Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Եղեռնի ժխտողականությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին Թուրքիայում քրդամետ քաղաքական կուսակցություններն ու կազմակերպությունները կրկին կոչ են անում ճանաչել անցյալի վայրագությունները և ապագայում հավասար վերաբերմունք ցուցաբերել բոլոր քաղաքացիների նկատմամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Medyanews-ը՝ մեջբերելով հայտարարությունը, որում կազմակերպություններն ու կուսակցությունները Թուրքիային կոչ են անում առերեսվել սեփական պատմության հետ։

Հայտարարության մեջ նշվում է, որ թուրքական պետությունը մինչ օրս չի ճանաչել վայրագություններն ու Հայոց ցեղասպանությունը և շարունակում է պատժել նրանց, ովքեր հանդես են գալիս ճանաչման և հաշտեցման օգտին:

«Անհրաժեշտ է առերեսվել անցյալի հետ», – Հայոց ցեղասպանության տարելիցին հայտարարել է Ժողովրդավարական տարածաշրջանների կուսակցությունը՝ հավելելով, որ կիսում են հայ ժողովրդի ցավը և հարգանքով են հիշում նրանց, ովքեր զոհ են դարձել։

Հայտարարության մեջ կոչ է արվում պահպանել հայկական եկեղեցիները, գերեզմանատեղիները, կրոնական օբյեկտների ազատ օգտագործումը և քաղաքացիների հավասարության վրա հիմնված իրավական բարեփոխումները:

«Չափազանց կարևոր է հրաժարվել ժխտողականությունից և յուրաքանչյուր հայի ճանաչել որպես պատմության վկայություն»,- հավելել են նրանք՝ կրկնելով հանգուցյալ հայ մտավորական Հրանտ Դինքի խոսքերը:

Բացի այդ, Հայոց ցեղասպանության տարելիցի վերաբերյալ հայտարարություն է արել նաև Դիարբեքիրի փաստաբանների ասոցիացիան (Amed)՝ նշելով․

«Յուրաքանչյուր ապրիլի 24-ին պետությունն ու մեր աշխատակազմը պայքարի մեջ են մտնում ճշմարտության համար, թե ինչպես մեկնաբանել անցյալի իրադարձությունները», – ընդգծել են նրանք՝ շեշտելով, որ բացահայտ արտահայտվելու համար բախվում են մշտական իրավական խնդիրների։

Ժողովուրդների հավասարության և ժողովրդավարության կուսակցությունը (DEM) նույնպես իր համերաշխությունն է հայտնել հայ համայնքին․

«Մենք կիսում ենք Հայոց ցեղասպանության վիշտը, որը սկսվել է 1915 թվականի ապրիլի 24-ին մտավորականների տեղահանմամբ, ինչը հանգեցրել է զանգվածային արտաքսման և կոտորածի», – հայտարարել են կուսակցությունից՝ ընդգծելով, որ անցյալի հանցագործությունները պետք է ճանաչվեն, որպեսզի ճանապարհ հարթեն դեպի խաղաղություն և համախմբված հասարակություն:




Լրահոս