ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Լևոն Հրաչյայի Սարգսյանի և Սուրեն Կորյունի Ղազարյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի սեպտեմբերի 5-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա.Վարդապետյանի վճռաբեկ բողոքն ընդունվել է վարույթ:
ՀՀ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ԱԺ նախկին պատգամավոր Լեւոն Սարգսյանի՝ Ալրաղացի Լյովիկի գործով դիմում է ներկայացրել Վճռաբեկ դատարան: Մասնավորապես, Գլխավոր դատախազը բողոք է ներկայացրել Լևոն Սարգսյանի և Սուրեն Ղազարյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի սեպտեմբերի 5-ի որոշման դեմ: Ա.Վարդապետյանի վճռաբեկ բողոքն ընդունվել է Վճռաբեկ դատարանի վարույթ և բողոքի քննությունն իրականացվելու է գրավոր ընթացակարգով։
Իսկ ինչ որոշում է կայացրել ՀՀ վերաքննիչ դատարանը ԱԺ նախկին պատգամավոր Լեւոն Սարգսյանի՝ Ալրաղացի Լյովիկի դեմ հարուցված քրեական գործով։
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Լեւոն Սարգսյանի պաշտպան Դավիթ Հունանյանը հայտնել էր, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է իր բողոքը եւ բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումը, որով դատարանը Լեւոն Սարգսյանին ազատազրկման էր դատապարտել 9 տարի ժամկետով եւ քրեական գործը ուղարկել առաջին ատյանի դատարան՝ նոր քննության:
Գլխավոր դատախազությունն էլ հենց այս որոշումն է բողոքարկում դատարան։
Հիշեցնենք, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում քննված քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա՝ ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Լեւոն Սարգսյանին, ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով, մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ վերջինս իր մտերիմ Ա. Կ.-ի եւ ՀՀ ոստիկանության նախկին աշխատակից Ա. Ն.-ի միջոցով կազմակերպել է 2008թ. հոկտեմբերի 27-ին ՀՀ ԿԱ մաքսային կոմիտեի նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանի նկատմամբ հանցավոր համագործակցության կողմից առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ 45 միլիոն ՀՀ դրամ արժեքով գույքի հափշտակություն կատարելու նպատակով իրականացված ավազակային հարձակումը:
Նույն հանցագործությանը տեղեկատվություն տրամադրելու եղանակով օժանդակելու համար մեղադրանք է առաջադրվել նաեւ Լեւոն Սարգսյանի ազգական Սուրեն Ղազարյանին։ Քրեական գործի նախաքննության ընթացքում Լ. Ս.-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը, եւ նա մինչ օրս գտնվում է ԱԱԾ-ի մեկուսարանում: Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը Ալրաղացի Լյովիկին դատապարտել էր ազատազրկման՝ 9 տարի ժամկետով, իսկ նրա ազգական Սուրեն Ղազարյանին՝ 8 տարվա ազատազրկման:
Լեւոն Սարգսյանը դատարանի այս որոշումը բողոքարկել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան, որտեղ էլ կայացվել է որոշում, եւ բեկանել են առաջին ատյանի դատարանի այս որոշումը. գործի քննությունը սկսել են նորից: Այս ընթացքում Լեւոն Սարգսյանը կմնա կալանքի տակ»:
Քնար Մանուկյան