ՓՈՐՁԵՑ ԿԱՍԵՑՆԵԼ ՍԱՆՁԱՐՁԱԿ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը, որը վերջին օրերին պարբերաբար լինում է Տավուշի մարզում, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում մանրամասներ է ներկայացրել այնտեղ տեղի ունեցող գործընթացից:

 

-Պարո՛ն Աբրահամյան, ի՞նչ իրավիճակ էր Տավուշում: Քաղաքացիները մտահոգություններ են հայտնում, որ սահմանազատման աշխատանքների արդյունքում իրենց  բնակարանները, արոտավայրերը հնարավոր է անցնեն թշնամուն: Ի՞նչ է սպասվում:

-Եղած խնդիրները մի քանի հարթության վրա պետք է դիտարկել, առաջինը՝ կոնկրետ գյուղական բնակավայրերն են, որոնց հետ դա կոնկրետ առնչություն ունի, քանի որ անցնում են մեկի գյուղի հատվածով, մեկի արոտավայրով, մյուսի համար կենսական նշանակություն ունեցող հատվածով:

Երկրորդը՝ մարզային հարթությունն է, քանի որ սահմանազատման աշխատանքները լինելու են մի քանի գյուղերում, բայց դրանք ազդեցություն են ունենալու մարզային ամբողջ կոմունիկացիայի վրա:

Երրորդը՝ հանրապետական նշանակության խնդիրներն են, առաջին հերթին՝ անվտանգային խոցելիությունը, որը ստեղծում են այս հակապետական գործունեության պարագայում հայաստանյան իշխանությունների:

-Պարո՛ն Աբրահամյան, նաեւ կա պայմանավորվածություն, որ դիրքերում երկու կողմից էլ սահմանապահներ են տեղակայվելու, այսինքն՝ զորքերը հետ են քաշվելու, փոխարենը սահմանապահներն են հսկելու: Որքանո՞վ է սա տեղին, ի՞նչ վտանգներ կարող են առաջ գալ:

-Քանի բոլոր հատվածներում աշխատանքները իրականացված չեն, ընդհանուր պատկեր չկա՝ ինչ սկզբունքով եւ ինչ մոտեցումներով են իրականացվելու սահմանային ճշգրտման աշխատանքները, ապա այս պարագայում բանակային կորպուսների հետ քաշումը եւ սահմանապահների տեղակայումը խնդրահարույց են, եւ ցանկացած իրավիճակի դեպքում, որը կարող է բերել անկանխատեսելի իրադարձությունների կամ սահմանային սրացումների, այս պարագայում կարեւոր է, որ սահմանին կանգնած լինի ԶՈՒ զինծառայողը, ոչ թե ԱԱԾ սահմանապահ ծառայության:

-Արդեն 4-րդ օրն է՝ Տավուշցիները ճանապարհներ են փակում եւ պահանջում են դադարեցնել սահամանագծման աշխատանքները: Ի՞նչ եք կարծում, հնարավո՞ր է նման ընդվզումներով կասեցնել այս գործընթացը:

-Հանրային այս ընդվզումները դիմակայության օջախներ են ստեղծել Տավուշի մարզի տարբեր ուղղություններում, սրանք բավականին կարեւոր  նշանակությունեն ունեն իշխանությունների սանձարձակ գործողությունները դանդաղեցնելու կամ կասեցնելու, բայց սրանք ավելի արդյունավետ կլինեն, եթե մասշտաբների առումով մեծանան եւ հանրապետական մակարդակով լինեն:

Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԵ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ

 

 

 

Ռ. ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ ԹՈՒՅԼ ՉԵՆ ՏՎԵԼ ՏՈՒՆ ԶԱՆԳԵԼ

Բաքվում ապօրինաբար պահվող ռազմագերիների եւ պատանդառված անձանց պահման իրական պայմանների, նրանց նկատմամբ վերաբեմունքի մասին հստակ, անկողմնակալ ինֆորմացիայի աղբյուր, ցավոք, գոյություն չունի: Այս մասին այսօր՝ ապրիլի 23-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։

«Այն, ինչ Կարմիր խաչից ստանում ենք, բավարար համարել չի կարելի։ Չկան միջազգային մեխանիզմներ, որոնցով հարազատներն ամբողջական տեղեկատվություն կունենան, թե ինչ պայմաններում են ապրում, պահվում գերեվարված անձինք»,-ասաց նա։

