«Իր աղջկա հետ գալով իմացել է, որ նաև դստեր ներկայությամբ տհաճ պահեր կարող է լինել». ԱԺԲ անդամը՝ Աննա Հակոբյանի հետ միջադեպի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ ապրիլի 24-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը դստեր՝ Արփիի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որտեղ «Ազգային ժողովրդավարական բևեռի» անդամները վանկարկել են՝ «Նիկոլ դավաճան», «Նիկոլ ցեղասպան», «Նիկոլ հողատու»:

Այս քայլին ի պատասխան՝ շատ մարդիկ քննադատաբար են արտահայտվել՝ հաշվի առնելով այն փաստը, որ երեխան Աննա Հակոբյանի հետ է, և նրա ներկայությամբ ճիշտ չէր նման պահվածք դրսևորել:

ArmLur.am-ը կապ հաստատեց «Ազգային ժողովրդավարական բևեռի» անդամ Վահագն Ավագյանի հետ, ով այդ ժամանակ ներկա է գտնվել այնտեղ, մեկնաբանություն ստանալու նպատակով, ով էլ մի քանի դրվագ հիշեցրեց հանրությանը՝ իշխանության ուղիղ հայտարարություններից.

«Նիկոլ Փաշինյանի պաշտպանության նախարարը պատերազմի հարցերը քննող հանձնաժողովի նիստին ուղիղ խոստովանություն է արել այն մասին, որ պատերազմի նախորդ օրերին և պատերազմի ընթացքում թուրքական F16-երի վրա հայկական կողմը կրակելու հնարավորություն է ունեցել և մենք ռուսների խնդրանքով չենք կատարել:

Հաջորդ դեպքը, որ 2022 թվականի սեպտեմբերի 22-ին Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ անվտանգության խորհրդի նիստից ժամեր առաջ, որտեղ պետք է  Արցախի համար համաշխարհային հանրությունը գար օգնության որևէ ձևով, և նա այդ նիստից ժամեր առաջ հայտարարեց, որ Արցախի քաղաքացիական բնակությանը որևէ սպառնալիք չկա: Արցախի հայաթափումից ընդհամենը 1 օր առաջ»:

Վահագն Ավագյանի խոսքով՝ Աննա Հակոբյանը շատ լավ իմացել է, որտեղ է ինքը գալիս:

«Ինքը գիտեր, որ Նիկոլ Փաշինյանին հայության մեծ մասը ցեղասպան է համարում, և իր աղջկա հետ գալով իմացել է, որ նաև իր աղջկա ներկայությամբ տհաճ պահեր կարող է լինել: Երկրորդն էլ Աննա Հակոբյանը շատ լավ իմացել է, որ ժամին է գալիս, մենք ժամը նախօրոք հայտարարել էինք, որ այդ ժամին ենք գնալու Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու»,-ասաց նա:

Էմմա Մարտիրոսյան




Լրահոս