2024 թվականի ապրիլի 22-ին ամբողջ աշխարհում նշվում է «Երկրի օրը»։ Այս տարի բոլոր միջոցառումները կենտրոնացած են «Մոլորակն ընդդեմ պլաստիկի» թեմայի շուրջ։ Օրվա խորհրդով Team Telecom Armenia-ն ամփոփել է մեկ տարվա ընթացքում շրջակա միջավայրի պահպանման ուղղությամբ ընկերության ներսում տարված աշխատանքները։
Էներգաարդյունավետ
լուծումների ներդրում
Team-ն արդեն մի քանի տարի է կիրառում է էներգաարդյունավետ լուծումներ՝ կապի եւ հաղորդակցության էներգաապահովման համար օգտագործելով արեւային էներգիա։ 2023 թ.-ին ընկերության աշխատանքներում օգտագործելու նպատակով՝ արդեն գործող 25 արեւային կայաններին ավելացվել է եւս 8-ը, ինչի շնորհիվ արեւային արտադրանքի մասնաբաժինն ընդհանուր էներգասպառման մեջ գրանցել է շուրջ 7% աճ նախորդ տարվա համեմատ: Այս գործընթացն ընկերությունում լինելու է շարունակական։
Էլեկտրական մեքենաների օգտագործումը խթանելու նպատակով գործարկվել է Team Energy արագ լիցքավորման կայանների ցանցը։ Այժմ Հայաստանի ողջ տարածքում կա շուրջ 50 կայան։ Լիցքավորման կայաններից օգտվելու համար անհրաժեշտ է ներբեռնել Team Energy հավելվածը։
Բացի սրանից, ընկերությունը հենց իր ավտոպարկում էլ նախապատվությունը տալիս է էլեկտրական մեքենաներին. անձայն շարժիչներով եւ զրոյական արտանետումներով մեքենաների մասնաբաժինը կազմում է 14 %։
Team-ի ռազմավարական ծրագրի՝ NGN ցանցի կառուցման արդյունքում պղնձե մալուխները փոխարինվում են օպտիկամանրաթելային ցանցով, ինչը էականորեն նվազեցնում է ածխածնի երկօքսիդի արտանետումները։ Նշենք նաեւ, որ այս ցանցի գործարկման արդյունքում ընկերությունը միայն 2023 թվականին խնայել է 275,630 ԿՎտժ էլեկտրաէներգիա։
Թափոնների կրճատում
եւ կայուն զարգացում
Էլեկտրոնային թափոնների (e-waste) ստեղծումից խուսափելու համար ընկերությունը վերանորոգում եւ կրկնօգտագործում է կապի ապահովման սարքերը։ Այսպիսով՝ 2023 թ.-ին ավելի քան 14 հազար հեռահաղորդակցության էլեկտրոնային սարք չի հայտնվել աղբավայրում, այլ վերանորոգվել, արդիականացվել եւ կրկնօգտագործվել է։ Նախորդ տարվա համեմատ՝ թղթի վերամշակման ծավալներն աճել են 36 %-ով, իսկ ներդրված eSIM ծառայության շնորհիվ ընկերությունը խուսափել է շուրջ 600 կգ պլաստիկի օգտագործումից՝ արձանագրելով «խուսափած» պլաստիկի տարեկան 57 % աճ։ Թղթի թափոններ չկուտակելու համար Team-ի բոլոր մասնաճյուղերում հասանելի է նաեւ E-pen (էլեկտրոնային գրիչ) տեխնոլոգիան։
Ի դեպ, My Team հավելվածի միջոցով միայն այսօր «շեյքի» մասնակիցները կարող են շահել էներգախնայող ԼԵԴ լամպեր եւ անլար լիցքավորիչներ։
«Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ-ն (ապրանքանիշը՝ Team Telecom Armenia) հայկական ընկերություն է, որը առաջատար դիրք է զբաղեցնում երկրի հեռահաղորդակցության եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում։
Հանդիսանալով Հայաստանում առաջին տելեկոմ ցանցի ժառանգորդը՝ ընկերությունը ունի ոլորտում ծառայությունների մատուցման ավելի քան 100 տարվա պատմություն։ Team-ը տրամադրում է բջջային եւ ֆիքսված ինտերնետի, թվային հեռուստատեսության, բջջային եւ ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ թե՛ անհատ, թե՛ կորպորատիվ բաժանորդներին։
Հայաստանի բոլոր բնակիչներին բարձրորակ հեռահաղորդակցության ծառայությունների մատուցումը Team Telecom Armenia-ի նպատակն է։ Դրան հասնելու համար ընկերությունն անընդհատ արդիականացնում ու վերազինում է բջջային եւ ֆիքսված ցանցերը, գործարկում նոր միջազգային կապուղիներ, որոնք նաեւ բարձրացնում են Հայաստանում ինտերնետի հուսալիության եւ անվտանգության մակարդակը։
