ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը, որը վերջին օրերին պարբերաբար լինում է Տավուշի մարզում, ArmLur.am-ի հետ զրույցում մանրամասներ է ներկայացրել այնտեղ տեղի ունեցող գործընթացից:
-Պարո՛ն Աբրահամյան, ինչ իրավիճակ էր Տավուշում: Քաղաքացիները մտահոգություններ են հայտնում, որ սահմանազատման աշխատանքների արդյունքում իրենց բնակարանները, արոտավայրերը հնարավոր է անցնեն թշնամուն: Ի՞նչ է սպասվում:
-Եղած խնդիրները մի քանի հարթության վրա պետք է դիտարկել, առաջինը՝ կոնկրետ գյուղական բնակավայրերն են, որոնց հետ դա կոնկրետ առնչություն ունի, քանի որ անցնում են մեկի գյուղի հատվածով, մեկի արոտավայրով, մյուսի համար կենսական նշանակություն ունեցող հատվածով:
Երկրորդը դա մարզային հարթություն է, քանի որ սահմանազատման աշխատանքները լինելու են մի քանի գյուղերում, բայց դրանք ազդեցություն են ունենալու մարզային ամբողջ կոմունիկացիայի վրա:
Երրորդը դա հանրապետական նշանակության խնդիրներն են, առաջին հերթին՝ անվտանգային խոցելիությունը, որը ստեղծում են այս հակապետական գործունեության պարագայում հայաստանյան իշխանությունները:
-Պարո՛ն Աբրահամյան, նաև կա պայմանավորվածություն, որ դիրքերում երկու կողմից էլ սահմանապահներ են տեղակայվելու, այսինքն՝ զորքերը հետ են քաշվելու, փոխարենը սահմանապահներն են հսկելու: Որքանո՞վ է սա տեղին, ի՞նչ վտանգներ կարող են առաջ գալ:
-Քանի բոլոր հատվածներում աշխատանքները իրականացված չեն, ընդհանուր պատկեր չկա՝ ի՞նչ սկզբունքով և ի՞նչ մոտեցումներով են իրականացվելու սահմանային ճշգրտման աշխատանքները, այս պարագայում բանակային կորպուսների հետքաշումը և սահմանապահների տեղակայումը խնդրահարույց են, և ցանկացած իրավիճակի դեպքում, որը կարող է բերել անկանխատեսելի իրադարձությունների կամ սահմանային սրացումների, այս պարագայում կարևոր է, որ սահմանին կանգնած լինի ԶՈՒ զինծառայողը, ոչ թե ԱԱԾ սահմանապահ ծառայողը։
-Արդեն 4 օրն է՝ Տավուշցիները ճանապարհներ են փակում և պահանջում են դադարեցնել սահամանագծման աշխատանքները: Ի՞նչ եք կարծում, հնարավոր է՞ նման ընդվզումներով կասեցնել այս գործընթացը:
-Հանրային այս ընդվզումները դիմակայության օջախներ են ստեղծել Տավուշի մարզի տարբեր ուղղություններում, սրանք բավականին կարևոր նշանակություն ունեն իշխանությունների սանձարձակ գործողությունները դանդաղեցնելու կամ կասեցնելու, բայց սրանք ավելի արդյունավետ կլինեն, եթե մասշտաբների առումով մեծանան և հանրապետական մակարդակով լինեն:
Քրիստինա Մուշեղյան