«Հայաստանի Հանրապետությունն այնքան է, որքան իր զինվորը կարող է կանգնել»։ Ոսկեպար-Կիրանց ճանապարհահատվածին լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
«Ինձ համար ՀՀ տարածքային ամբողջականությունը ո՛չ թվերով է, ո՛չ սահմաններով է, ո՛չ էլ… այս վերջին շրջանում են մարդիկ հիշել Ալմաթի, սովետական, ԽՍՀՄ, չգիտեմ՝ էլ ինչ, ՄԱԿ, շատ բաներ են հիշել վերջին 1-2 տարում։ 1 տարի առաջ ՀՀ-ն 29,800 քառակուսի մետր էր, ըստ, ինչ-որ հանրագիտարանի, հիմա ՀՀ-ն 29,743 է, երեւի ըստ մեկ այլ հանրագիտարանի, վաղը ի՞նչ է լինելու…»,- ասաց Սրբազանը։
Նա շեշտեց՝ երկրի վարչապետը պարտավոր է պատասխանատու լինել իր յուրաքանչյուր խոսքի համար։
«Իրավիճակը սարսափելի բարդ է, այն, ինչ մենք ամիսներով, օրերով մտածում էինք, շոշափելի իրականություն է դարձել. նահանջել է մեր դիրքերից մեր զորքը», – Տավուշի մարզի Կիրանց գյուղում «Ժողովուրդ» հետ զրույցում հայտնել է, Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը:
«Արդեն իսկ ասում են, որ ադրբեջանական դրոշ է ծածանվում մեր դիրքերի վրա: Ես չեմ տեսել իմ աչքով, բայց այդպես ասում են, վստահաբար տեսել են մարդիկ:
Հասկանում եք՝ ինչ հոգեկան ցնցումների մեջ են մարդիկ, չարիքից պարտված լինելու զգացում մեջ է մեր ժողովուրդը: Այ պայքարը ճշմարտության եւ արդարության մասինէ եւ այն պետք է հաղթանակի: Այլ տարբերակ չունենք:
Զավեշտալի վիճակ է, զորքը բացում է դռները հակառակորդի առջեւ եւ ժողովուրդը պայքարում է իր ոստիկանության ու իր զորքի դեմ, ասում է՝ դռները մի բացեք: Պատմության մեջ միշտ հակառակն է եղել: Սա ուրացման եւ ստին ծառայելու գործընթաց է»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ Տավուշի մարզի Կիրանց համայնքում արդեն մի քանի օր է, ինչ փակ է միջպետական ճանապարհը, այն բանից հետո երբ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակը հայտարարություն տարածեց, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել Ադրբեջանի հետ սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքների հետ կապված։ Նաեւ քարտեզ է հրապարարկել, որով Կիրանցի որոշ հատված անցնելու է Ադրբեջանի վերահսկողության տակ։
Նշենք, որ նախօրեին Ոսկեպարում ժողովուրդը թույլ չէր տալիս ականազերծել եկեղեցուց քիչ հեռու գտնվող տարածքը։ Եկեղեցին 7-րդ դարի եկեղեցի է։ Սահամազատումից հետո եկեղեցին հայտնվելու է սահմանի եզրին:
ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
ՏԵՂԱԴՐՎԵԼ Է ԱՌԱՋԻՆ ՍՅՈՒՆԸ
2024 թվականի ապրիլի 23-ին Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա, կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը։ Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են։
Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի եւ Ադրբեջանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի 8-րդ հանդիպման արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության սահմանին երկու երկրների փորձագիտական խմբերն այսօր սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը՝ հիմնվելով տեղանքում գեոդեզիական չափումների վրա։
ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԸՄԲՌՆՈՒՄ
Բաքուն եւ Երեւանը ընդհանուր պատկերացում ունեն, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության պայմանագիրը։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին ապրիլի 23-ին հայտարարել է նախագահ Իլհամ Ալիեւը՝ ելույթ ունենալով ADA համալսարանում կազմակերպված «COP29 եւ կանաչ տեսլականը Ադրբեջանի համար» թեմայով միջազգային համաժողովում։
Ադրբեջանի նախագահի վկայությամբ, «մենք ավելի մոտ ենք խնդրի լուծմանը, քան երբեւէ»։ «Օկուպացիայի ժամանակ մենք շատ հեռու էինք սրանից։ Այն ժամանակ մենք նույնիսկ չկարողացանք պայմանավորվել հիմնարար սկզբունքների շուրջ»,- ասել է Ալիեւը։