ՏՈՒՐՔԵՐԸ ԲԱԶՄԱՊԱՏԿՎԵԼ ԵՆ
Հունվարի 1-ց շինթույլտվության երկարացման տուրքերը մի քանի անգամ բարձրացվել են:
Այս մասին ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պարտականությունները կատարող Դավիթ Գրիգորյանը:
«Երեւան քաղաքում մասնավորապես, եթե առաջին անգամ է դիմում ներկայացվում շինթույլտվության երկարացման համար, 3 ամիս ժամկետով անվճար տրամադրվում է, բայց դրանից հետո բավականին մեծ գումարներ է պետք վճարել, որպեսզի շինթույլտվությունը երկարացվի: Հունվարի 1-ից կարգավորումը արդեն ուժի մեջ է, ու մենք հուսով ենք, որ կառուցապատողներն ավելի արագ կիրականացնեն իրենց քաղաքաշինական ծրագրերը՝ խուսափելով նման բարձր տուրքերից»,- ասաց նա:
ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՄՓՈՓԵԼ Է ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Ս.թ. ապրիլի 12-ին կայացել է «Ֆասթ Շիֆթ» ընկերության տարեկան հաշվետվությունը: 2018 թվականին հիմնադրված «Ֆասթ Շիֆթ» ընկերության գլխավոր առաքելությունը՝ մատուցել պարզ, հարմարավետ, ապահով եւ հասանելի վճարահաշվարկային ծառայություններ, շարունակվում է: Կազմակերպությունը, առաջնայինը գնահատելով հաճախորդների ժամանակը եւ ֆինանսական անվտանգությունը, հնարավորություն է տալիս նվազեցնել ֆինանսական գործարքների վրա ծախսվող ժամանակը եւ գումարը:
«Էլեկտրոնային դրամապանակի օգտատերերի քանակն աճել է շուրջ 67 տոկոսով, գործարքների քանակը եւ շրջանառությունը կրկնապատկվել են. եւ սա դեռ սկիզբն է: Մենք ունենք ամբիցիոզ պլաններ: Առաջիկա տարիներին ունենք բիզնեսի զարգացման մեծ նպատակներ, եւ կուզենայի շեշտել հետեւյալը՝ բիզնեսի աշխարհագրության ընդլայնումը դեպի արտերկիր, «Ֆասթ Թիքեթ»-ի լրիվ նոր ձեւաչափի եւ որակի գործարկում: Վստահ եմ, որ 2024 թվականի արդյունքները գերազանցելու են բոլորիս սպասումները», – ասել է «Ֆասթ Շիֆթ» ընկերության խորհրդի նախագահ Ռոման Բադալյանը՝ ներկայացնելով ընկերության 2023 թվականի ձեռքբերումները։
«Ֆասթ Շիֆթ»-ի տնօրեն Իրինա Գասպարյանը խոսել է ընկերության 2024 թվականի նպատակների, ռազմավարության եւ զարգացումների մասին: Ըստ նրա՝ «Ֆասթ Շիֆթ»-ի ռազմավարական ծրագիրն այս տարի միտված է ընկերության զարգացմանը՝ թվային փոխակերպման թիրախավորմամբ. «2024 թվականին մենք թիրախավորում ենք թվային փոխակերպման ուղղությունը եւ նորանոր ծառայություններ ենք ներկայացնելու դրամապանակում: Այն է՝ առցանց վարկավորումը 24/7 ռեժիմով, տարատեսակ դրամական փոխանցումներ արտերկիր եւ արտերկրից դեպի Հայաստան, ինչպես նաեւ ծառայությունների սպեկտորի մեծացում՝ վարկային ծառայություններ, պետական հատվածի ընդլայնում, համագործակցություն տարատեսակ արտաքին գործընկերների հետ»:
«Ֆասթ Շիֆթ» ընկերության թիմն այս տարի շարունակելու է սպասարկման որակի բարձրացումը։ Ընկերությունը վստահ քայլերով ընթանում է դեպի զարգացման տեսլականի իրագործում, այն է՝ շուկայում դիրքավորվել որպես բազմատեսակ ծառայությունների վճարային ագրեգատոր՝ մեկ միասնական ագրեգացիոն API-ով։
Հաշվի առնելով նոր տեխնոլոգիաների զարգացման տեմպերը, ինչպես նաեւ այդ տեխնոլոգիաների նկատմամբ հասարակության կողմից աճող հետաքրքրությունը՝ առցանց առեւտուր, անհպում վճարում եւ այլն, «Ֆասթ Շիֆթ» բջջային հավելվածի համակցումն ու 24/7 հասանելիությունը հնարավորություն են տալիս հաճախորդին նվազեցնել գործարքների վրա ծախսվող ժամանակը եւ գումարը։