Կայացել է ԱՍՀ նախարարության եւ Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հետ համագործակցությամբ իրականացվող՝ արդյունքների վրա հիմնված ֆինանսավորմամբ ակտիվ զբաղվածության ծրագրի պաշտոնական մեկնարկի արարողությունը։
Միջոցառմանը մասնակցել են ԱՍՀ նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը, Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Կոնստանտին Սոկուլսկին, Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսը, Ավստրիական զարգացման գործակալության ծրագրերի ղեկավար Վահե Սարգսյանը եւ այլ հյուրեր։
Մեկնարկող ծրագիրը հանդիսանում է զբաղվածության նոր ռազմավարության հիմնական բաղադրիչներից մեկը, որը հնարավորություն կտա զբաղվածության ծրագրերն իրականացնել արդյունքի հիման վրա ֆինանսավորման սկզբունքով եւ կատարել մասշտաբային վերապատրաստումեր եւ աշխատանքի տեղավորմանն ուղղված ֆինանսական ներդրումներ։ Ծրագրի իրականացման միջոցով բնակչության ոչ լիարժեք օգտագործված աշխատուժի, կրթություն եւ զբաղվածություն չունեցող անձանց, 30-40 տարեկան գործազուրկ կանանց եւ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների զբաղվածության խնդիրները կստանան լուծումներ՝ նրանց տրամադրելով ոչ միայն ուսուցում, այլեւ աշխատանք:
Ակտիվ զբաղվածության ծրագրերի իրականացմամբ կարեւորելով աշխատաշուկայում մրցունակ աշխատուժի ձեւավորումն ու աշխատանքային հնարավորությունների ընդլայնումը՝ նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանն այդ գորընթացում ընդգծել է պետության, մասնավոր կազմակերպությունների եւ միջազգային կառույցների շարունակական համագործակցությունը։ Վերջինիս խոսքով՝ զբաղվածության ծրագրի այս մոդելը մշակվել է հաշվի առնելով տարբեր երկրների փորձը՝ կարեւոր սկզբունք համարելով ոչ միայն գիտելիք ու հմտություններ տալը, այլ նաեւ այն, որ վերջնարդյունքում ունենանք կայուն աշխատանքով ապահոված քաղաքացիներ։ Այն նպատակաուղղված է աշխատաշուկայի, տնտեսական եւ կրթական զարգացմանը, երկրում բարձր արտադրողականությամբ աշխատատեղերի ստեղծմանն, մրցունակ աշխատուժի խթանմանն, ինչպես նաեւ առաջարկի ու պահանջարկի անհամապատասխանությունների կրճատմանը։
Արդյունքների վրա հիմնված ֆինանսավորմամբ ակտիվ զբաղվածության ծրագիրն իրագործվելու է 7 կազմակերպությունների կողմից, որոնք ստացել են համապատասխան վկայագրեր. հավաքագրվելու են մասնակիցները, իրականացվելու են համապատասխան վերապատրաստման դասընթացներ, ապահովելու են կայուն աշխատանք։
Ծրագիրն իրականացվում է Ավստրիական զարգացման գործակալության «Պլատֆորմ#5. Հայաստանում կանանց համար տնտեսական հնարավորությունների մեծացում» եւ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կառուցելով սոցիալական պաշտպանության կայուն համակարգ» ծրագրերի կողմից։
ՀԱՄԱԼՐԵԼ ԵՆ ՆԱԵՎ ՖԻԶ. ԱՆՁ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է երեք նոր ավանդներ բանկի ֆիզիկական անձ հաճախորդների համար։
Յուրաքանչյուր պրոդուկտի համար գործում են անհատական պայմաններ։ Դրամական միջոցների տեղաբաշխումը հասանելի է ՀՀ դրամով եւ ՌԴ ռուբլով:
Ազգային արժույթով ավանդ ներդնելիս տարեկան եկամտաբերությունը կկազմի 748%-ից մինչեւ 10.22%:
Բանկի ֆիզիկական անձ հաճախորդներին հասանելի են նոր՝ «Կայուն», «Ավելացող» եւ «Անսահման» ավանդատեսակները: Ավանդատուն կարող է ընտրել բարձր տոկոսադրույքով, համալրման եւ մասնակի ելքագրման հնարավորություններով, իրեն հարմար տեղաբաշխման ժամկետով եւ տոկոսների վճարման եղանակով տարբերակ:
«Կայուն» ավանդի շրջանակներում միջոցները կարելի է տեղաբաշխել 1 ամսից մինչեւ 4 տարի ժամկետով՝ սկսած 50 հազար ՀՀ դրամ կամ 10 հազար ռուբլի գումարից: Տվյալ ավանդի համար համալրման եւ մասնակի ելքագրման հնարավորություններ նախատեսված չեն: Տոկոսները վճարվում են ավանդի ժամկետի ավարտին` ամսական կտրվածքով կամ ամսական կապիտալացման տարբերակով: Կախված միջոցների տեղաբաշխման ժամկետից՝ ավանդի վաղաժամկետ խզման դեպքում տոկոսները կարող են պահպանվել:
