13 ՍՈՒԲՅԵԿՏԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԿԱՍԵՑՎԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինը ամփոփել է 2024 թվականի մարտ ամսվա կատարված աշխատանքը: Այս մասին հայտնում են տեսչական մարմնից:

 

ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում եւ կարգով իրականացված վերահսկողական եւ/կամ օրենքով սահմանված այլ գործառույթների իրականացման ընթացքում արձանագրվել է 157 դեպք:

Բուսական աշխարհի պահպանության ոլորտում արձանագրվել է 68 դեպք։ Իրականացվել է շրջակա միջավայրին պատճառված վնասի 74 հաշվարկ՝ 38.091.496 ՀՀ դրամի չափով։

Հարուցվել է 14 վարչական վարույթ։ Կայացվել է տույժ նշանակելու մասին 7 որոշում, նշանակվել 700?000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Կարճվել է 5 վարչական վարույթ:

Կենդանական աշխարհի պահպանության ոլորտում  արձանագրվել է 4 դեպք։ Իրականացվել է շրջակա միջավայրին պատճառված վնասի 2 հաշվարկ՝ 26.000 ՀՀ դրամի չափով։

Հարուցվել է 4 վարչական վարույթ։ Կայացվել է տույժ նշանակելու մասին 4 որոշում, նշանակվել 140?000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Կարճվել է 49 վարչական վարույթ:

Մթնոլորտային օդի եւ ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման եւ պահպանման ոլորտում արձանագրվել է 30 դեպք։ Իրականացվել է շրջակա միջավայրին պատճառված վնասի 3 հաշվարկ՝ 18?891?395 ՀՀ դրամի չափով։

Հարուցվել է 27 վարչական վարույթ։ Կայացվել է տույժ նշանակելու մասին 24 որոշում, նշանակվել 750.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Կարճվել է 3 վարչական վարույթ:

Ընդերքի պահպանության ոլորտում արձանագրվել է 1 դեպք։ Հարուցվել է 1 վարչական վարույթ։

Իրականացվել է թվով 6 չափագրման աշխատանք՝ տրավերտինի, բազալտախառն լեռնային զանգվածի եւ ավազանման լեռնայի զանգվածի ապօրինի արդյունահանման դեպքերով։

Հաշվետվությունների սահմանված ժամկետում չներկայացման կամ աղավաղված ներկայացման 15 դեպք է արձանագրվել։

Հարուցվել է 15 վարչական վարույթ։ Կայացվել է տույժ նշանակելու մասին 22 որոշում, նշանակվել 900.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Կարճվել է 4 վարչական վարույթ:

ԲԸՏՄ ղեկավարի կողմից տրվել է ստուգում իրականացնելու մասին 33 հանձնարարագիր։ Իրականացվել է շրջակա միջավայրին հասցված վնասի 20 հաշվարկ՝ 24.249.220 ՀՀ դրամի չափով։ Կայացվել է տույժ նշանակելու մասին 38 որոշում, նշանակվել 7.850.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Կարճվել է 1 վարչական վարույթ:

Կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն՝

l առանց համապատասխան ջրօգտագործման թույլտվության – 12,

l առանց անշարժ աղբյուրներից աղտոտող նյութեր մթնոլորտ արտանետման թույլտվության – 1,

Տրվել է պարտադիր կատարման 11 հանձնարարական՝

l վտանգավոր նյութեր, արտադրության ու սպառման թափոններ – 5,

l ջրային ռեսուրսների օգտագործում եւ պահպանություն – 3,

l հողերի օգտագործման եւ պահպանության – 2,

l մթնոլորտային օդի պահպանության -1։

ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 32 գործ (բռնագանձման ենթակա գումարի չափը՝ 15.386.202 ՀՀ դրամ)։

ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 20.467.982 ՀՀ դրամ:

 

 

 

Ի՞ՆՉ ՈՒՆԵՑՎԱԾՔ ՈՒՆԻ Ս. ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ԳՈՐԾՈՎ ՔՆՆԻՉԸ

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել, որ Սամվել Վարդանյանի գործով քննիչը Գոռ Դավթյանն է։

«Ժողովուրդ» օրաթերթը ներկայացնում է, թե 2022 թվականին ինչ ունեցվածք է ներկայացրել այն ժամանակ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության ՀԿԳ քննիչ Դավթյանը 2023 թվականի համար։

Այսպիսով՝ 2023 թվականին ներկայացված հայտարարագրում Դավթյանը չի ներկայացրել սեփական անշարժ գույք եւ չի նշել իր հետ բնակվող որեւէ անձի։ Այնինչ, Հայաստանի Հանրապետության ընտրողների պետական ռեգիստրից տեղեկանում ենք, որ Գոռ Դավթյանը գրանցված է Շիրակի մարզի Գյումրի քաղաքում եւ նրա հետ նույն հասցեում գրանցված է եւս 12 անձ։

Դավթյանը տվյալ տարվա սկզբում առկա տրանսպորտի միջոց հայտարարագրել է 2 մեքենա՝ VAZ եւ KIA մակնիշների։

VAZ մակնիշի ավտոմեքենան քննիչը նվիրատվություն է ստացել 2013 թվականին, իսկ KIA մակնիշի մեքենան գնել է 2021 թվականին։

Նույն տարվա ընթացքում ձեռք է բերել տրանսպորտային միջոց՝ 2 մլն 430 հազար դրամ արժողությամբ 2005 թվականի արտադրության HONDA մակնիշի մեքենա։

