Մենք չենք անտեսի այս կարգի ռուսաֆոբ, հակառուսական ելույթը, ուղղակի ամոթ էր մեր գործընկերոջ համար․ Մատվիենկոն՝ Սիմոնյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հանձնարարել է պատգամավորներին պատրաստել և հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան՝ կապված ՀՀ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի հակառուսական հայտարարությունների հետ։

ՏԱՍՍ-ը գրում է, որ ելույթ ունենալով Եվրամիության երկրների խորհրդարանների նախագահների համաժողովում՝ Սիմոնյանը մասնավորապես հայտարարել է, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ «համաժողովի ուշադրության կենտրոնում Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա և մերձավորարևելյան հակամարտությունն է»՝ ինքը ցանկանում է հաստատել, որ Հայաստանը «վճռականորեն պաշտպանում է Ուկրաինայի, ինչպես նաև Մոլդովայի, Վրաստանի, Կիպրոսի և բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը»։

«Ես ուզում եմ իմ գործընկերոջը՝ Հայաստանի խորհրդարանի նախագահին, հարց տալ՝ ո՞ւմ անունից է նա հնչեցրել նման հայտարարություններ, իհարկե, ոչ հայ ժողովրդի անունից, որի հետ մենք չենք կարող անտեսել դարավոր բարեկամությունը: Ես գրավոր հարցում կուղարկեմ Հայաստանի խորհրդարանին, թե ո՞ւմ անունից է նա խոսել, և արդյոք Հայաստանի խորհրդարանը կիսո՞ւմ է այս հանդիպման ժամանակ հնչած գնահատականները»,- ասել է Դաշնային խորհրդի նախագահը։

Նա հույս է հայտնել, որ երկրի խորհրդարանը խոսնակին կհարցնի, թե ո՞վ է վերջինիս իրավունք տվել նման կերպ խոսել Հայաստանի անունից և նաև գնահատական կտան դրան:

«Մենք չենք անտեսի այս կարգի ռուսաֆոբ, հակառուսական ելույթը, ուղղակի ամոթ էր մեր գործընկերոջ համար, որ նա արդեն հատել է բոլոր կարմիր գծերը»,- ասել է Մատվիենկոն:




Լրահոս