«Մեգո Գոլդ» ՍՊԸ-ն Թուխմանուկի ոսկու հանքավայրում աշխատելու նպատակով Արագածոտնի մարզի Մելիքգյուղի ավելի քան 40 բնակչի չի վճարել տարիներով կուտակած աշխատավարձերը: Թե ինչքա՞ն է կազմում պարտք մնացած աշխատավարձերի չափը Մելիքգյուղի համայնքապետ Հակոբ Մկրտչյանը չկարողացավ հստակ նշել, որովհետև նույնիսկ բնակիչները չգիտեն, քանի որ ժամանակին չեն ստացել և չգիտեն, թե այն ինչքան է կազմում:
Ի դեպ, տեղեկացնենք, որ մարտի 28-ին Մելիքգյուղի գյուղապետարանում տեղի կունենան «Մեգո Գոլդ»ՍՊԸ-ի կողմից շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության ներկայացված Թուխմանուկի ոսկու հանքավայրի նոր պոչամբարի նախագծի լրամշակված բնապահպանական մասի վերաբերյալ մասնագիտական եզրակացության, հասարակական և ազդակիր համայնքի ղեկավարի կարծիքների հասարակական լսումներ:
«Կարող է նորից փոփոխվի լսումների օրը, քանի որ ընկերությունը դեռ չի վճարել աշխատավարձերը»,- Armlur.am-ի հետ զրույցում լրացրեց համայնքապետը:
Խնդրի առնչությամբ Armlur.am -ը «Մեգո Գոլդ»ընկերության տնօրեն Աշոտ Պողոսյանից հետաքրքրվեց, թե ե՞րբ են վճարվելու պարտք մնացած աշխատավարձերը. «Երկար ժամանակ է, ինչ կանգնած են ոսկու հանքավայրի աշխատանքները: Մենք աշխատավարձերը հաշվարկել ենք, մարդիկ հիմա տանը նստած են, ու, այո, պարտք ենք մնացել և մենք պարբերաբար վճարում ենք»: