Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ։
«Այսօր մենք միանում ենք Կանադայի և ամբողջ աշխարհի հայ համայնքներին՝ նշելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը: Մենք անդրադառնում ենք պատմության այս մութ էջին, հարգում ենք իրենց կյանքը կորցրածներին և խորհում այն հոգեբանական վնասի մասին, որը դեռ շատերն են վերապրում:
«Քսան տարի առաջ Կանադայի կառավարությունը միացավ միջազգային հանրության անդամներին՝ պաշտոնապես ճանաչելով Հայոց ցեղասպանության պատմական և ողբերգական իրողությունը: Այս ճանաչումը խորը նշանակություն ունի շատ կանադացիների, մասնավորապես՝ կանադահայերի համար։ Միասին մենք կապահովենք, որ տուժածների պատմությունը երբեք չմոռացվի։
Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս, այն մեզ հիշեցնում է անտարբերության հետևանքների մասին։ Մենք պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։ Մենք պետք է կանգնենք ընդդեմ ատելության. դա է մեր ընդհանուր հավաքական պատասխանատվությունը:
Հայոց ցեղասպանության Հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է։ Բոլոր կանադացիները պետք է հետաքրքրվեն և իմանան այն իրադարձությունների մասին, որոնք այդքան զոհերի պատճառ են դարձել։ Եկեք կառուցենք հասարակություն, որտեղ ամեն մեկն իրեն ապահով կզգա խտրականությունից և բռնությունից»,- ասված է ուղերձում։