Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, ելույթ ունենալով ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում, նշել է, որ դժվար է տեսնել, թե Ադրբեջանի ներկայացուցիչը ինչպես կարող է սույն Դատարանի առջև պնդել, թե միջազգային համայնքը մերժել է ինքնորոշման մասին հարցը:
«Ադրբեջանը մեծապես ընդգծում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի այն վճիռը, որի համաձայն Հայաստանը Եվրոպական կոնվենցիայի 1-ին հոդվածի իմաստով ունեցել է իրավազորություն ԼՂ-ի նկատմամբ:
Ադրբեջանը անուշադրության է մատնում այն փաստը, որ Դատարանի կողմից իրավազորության որոշումը, Դատարանի նախադեպային պրակտիկայի համաձայն, չի կարող հավասարեցվել միջազգային խախտման համար պետության պատասխանատվության արձանագրման չափանիշին: Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է ԼՂ-ը:
ԱԽ-ը Հայաստանին կոչ է արել շարունակել գործադրել իր ազդեցությունը՝ ապահովելու համար ԼՂ հայերի կողմից նորմերի կատարումը:
Իրականում հենց Ադրբեջանն էր արգելափակել ՄԱԿ-ի հասանելիությունը: Ադրբեջանն է քանիցս հրաժարվել համագործակցել ԼՂ էթնիկ հայերի, այդ թվում՝ շրջակա միջավայրի պաշտպանության և Սարսանգի ջրամբարի հետ կապված հարցերի վերաբերյալ»,-նշել է Կիրակոսյանը։