Համալրման հնարավորությամբ «Ավելացող» ավանդատեսակը հասանելի է 30 օրից մինչեւ 3 տարի ժամկետով: «Անսահմանափակ» ավանդի համար լիովին հասանելի են մասնակի ելքագրումներ եւ համալրումներ: Միջոցների տեղաբաշխման ժամկետը տատանվում է 3 ամսից մինչեւ 1 տարի ժամկետով՝ ժամկետի վերջում տոկոսների վճարմամբ: Երկու ավանդների համար էլ տեղաբաշխման նվազագույն գումարը կազմում է 30 հազար ՀՀ դրամ կամ 5 հազար ՌԴ ռուբլի:
«Միջոցներ տեղաբաշխելիս հաճախորդի համար կարեւոր է անհատական մոտեցումը: Ուստի, հաշվի առնելով շուկայում ձեւավորված պահանջները, մենք ընդլայնել ենք մեր խնայողական պրոդուկտների շարքը՝ առաջարկելով երեք տարբեր ավանդներ՝ ճկուն պայմաններով։ Դրանք հասանելի են թե՛ ազգային արժույթով եւ թե՛ ռուսական ռուբլով: Սակայն, հաշվի առնելով շահութաբերությունը, ավանդների համար այսօր ամենատարածված արժույթը ՀՀ դրամն է։ 2023թ.-ի արդյունքներով բանկի ֆիզիկական անձ հաճախորդների ժամկետային ավանդների ընդհանուր ծավալը գերազանցել է 80 մլրդ ՀՀ դրամը, որից 93%-ը ազգային արժույթով է»,- մեկնաբանել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրենի – Տնօրինության նախագահի տեղակալ Տարաս Կլադչենկոն։
Ձեւակերպել ավանդ կարելի է ՎՏԲ-Հայաստան Բանկի ցանկացած մասնաճյուղում կամ հեռահար եղանակով՝ Վիդեո բանկինգ ծառայության միջոցով: Ավանդների համալրումը հասանելի է բանկի մասնաճյուղերում: 1 մլն ՀՀ դրամ գումարի կամ դրան համարժեք արտարժույթով ավանդ ներդնելիս հաճախորդին տրամադրվում է դեբետային քարտ՝ ավանդի գործողության ժամկետի ընթացքում անվճար սպասարկմամբ եւ բանկի բանկոմատներից միջոցների անվճար կանխիկացմամբ։
Ֆիզիկական անձանց ավանդները երաշխավորված են Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից, սահմանաչափերը որոշվում են՝ կախված ներդրված միջոցների գումարից: Ավանդի տոկոսագումարից գանձվող եկամտահարկը կազմում է տարեկան 10%:
Ս. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ ԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ Է
Սամվել Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին. «Էս պահին զանգվածային տարածվող երկու բան կա։ Երկուսն էլ նոր չեն, մեղմ ասած։ Զուտ մի փոքր տեքստն է փոխվել»:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը՝ նշելով, որ քաղաքացիները ստանում են կեղծ հաղորդագրություններ ու ծանուցումներ «Հայփոստ»-ից, որը ներկայացվում է որպես «աշխատանքի թույն առաջարկ»:
ԿՎԵՐՍԿՍԻ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Թաիլանդը հաստատում է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հետ ազատ առեւտրի համաձայնագրի կնքման շուրջ բանակցություններ սկսելու իր մտադրությունը։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Թաիլանդի արտաքին գործերի նախարարության ղեկավար Պանպրի Փիթհանուկոնը՝ Բանգկոկում իր ղազախ գործընկեր Մուրատ Նուրթլեուի հետ հանդիպման արդյունքներով։
«Ուրախ եմ, որ Ղազախստանը Թաիլանդի ամենամեծ առեւտրային գործընկերն է Կենտրոնական Ասիայում։ Հուսով եմ, որ մեր երկկողմ ազատ առեւտրի համաձայնագիրը պատրաստ կլինի եւ կստորագրվի մոտ ապագայում։ Ցանկանում եմ հաստատել Թաիլանդի մտադրությունը՝ զարգացնել տնտեսական համագործակցությունը Կենտրոնական Ասիայի եւ տարածաշրջանի հարեւան երկրների հետ՝ բանակցություններ սկսելով Թաիլանդի եւ ԵԱՏՄ միջեւ ազատ առեւտրի համաձայնագրի կնքման շուրջ։ «Այն կավելացնի երկկողմանի առեւտրի ծավալները եւ ապագայում ճանապարհ կհարթի Հարավարեւելյան Ասիայի երկրների ասոցիացիայի եւ ԵԱՏՄ-ի միջեւ ազատ առեւտրի համաձայնագրի համար», – ասել է նա:
ՄԱՔՍԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԳՈՒՄԱՐԸ
Պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է հետբացթողումային հսկողության եւ ստուգումների վարչության 2024թ. մարտ ամսվա ընթացքում իրականացված հսկողական աշխատանքի արդյունքները։
Ապրանքների բացթողումից հետո, ՀՀ ՊԵԿ հետբացթողումային հսկողության եւ ստուգումների վարչության իրականացված կամերալ եւ արտագնա մաքսային ստուգումների արդյունքներով հայտնաբերվել են ՀՀ մաքսային օրենսդրության խախտման դեպքեր, որոնց արդյունքում պակաս հաշվարկված եւ չվճարված մաքսային վճարների եւ դրանց նկատմամբ օրենքով հաշվարկված տույժերի ընդհանուր գումարը կազմել է 41.101 մլն դրամ։