկը, բարոյական նորմերի ակնհայտ կոպիտ խախտումներով բարձրացել է Երեւան քաղաքի Թումանյան փողոցում գտնվող վաճառակետի ցուցափեղկի վրա, որի պատճառով այն կոտրվել է: Ապա հարեւանությամբ գործող վաճառքի կետի ցուցափեղկին շարված մրգերը նետել է աշխատակցի վրա՝ այդ կերպ ստորացնելով վերջինիս, որից հետո մոտեցել է Երեւան քաղաքի Մաշտոց փողոցում գործող ծաղկի վաճառակետին եւ կրկին նույն դրդումներով ծաղիկները նետել է գետնին եւ տրորել դրանք՝ հնչեցնելով հայհոյանքներ եւ անպարկեշտ արտահայտություններ:

Նույն ընթացքում վերջինիս 19-ամյա ընկերուհին՝ այլոց ուշադրությունն իրենց խուլիգանական գործողությունների վրա սեւեռելու նպատակով, հայհոյախառն արտահայտություններ է հնչեցրել եւ ամբողջ ընթացքում տեսանկարահանել եւ հասարակության անդամների համար հասանելի սոցիալական հարթակներում հրապարակել է ընկերոջ հակաօրինական եւ հակաբարոյական գործողությունները, քաջալերել դրանք՝ տալով անբարո արարքներ կատարելու նոր գաղափարներ՝ նպատակ ունենալով տարբեր սոցիալական հարթակներում տեղադրված այդ տեսանյութերի դիտումներից շահույթ ստանալ:

Փաստերի հիման վրա՝ 22-ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով: Որպես խափանման միջոց՝ նրա նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելքը։

Նախաքննությամբ տվյալներ են ստացվել 19-ամյա աղջկա կողմից թմրանյութ օգտագործելու վերաբերյալ եւ նրա նկատմամբ ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննություն նշանակելու մասին որոշում է կայացվել: Փորձագիտական հանձնաժողովի եզրակացությամբ մեղսագրվող արարքների նկատմամբ աղջիկը ճանաչվել է անմեղսունակ, եւ գնահատվել է, որ նա կարիք ունի հարկադիր բուժման:

 

 

 




Լրահոս