ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր ելույթով հանդես եկավ «Դեմ եմ» նախաձեռնության կազմակերպած հանրահավաքին: Նա հայտարարեց, որ Սերժ Սարգսյանը խոստովանել է, որ հանրության 80%-ը դեմ է կենսաթոշակային նոր համակարգին: Հարց է առաջանում, եթե հանրության մեծ մասը դեմ է այդ օրենքին, այդ արտոնյալ 20%-ը հանդգնում է հայտարարել, որ կյանքի են կոչելու օրենքը:
«Պարոնայք Սարգսյաններ, իրավիճակը վերագնահատելու կարիք ունեք, քանի որ հանրության մեծ մասը դեմ է կենսաթոշակային նոր օրենքին»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանի խոսքով ` սա պայքար է հանուն հանրության 80%-ի և ժողովրդի իրավունքների: Այս պայքարը պսակվելու է հաջողությամբ:
Պատգամավորը մեջբերեց Սերժ Սարգսյանի խոսքերը, որ այս օրենքի համար անհրաժեշտ են երկարատև փողեր:
«Սխալ տեղ եք փնտրում երկարատև փողեր, քանի որ թալանված ժողովուրդը փող չունի, երկար փողեր եք ուզում ներկա ու նախկին պաշտոնյաներին, օլիգարխներին դիմեք»,-ասաց Փաշինյանը` հավելելով, որ ամեն ինչ անելու է այս լուսավոր շարժման հաղթանակի համար: