«Բռունցքդ բեր» քաղաքացիական շարժման անդամները երեկ եկել էին խորհրդարան: ArmLur.am-ը զրուցել է նախաձեռնության անդամակից Գոռ Առաքելյանի հետ՝ հասկանալու, թե ինչ նպատակով էին նրանք եկել ԱԺ:
-Պարո՛ն Առաքելյան, նախ կխնդրեմ ասեք՝ ի՞նչ ծրագրով եք դիմում ներկայացրել Ազգային ժողով:
-«Բռունցքդ բեր» քաղաքացիական նախաձեռնության կոչը ՀՀ Ազգային ժողովի պատգամավորիներին այն է, որ Հայաստանի անվտանգության, ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության հետ կապված իրենց պարտավորությունները կատարեն: Հայաստանի Հանրապետությունում գոյություն ունեցող Ազգային ժողով մարմինը պետք է կառավարության վարած քաղաքականության վերահսկողը լինի: Մենք համարում ենք, որ կառավարությունը սխալ է տանում սահմանագծման եւ սահմանազատման քաղաքականությունը. այն, ինչ կատարվում է, մենք որակում ենք որպես միակողմանի զիջումներ, ոչ թե սահմանագծում եւ սահմանազատում, որովհետեւ չկա համապարփակ որեւէ քարտեզ, թե ինչպիսին է լինելու Հայաստանի տարածքը սահմանի ամբողջ երկայնքով. խորհրդարանն էլ, կարծես, լուռ է: Եթե կարճ ասեմ, մենք պահանջում ենք, որ Ազգային ժողովն իրացնի իր լիազորությունները եւ պատասխանատվության կանչի կառավարությանը:
-Ինչպե՞ս եք պատկերացնում կառավարությունից պատասխան պահանջելու գործընթացը:
-Խորհրդարանը իրավունք ունի ցանկացած պահի կառավարությանը հարցուպատասխանի կանչելու: Վիճակը այժմ օրհասական է. Տավուշում լարված է, Ոսկեպարի եկեղեցու մոտ եկել են Ադրբեջանի հատուկ ծառայության աշխատակիցները, ինչ-որ ականազերծում են փորձում անել, Ոսկեպարի բնակիչները հավաքվել են այդտեղ, փորձում են խոչընդոտել, մի խոսքով՝ լարված իրավիճակ է, բայց խորհրդարանին, կարծես, դա այնքան էլ չի հետաքրքրում, որ գոնե այս պահին մի արտահերթ նիստ հրավիրի, կանչի կառավարությանը, ու փորձեն ելք գտնել. իհարկե, այնպիսի ելք, որը կբխի Հայաստանի շահերից, քանզի բոլորիս էլ հասկանալի է, որ այն, ինչը հիմա կատարվում է, բացարձակապես չի բխում Հայաստանի շահերից:
-Որոշ ժամանակ առաջ այդպիսի նիստ հրավիրել էին, արտգործնախարարը եւ փոխվարչապետը մասնակցում էին, բայց, ինչպես ընդդիմադիրները փոխանցեցին, անորոշ պատասխաններ են հնչել. այսինքն՝ ոչինչ չտվող է սա:
-Դա փակ նիստ է եղել:
-Այսինքն, դուք բա՞ց նիստ եք պահանջում:
-Մեր պահանջը հետեւյալն է. եթե խորհրդարանը ընտրում է վարչապետին, այդ խորհրդարանի պատգամավորներին էլ ընտրում է ժողովուրդը, այսինքն բոլորը՝ թե՛ խորհրդարանը, թե՛ կառավարությունը հաշվետու են իրենց ընտրողների առջեւ, եւ այդ ընտրողները պետք է քաջ ծանոթ լինեն բոլոր այն գործընթացներին, որոնք որ կատարվում են, որովհետեւ դա իրենց է վերաբերում, իրենց կյանքին ու ապագային: Այս երկիրը միայն խորհրդարանի պատգամավորներին ու կառավարությանը չի պատկանում, ամբողջ հայ ժողովրդինն է. ուստի այն, ինչը կատարվում է Հայաստանի Հանրապետության շուրջ, պետք է հուզի ողջ հայ ժողովրդին:
