Եվրոպացիներն իրենց «քցվա՞ծ» են զգում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանը երեկ այցելել է ԱԳՆ, որտեղ ղեվակար անձնակազմի հետ խորհրդակցության ավարտին անդրադարձել է երկրի անվտանգության խնդիրներին: Եվ, ինչպես վերջին ամիսներին, այս անգամ ևս հանդես է եկել առկա իրավիճակի  բավականին յուրովի գնահատականներով. «Խնդիրը հետևյալում պետք է լինի. մենք մեկ տարի անց  կարողացանք մեր անվտանգության ապահովման երաշխիքը բարձրացնել, թե չկարողացանք: Համարում եմ, որ այսօր մեր ունեցած  միջազգային հարաբերություններով, մեր  ներգրավվածությամբ, դաշնակիցների  տեսակով և որակով շատ ավելի  անվտանգ ենք, քան էինք հինգ տարի առաջ:  Երբեք մեր բանակն այսքան սպառազինված և մարտունակ չի եղել: Երբեք, համենայնդեպս, ես չեմ հիշում, որ Ղարաբաղի հարցով  այսպիսի միանշանակություն լինի: Մենք ունենք մի որակ, հատկանիշ` մենք չենք փորձում որևէ մեկին խաբել կամ մոլորեցնել, մենք ասում ենք ` սա է մեր շահը, մենք սրա համար պատրաստ ենք  սա անել»:

Անկեղծ ասած ` Սերժ Սարգսյանի   նման ինքնագովաբանությունը հատկապես երկրի անվտանգության և արտաքին քաղաքական  հարցերի շուրջ,  մեղմ ասած, հարցահարույց է: Նախ ` անհասկանալի է, թե այդ ինչ  է տեղի ունեցել, որ մեկ տարվա ընթացքում բարձրացրել է մեր երկրի անվտանգությունը: Միակ  քայլը, որ արվել է ` Մաքսային միությանն անդամակցելու որոշումն է, որը, ինչպես հայտնի է, տնտեսական միություն է, այլ ոչ քաղաքական կամ ռազմական: Ի դեպ, դա անվերջ շեշտում էր հենց իշխանական քարոզչամեքենան: Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի մատնանշած «որակին»` որևէ մեկին չխաբելու կամ չմոլորեցնելու առումով, ապա խեղճ եվրոպացիները Սերժ Սարգսյանի այդ «որակի» շնորհիվ մինչև հիմա  իրենց զգում են ոչ միայն  խաբված ու մոլորված, այլև ` պարզապես «քցված»:

Միջազգային հարաբերություններում մեր ներգրավվածության ներկայիս աստիճանի հետ կապված էլ, դժվար է չարձանագրել, որ այն այսօր ոչ թե ցածր է, այլ ՝ պարզապես բացակայում է: Այն աստիճան, որ Հայաստանի անունն առհասարակ չի հնչում ` ո՛չ ռուսական, ո՛չ էլ եվրոպական քաղաքական ու մեդիա դաշտում ՝  լինի դա Մաքսային միությանն անդամակցության հեռանկարի, թե Ղարաբաղի հարցով:

Ինչ վերաբերում է դաշնակիցների «տեսակին ու որակին, որը շատ ավելի անվտանգ է», ապա ինչպես մի առիթով ՀՀԿ-ական պատգամավորուհիներից մեկին ասաց Գ. Ջհանգիրյանը` «ճաշակի հարց է», առավել ևս `  եթե Ս. Սարգսյանի համար առաջնայինն անձնական իշխանության անվտանգության հարցն է:

Եվ վերջում ` լավ կլիներ, որ Ղարաբաղի հարցում  երբեք չեղած «այսպիսի միանշանակության» մասին խոսելիս Սարգսյանը հստակեցներ, թե ինչպիսի միանշանակության մասին է խոսքը `  միանշանակ վա՞տ, թե՞ միանշանակ վատթար: Լավի մասին խոսելու համար անգամ նրա ցինիզմը չի հերիքի:




Լրահոս