ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն այսօր ներկա էր «Դեմ եմ» նախաձեռնության հանրահավաքին: Նա հայտարարեց, որ սա պայքար է կատարյալ հիմարության դեմ:
«100 բան կարելի է ասել, որպես թերություն, բայց միայն երկու բան ասեմ ` ո՞ւր են գնալու էդ փողերը»,- ասաց Բագրատյանը:
«Սերժոն լափելու է, ինչ արտադրվում է ՝ մտնում է Սերժոյի գրպանը»,- բացականչեց քաղաքացիներից մեկը:
Բագրատյանի խոսքով ` այս օրենքի կիրառմամբ գանձվող հարկը վեց տոկոսով ավելանալու է. ոչ մի վարչապետ, ոչ մի նախարար չի կարող իրենց հակառակն ապացուցել:
Ինչ վերաբերում է թոշակառուներին պահելուն, Բագրատյանի խոսքով տարբեր ձևեր կան թոշակառուներին պահելու: «Քանի անգամ նախարարներին կանչել ենք բանավեճի, չեն եկել»,-ասաց պրն Բագրատյանը ` հավելելով, որ հիմարությունների գծով Հայաստանը գինեսի գիրք է մտնում:
Անդրադառնալով կենսաթոշակային ֆոնդերին ` Բագրատյանն ասաց.« Ինչո՞ւ են մեր գումարները պահվում երկու ֆոնդում, եթե ՌԴ-ում կա 200 ֆոնդ: Մեր փողը պահում են տասը տարվա արժեթղթերի մեջ: Բա ինչ՞ի են մեզանից մեր գումարը 45 տարով վերցնում»,-ասաց նախկին վարչապետը:
ՀԱԿ խմբակցության պատգամավորի խոսքով ` եթե երեկոյան վարչապետն ասի, որ նման բան չկա, ինքը ներողություն կխնդրի:
«Ոչ ոք որևէ մեկին քսան տարուց ավելի պարտք չի տալիս, ի՞նչ 45 տարով պարտք տալու մասին է խոսքը: Սա հիմարություն է: Թող կառավարությունն ասի, որ այլ երկրներում ևս 45 տարով են փող վերցնում, ես երեկոյան հեռուստացույցով կուկարիկու կկանչեմ»,- հայտարարեց Բագրատյանը:
Քաղաքական գործիչը հայտարարեց, որ իշխանությունը փոշմանել է, որ նման օրենք է դրել շրջանառության մեջ: «Ես գիտեմ ` սա հաղթող գործ է, հաղթանակ է լինելու էն էլ շատ զիլ հաղթանակ»,- եզրափակեց Բագրատյանը: