Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ ապրիլի 22-ին Հրազդան քաղաքի՝ 36-ամյա և Լեռնանիստ բնակավայրի՝ 18-ամյա բնակիչ երկու երիտասարդ անձնական հարցերի շուրջ վիճաբանել են զովաբերցի 19-ամյա և 21-ամյա երկու եղբայրների հետ, ծեծի ենթարկել նրանց, ապա հափշտակել են 19-ամյա երիտասարդի «ՎԱԶ-21061»-ը:
Դեպքի առթիվ ապրիլի 23-ին Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ձեռնարկված միջոցառումներով «ՎԱԶ-21061»-ը հայտնաբերվել և տեղափոխվել է Հրազդանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Քրեական վարույթի շրջանակում ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ զովաբերցի եղբայրները 2023 թ. դեկտեմբերի 10-ից դեկտեմբերի 16-ն ընկած ժամանակահատվածում Հրազդանի Ջրառատ թաղամասի գերեզմանատնից գողացել են այլումինե զարդանախշեր, ինչի վերաբերյալ ոստիկանության Հրազդանի բաժնում 2023 թ. դեկտեմբերի 16-ին հաղորդում էր ստացվել:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում եղբայրները հայտնաբերվել, գողություն կատարելու հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալվել ու տեղափոխվել են Հրազդանի բաժին, որտեղ 19-ամյա երիտասարդը խոստովանել է, որ եղբոր հետ նշված գերեզմանատնից գողացել են այլումինե զարդանախշեր, որոնք «ՎԱԶ-21061»-ով տեղափոխել և հանձնել են Գեղամավան համայնքի գունավոր մետաղների ընդունման կետ: Նաև խոստովանել է, որ գողություններ են արել այլ գերեզմանատնից ևս:
Զովաբերի բնակիչ եղբայրները ձերբակալվել են:
Կատարվում է նախաքննություն: