Այսօր երևանյան շատ փողոցներում տեղի են ունեցել անհնազանդության, բողոքի ակցիաներ։
Ակցիաների ժամանակ բերման են ենթարկել մասնակիցներին, այդ թվում նաև՝ հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանին։
ArmLur.am-ը կապ հաստատեց Ղազարյանի հետ՝ պարզելու համար, թե ինչո՞ւ են նրան բերման ենթարկել։
«Ապօրինի ձերբակալություն էր։ Ես մայթի վրա կանգնած էի, ինձ ձերբակալել են։ Բռնության են ենթարկել, մի քանի ոստիկանով հարձակվել են վրաս, թևերս մտած ուժ գործադրելով տարել են քաղաքացիական ավտոբուս, անգամ ոստիկանական մեքենա էլ չէր»,- մեզ հետ զրույցում մանրամասնեցց Ղազարյանը։
Նշենք, որ հասարակական-քաղաքական գործչին տարել էին ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոն բաժին, որտեղից էլ Ղազարյանն արդեն դուրս է եկել։
Էդգար Ղազարայանը նաև ասաց, որ պատրաստվում է հանցագործության հաղորդում ներկայացնել ոստիկանություն, քանի որ նրա նկատմամբ նաև բռնություն են գործադրել։
«Արձանագրություն են կազմել, որ ես իբր ոստիկանի օրինական պահանջները չեմ կատարել, բայց ես զեկուցագիր եմ պահանջել, որը իրենք չեն ներկայացրել, ինչն էլ նշանակում է, որ ամեն բան կեղծիք է։ Առաջիկայում հանցագործության հաղորդում կտամ այդ մասին, քանի որ ինձ ձերբակալել են փողոցը փակելու համար, իսկ ես մայթին եմ կանգնած եղել։ Իմ անձի հանգամանքը հաշվի առնելով են այդ ամենը արել»,- ասաց Ղազարյանը ավարտելով զրույցը։
Աննա Սրապիոնյան