Տարվա ընթացքում առկա 2005 թվականի արտադրության KIA մակնիշի մեքենան վաճառել է 800 հազար դրամով։

Տվյալ տարվա վերջում առկա տրանսպորտի միջոցները երեքն են եղել՝ HONDA, KIA եւ VAZ մակնիշի մեքենանները։

Քննիչ Գոռ Դավթյանը հայտարարագրել է 3 մլն կանխիկ դրամ։ Նրա հաշվետու տարվա եկամուտները կազմել են 6 մլն 685 հազար դրամ։

ArmLur.am-ի տեղեկություններով՝ Գոռ Դավթյանը տեղափոխվել է եւ ստանձնել է Երեւան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների բաժնի գործուղված քննիչի պաշտոնը։

 

 

 

 

ԽՈՇՏԱՆԳՄԱՆ ԴԵՊՔԻ ԱՀԱԶԱՆԳ

Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գիծ հեռախոսահամարին փաստաբան Վահան Հովհաննիսյանի կողմից ստացվել է ահազանգ, ըստ որի՝ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում առերեւույթ խոշտանգման դեպք է տեղի ունեցել, որի հետեւանքով անձին տեղափոխել են բժշկական հաստատություն։ ՄԻՊ-ից հայտնում են, որ ստացված ահազանգի հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբն անմիջապես մեկնել է բժշկական հաստատություն՝ իրավիճակին տեղում ծանոթանալու նպատակով։

Ուսումնասիրվում է նաեւ լրատվամիջոցներում եւ սոցիալական ցանցերում նշված միջադեպի առնչությամբ տարածված տեղեկատվությունը։

ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

 

 

ՈՉ ՈՔ ՈՏՔԻ ՉԻ ԿԱՆԳՆԵԼ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 17-ին Ոսկեպարի մշակույթի կենտրոնում հանդիպում է ունեցել ոկեպարցիների հետ։ Երբ Փաշինյանը մուտք է գործել դահլիճ, ոսկեպարցիներից  ոչ մեկը ոտքի չի կանգնել: Մարտի 18-ին նույն տեղում կայացած հանդիպման ժամանակ ներկաների կեսը Նիկոլ Փաշինյանին հարգելով՝ ոտքի էր կանգնել։ Սա վկայում է ոսկեպարցիների մեջ Նիկոլ Փաշինյանի զրոյացած վարկանիշի մասին։

 

 

 

ԱՊՕՐԻՆԻ ՍԱՐՔԱԾ ԱՎՏՈԼՎԱՑՄԱՆ ԿԵՏ

4-5 տարի է, ինչ Հաղարծին գյուղի հարավային ծայրին, սողանքից փակված միջպետական ավտոճանապարհի վրա գործող միջպետական ավտոճանապարհից մի քանի մետր հեռավորությամբ գործում է նախկինում Դիլիջան համայնքի ավագանու անդամ, 2021թ.-ից Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանի ընտանիքին պատկանող,   ապօրինի  սարքված  ավտոլվացման կետ։ Այն կառուցվել է  առանց շինարարական թույլտվության, առանց հողահատկացման: Ինչո՞ւ ոստիկանության Դիլիջանի բաժինը  միջոցներ չի ձեռնարկում միջպետական ճանապարհից մի քանի մետր հեռավորությամբ  գործող, ապօրինի սարքված ավտոլվաղցման կետի գործունեությունը դադարեցնելու համար։  Այս հարցադրումն ապրիլի 2-ին «Ժողովուրդ» օրաթերթը հղել է  ՀՀ ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանին։ Ապրիլի 16-ին  ոստիկանության Դիլիջանի բաժնի պետ  Գուրգեն Խաչատրյանից ստացել ենք տեղեկատվական հարցման պատասխանը, ուր նշված է.  «Հայտնվում է , որ հարցման մեջ առկա հանգամանքների վերաբերյալ ՀՀ ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժնի կողմից  կատարվել են ուսումնասիրություններ, ինչի արդյունքում, իրականացված հարցումներին ի պատասխան՝ Տավուշի մարզի Դիլիջանի համայնքապետարանից ստացվել են փաստեր, որոնց հիման վրա պարզվել է, որ Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Հաղարծին բնակավայրի հարավային հատվածում առկա, ձեր կողմից նշված ավտոլվացման կետը գտնվում է  Տավուշի մարզի Հաղարծին բնակավայրի 1-ին փողոց  87 հասցեի հարակից տարածքում, որը Դիլիջան  համայնքի ղեկավարի համապատասխան ակտի հիման վրա տեղադրվել է որպես ժամանակավոր ծածկ` առաջին իսկ անհրաժեշտության  դեպքում  ապամոնտաժելու պայմանով՝ ելնելով համայնքի գերակա շահերից։ Միաժամանակ հայտնվում է, որ շինությունը կառուցված է եղել ինքնակամ, որի վերաբերյալ համայնքի ղեկավարի կողմից որոշում է կայացվել ինքնակամ կառույց իրականացնող անձին վարչական պատասխանատվության ենթարկելու մասին, ով տուգանվել է 400 000 (չորս հարյուր հազար) ՀՀ դրամի  չափով»։ Ոստիկանությունը, փաստորեն, չի պատասխանել հարցին, թե ինչու չի արգելում  համայնքի ղեկավարի ընտանիքին պատկանող, ապօրինի սարքված ավտոլվացման կենտրոնի գործունեությունը։

ՈՍԿԱՆ  ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 




Լրահոս