«Հիշեցնելով, որ այն ժամանակ նույնիսկ Մադրիդյան սկզբունքների շուրջ համաձայնություն ձեռք չի բերվել, պետության ղեկավարն ասել է, որ այդ պահին նույնիսկ խաղաղության համաձայնագրի նախագիծ չկար։ Իսկ հիմա այն կա»,- մեջբերում է լրատվամիջոցը։
«Այժմ մենք ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը: Պարզապես պետք է մանրամասները մշակենք: Սակայն, իհարկե, երկու կողմերին էլ ժամանակ է պետք»,- հավելել է Ալիեւը։
Ելնելով վերը նշված մեջբերումներից՝ ապագա համաձայնագրի անկյունաքարը «օկուպացիայից հրաժարվելն է»։ Ավելի վաղ Բաքուն հրաժարվում էր ընդունել հայկական հողի բազմաթիվ հեկտարների՝ սահմանամերձ գյուղերի վարչական տարածքների օկուպացման փաստը։ Էլ ավելի վաղ Ալիեւն ասել էր, որ Ադրբեջանը չի լքի 2020 թվականից հետո զավթած Հայաստանի ինքնիշխան տարածքը։ Այսպիսով, ադրբեջանական իշխանությունների տրամաբանությամբ, ստացվում է, որ խոսքը միայն հայկական կողմից միակողմանի զիջումների մասին է, ինչով էլ պայմանավորված են Ադրբեջանի նախագահի լավատեսական գնահատականները։
ՎՐԱՍՏԱՆԸ ՈՂՋՈՒՆԵԼ Է ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
«Վրաստանը ողջունում է Ադրբեջանի եւ Հայաստանի սահմանների սահմանազատման հանձնաժողովի համաձայնությունը սահմանների սահմանազատման գործընթաց սկսելու վերաբերյալ»։ Այդ մասին նշված է երկրի ԱԳՆ հայտարարության մեջ:
«Վրաստանը շահագրգռված է տարածաշրջանում կայուն խաղաղության ապահովմամբ եւ վերահաստատում է ամուր հանձնառությունը՝ նպաստելու երկու հարեւանների միջեւ խաղաղության եւ վստահության ձեւավորման գործընթացին»,- շեշտել է Վրաստանի ԱԳ նախարարությունը՝ X-ի միկրոբլոգում տարածած հաղորդագրության մեջ:
ԻՐԱՆԻ ԱՆԴՐԱԴԱՐՁԸ
Իրանի արտաքին գործերի նախարարությունն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ սահմանազատման գործընթաց սկսելու վերաբերյալ համաձայնությանը։ Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակ Նասեր Քանանին հայտարարել է, որ Իրանը հարգում է Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ սահմանազատման հանձնաժողովների նիստի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները:
«Մենք հարգում ենք Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ սահմանազատման հանձնաժողովների նիստի պայմանավորվածությունները: Հարավային Կովկասում կայուն խաղաղության ու կայունության հաստատման համար անհրաժեշտ է շարունակել սահմանային խնդիրները լուծելու երկու երկրների ջանքերը՝ հենվելով խաղաղ մեթոդների վրա եւ երկու երկրների կողմից միմյանց ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության փոխադարձ հարգանքի շրջանակներում»,- ասել է Քանանին:
ԷՐԴՈՂԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԿՈՉ Է ԱՐԵԼ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է արել Հայաստանի իշխանություններին կողմնորոշվել առկա իրողություններում՝ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ճանապարհային քարտեզ մշակելու համար։
«Տարածաշրջանում այժմ նոր կարգ է հաստատվում։ Ժամանակն է հրաժարվել անհիմն հիշողություններից, ավելի լավ է գործել՝ ելնելով ներկա ժամանակի իրողություններից։ Հիմա սա հասկանում է նաեւ Փաշինյանը։ Հիմա իրատեսական հիմունքներով նոր ճանապարհային քարտեզներ ստեղծելու ժամանակն է: Հուսով եմ, որ Հայաստանը կազատվի այն խավարից, որի մեջ նրան ներքաշել է սփյուռքը եւ կընտրի նոր ձեռնարկումների ուղին հանուն պայծառ ապագայի»,- Իրաքից վերադառնալուց հետո իրեն ուղեկցող լրագրողներին է ասել նախագահը։ Նրա խոսքը մեջբերում է Anadolu գործակալությունը։ Ըստ Էրդողանի, «հնարավորությունների պատուհանը ոչ միշտ է բաց լինելու, եւ անհրաժեշտ է արդյունավետ օգտագործել պահը»։