Ստեփանյանի խոսքով՝ Կարմիր խաչի խողովակի անբավարարության մասին է խոսում նաեւ այն, որ հացադուլ հայտարարելուց հետո, որպես պատիժ, ադրբեջանական կողմն անգամ դադարեցրել է Ռուբեն Վարդանյանի՝ հարազատների հետ խոսելու հնարավորությունը։ «Շուրջ 10-14 օր նա ընդհանրապես հարազատների հետ կապ պահպանել չէր կարողանում: Դա նշանակում է, որ այդ անձինք շարունակում են գտնվել իրենց իրավունքների անմիջական խախտման ներքո: Միակ ճանապարհը նրանց իրավունքների վերականգնման համար, նրանց անհապաղ  ազատ արձակումն է:

Ինչ վերաբերում է պետության կողմից քայլերին, ցավոք սրտի, ես չեմ տեսնում, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը որեւէ հստակ, համառ աշխատանք տարվի գերիների կամ պատանդառված անձանց վերադարձի ուղղությամբ: Այո, կան  իրավական գործընթացներ, իրավական շրջանակներում այս հարցը առաջ է մղվում Հայաստանի կողմից, բայց բանակցային դաշտում այս թեման կարծես թե չկա: Նաեւ սա է Ադրբեջանին թույլ տալիս ավելի անպատիժ գործելու»,-ասաց նա:

 

 

 

ՇՏԿՎՈՒՄ ԵՆ ԿՈՈՐԴԻՆԱՏՆԵՐԸ

Հայաստանի եւ Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ վարչապետի աշխատակազմը:

«Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի եւ Ադրբեջանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի 8-րդ հանդիպման արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ 2024 թվականի ապրիլի 23-ին Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության սահմանին երկրների փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը՝ հիմնվելով տեղում գեոդեզիական չափումների վրա»,- ասված է հայտարարության մեջ:

 

 

 

ՈՐՔԱ՞Ն ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ Է ԼՐԱՑՎԵԼ

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ապրիլի 1-ին հրապարակած հաշվետվության համաձայն 17 հազարից ավելի անձ ներկայացրել է հայտարարագիր։

2023 թվականի սկսած՝ պաշտոնատար անձանց եւ նրանց անդամների հայտարարագրերի բոլոր տեսակները ներկայացվել են ներդրված հայտարարագրման նոր էլեկտրոնային համակարգի միջոցով։

Հաշվետու ժամանակահատվածում հանձնաժողով է ներկայացվել 17 հազար 149 հայտարարագիր, այդ թվում 8 352՝ պաշտոնատար անձի, 8 797՝ ընտանիքի անդամ։

«Հայաստան» խմբակցությունը նոր նախագիծ է շրջանառության մեջ դրել

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանական Հանրապետության միջեւ սահմանազատման եւ սահմանագծման վերաբերյալ ԱԺ հայտարարության նախագիծ է շրջանառության մեջ դրել:

Այն այսօր կքննարկվի ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում:

Հիմնական զեկուցողը ԱԺ պատգամավոր Արթուր Խաչատրյանն է:

 

 

 

ԿԸՆԴԼԱՅՆԻ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԸ

Եվրամիության երկրների արտաքին գործերի նախարարները պայմանավորվել են ընդլայնել Իրանի նկատմամբ պատժամիջոցները՝ Ռուսաստան հրթիռների հնարավոր փոխանցումը կանխելու համար: Այս մասին Լյուքսեմբուրգում արտգործնախարարների հանդիպման արդյունքներով հայտարարել է ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելը։

«Մենք քաղաքական համաձայնություն ենք ձեռք բերել, որպեսզի ընդլայնենք անօդաչուների նկատմամբ գործող պատժամիջոցների ռեժիմը եւ այն տարածենք հրթիռների եւ Ռուսաստանին դրանց հնարավոր մատակարարումների վրա»,- ասել է Բորելը։

Նա հավելել է, որ ԵՄ-ն նաեւ կընդլայնի սահմանափակող միջոցառումների աշխարհագրությունը, որպեսզի դրա տակ ընկնեն անօդաչուների եւ հրթիռների մատակարարումները ոչ միայն Ռուսաստանին, այլեւ տարածաշրջանի միջնորդ երկրներին։

 

 

 




Լրահոս