Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ Դաշնային խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինը պաշտոնական նամակ է հղել Հայաստանի Ազգային ժողովին՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի վերջին հայտարարությունների հետ կապված։

Այս մասին հայտնել է խորհրդարանի վերին պալատի մամուլի ծառայությունը։

«Ուզում եմ ճշտել, թե ում անունից է խոսել ՀՀ ԱԺ նախագահը նշված միջոցառմանը, ինչպես նաև տեղեկացնել, թե ինչպես են նրա ուրվագծած գնահատականները համապատասխանում Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության դաշնակցային հարաբերություններին ու մեր ժողովուրդների բարեկամության դարավոր կապերին»,- ասված է նամակում։

Դրանում նաև ասվում է, թե ԱԺ նախագահի ելույթը «առաջացրել է ռուս հասարակության ծայրահեղ բացասական արձագանքը»։

Դաշնային խորհրդի մամուլի ծառայությունը նաև նշել է, որ նամակն ուղարկվել է դիվանագիտական ուղիներով։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հանձնարարել է պատգամավորներին պատրաստել և հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան՝ կապված ՀՀ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի հակառուսական հայտարարությունների հետ։

Ըստ ՏԱՍՍ-ի, ելույթ ունենալով Եվրամիության երկրների խորհրդարանների նախագահների համաժողովում՝ Սիմոնյանը մասնավորապես հայտարարել է, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ «համաժողովի ուշադրության կենտրոնում Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա և մերձավորարևելյան հակամարտությունն է»՝ ինքը ցանկանում է հաստատել, որ Հայաստանը «վճռականորեն պաշտպանում է Ուկրաինայի, ինչպես նաև Մոլդովայի, Վրաստանի, Կիպրոսի և բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը»։




Լրահոս