Ի դեպ, եթե խորհրդարանի պատգամավորները կամ կառավարության անդամնեը տեղյակ չեն, ՀՀ սահմանների հետ կապված՝ սահմանադրությունում հստակ նշված կետ կա, որ փոփոխությունները եւ մնացյալ գործողությունները պետք է կատարվեն ՀՀ օրենսդրության շրջանակներում, եւ որոշ դեպքերում նաեւ հանրաքվե պետք է անցկացվի՝ այդ հարցերին լուծում տալու համար: Ինչպե՞ս կարող են փակ նիստ անել, որ մարդիկ չիմանան՝ ինչ է կատարվում, գնան, իրար մեջ որոշեն, եւ մի օր բոլորս կանգնենք փաստի առաջ. արթնանանք եւ տեսնենք, թե ՀՀ տարածքից մի կտոր մերը չէ այլեւս: Ընդհանրապես, ստեղծված այս իրավիճակն անհասկանալի է, քանի որս ՀՀ-ն միայն Տավուշի հատվածում չէ, որ սահման ունի Ադրբեջանի հետ, մի ամբողջ երկայնք կա, որով սահմանակից ենք:
Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ
ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆՆԵՐԸ՝ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԹԻՐԱԽՈՒՄ
Հոգեւորականները կրկին հայտնվել են իշխանականների թիրախում:
Բանն այն է, որ Տավուշում տեղի ունեցող վերջին թեժ զարգացումներից հետո տեղի բնակիչները դուրս են եկել փողոց եւ իրենց բողոքի ձայնն են բարձրացնում՝ ընդդեմ նոր տարածքային զիջումների:
Ակցիա իրականացնող քաղաքացիների կողքին են նաեւ հոգեւորականները՝ Տավուշ թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի գլխավորությամբ. նրանք եւս պայքարում են ընդդեմ նոր զիջումների:
Սրա արդյունքում՝ հոգեւորականությունը հերթական անգամ հայտնվել է իշխանության թիրախում: ՔՊ-ականներից շատերը իրենց գրառումներում քննադատում եւ կոշտ հայտարարություններ են անում հոգեւարականների, մասնավորապես՝ Բագրատ Սրբազանի հասցեին: Իշխանականները, թերեւս, գիտակցում են, որ այս իրավիճակում միայն եկեղեցին կարող է համախմբել մարդկանց իր շուրջ, ու այս մասով լուրջ մտահոգություներ ունեն:
Ո՞ՒՐ ԵՆ ԿՈՐԵԼ ՔՊ-ԱԿԱՆՆԵՐԸ
Տավուշի գյուղերի սահմանազատման շուրջ ստեղծված աղմուկին զուգահեռ, երբ Ոսկեպարում, Բաղանիսում, Կիրանցում եւ Բերքաբերում ակցիաներ են, ՔՊ պատգամավորները կրկին ընդհատակ են անցել։ Նրանք տեսադաշտից կորչում են այն ժամանակ, երբ երկիրը լուրջ վնասների առջեւ է կանգնած լինում, եւ Հայաստանը մեծաբերան շների երախում է հայտնվում։
Այսպիսով՝ փորձել ենք պարզել, թե ո՞ւր են ճամփորդում ՔՊ-ական պատգամավորներն այս օրհասական պահին։
Օրինակ՝ Բաբկեն Թունյանը Վրաստանում է՝ ըստ ԱԺ նախագահի կարգադրության։ Արուսյակ Մանավազյանը եւ Տաթեւիկ Գասպարյանը Վաշինգտոնում են։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, Ազգային ժողովի եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Թագուհի Ղազարյանը, Ազգային ժողովի նախագահի խորհրդական Աշխեն Հայրապետյանը, Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը այս պահին գտնվում են Իսպանիայի Թագավորության Պալմա քաղաքում։ ՔՊ-ականներ Արփինե Դավոյանը եւ Լուսինե Բադալյանը եւս գտնվում են Ամերիկայի Միացիալ Նահանգներում։
Հավելենք նաեւ, որ Նիկոլ Փաշինյանի ձայնը եւս չի լսվում. փոխարենը՝ իշխանական լրատվամիջոցները քարոզում են, թե Տավուշի ցուցարարները «Երեւանից են բերված» եւ ուղղորդվում են Ռուսաստանի կողմից։ Հարկ է նշել, որ Հայաստանը մասնատումից փրկելու համար պայքարելը ծննդավայրի հետ կապ չունի։
Իշխանական լրատվամիջոցները քարոզում են նաեւ, թե Բագրատ Սրբազանը հակահայ ռուս գործակալ է. դրանով փորձ է արվում նսեմացնել հոգեւորականի աշխատանքը եւ հուսալքել նրա կողքին կանգնած տավուշցիներին։ Սակայն, պատմությունը ցույց է տվել, որ հենց եկեղեցին է եղել պետականության պահպանման եւ ժողովրդի միասնության սյունը, եւ այժմ էլ այդպես է։
ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
ԱՆՁԱՄԲ Է ՀՐԱՀԱՆԳԵԼ
Նիկոլ Փաշինյանն ու իր քարոզչական խմբակները թեզ են շրջանառում, որ ով պայքարում է Նիկոլ Փաշինյանի դեմ, ուղղորդվում է Ռուսստանի Դաշնության կողմից: «Ռուսի ստրուկ», «ռուսի ծառա» եւ այլ վիրավորական ձեւակերպումներով փորձում են Նիկոլ Փաշինյանի իշխանության նկատմամբ բոլոր քննադատություններն ու գործողությունները վիժեցնել:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ Նիկոլ Փաշինյանն անձամբ է հրահանգել վարչապետի աշխատակազմի առընթեր քարոզիչներին՝ պախարակել հայ հոգեւորականներին, Կիրանցում, Ոսկեպարում, Բաղանիսում գտնվող մարդկանց կողքին կանգնած այլ ակտիվ գործիչների: Քարոզչությունն իրականացվում է մեկ կենտրոնից եւ տարածվում հանրային եւ մասնավոր իշխանական մի շարք ԶԼՄ-ներով, օգտահաշիվների կողմից եւ սոցցանցերի տարբեր հարթակներում:
Սա ոչ այլ ինչ է, քան սադրանք ՀՀ քաղաքացու նկատմամբ՝ ուղղորդված վարչապետի կողմից, քանի որ այն դրդում է տարբեր գործողությունների:
Եվ այս ողջ գործելաոճի արդյունքում, երբ խլացվում են խնդիրները, Նիկոլ Փաշինյանի հրամանով ականազերծվում է Ոսկեպարի 7-րդ դարի Սուրբ Աստվածածին եկեղեցու տարածքը. գուցե նրա համար, որ ադրբեջանցիները հեշտությամբ հասնեն եկեղեցի, եւ խաչը հեռացնելով՝ եկեղեցին վերածեն մզկիթի։ Այդպես եղավ եւ շարունակում է տեղի ունենալ Արցախի մշակութային եւ կրոնական բոլոր կոթողների հետ։
ՈՍԿԵՊԱՐԻ ԵԿԵՂԵՑԻՆ ԿՄՆԱ ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ
Հայաստանի փոխվարչապետ, Ադրբեջանի հետ սահմանազատման հարցերով հանձնաժողովի նախագահ Մհեր Գրիգորյանի գրասենյակը հերքում է շրջանառվող խոսակցությունները, թե Տավուշի մարզի Ոսկեպար գյուղում գտնվող, 6-7-րդ դարերի Սուրբ Աստվածածին եկեղեցին հանձնվելու է Ադրբեջանին։ Մհեր Գրիգորյանի գրասենյակից հավաստիացրին, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման վերաբերյալ պայմանավորվածությունները կյանքի կոչելուց հետո Ոսկեպարի եկեղեցին մնալու է Հայաստանի տարածքում։
Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման վերաբերյալ պայմանավորվածության դեմ իրենց բողոքն արտահայտող Տավուշի մարզի մի շարք բնակավայրերի բնակիչներն ապրիլի 22-ին իրենց բողոքի ակցիան շարունակել են Ոսկեպարի եկեղեցու մոտ, որտեղ, ըստ նրանց, իրականացվում են ականազերծման աշխատանքներ, որպեսզի տարածքը հանձնեն Ադրբեջանին։ Այս համատեքստում խոսակցություններ էին շրջանառվում, որ Ոսկեպարի եկեղեցին եւս սահմանազատում իրականացնելուց հետո կանցնի Ադրբեջանի վերահսկողության տակ։