Տավուշի մարզի հատվածում սահմանազատման գործընթացի արդյունքում Հայաստանը և Ադրբեջանը կֆիքսեն պետական սահմանը։ Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ նշելով, որ սահմանազատված հատվածներում կտեղակայվեն սահմանապահները։
«Մեծ հույս ունեմ, որ նման ձևով կշարունակենք մեր ամբողջ սահմանը սահմանազատել»,- ասաց ԱԺ նախագահը, ապա հավելեց, որ գործընթացը երկու երկրների միջև սահմանի ճշգրտումն իրականացնելու սկիզբն է։
«Անկեղծ, շատ ուրախ եմ, որ եկել, հասել ենք նրան, որ արդեն սյուներ ենք տնկում և ֆիքսում ենք սահմանը։ Չէ՞ որ այդ սահմանը ֆիքսում ենք ոչ միայն հայկական կողմի համար, այլև ադրբեջանական կողմի համար։ Սահման ենք ստանում: Միակողմանի զիջո՞ւմ է սահման ունենալը: Միակողմանի զիջում է հավանական հարձակվող կողմից մեր հայկական սահմանը ճանաչե՞լը: Դա զիջո՞ւմ է: Որևէ տարածք, որևիցե թումբ հանձնվե՞լ է»,- ասաց Սիմոնյանը և նշեց, որ բազմիցս ասվել է, որ ՀՀ տարածքից որևեիցե մետր հանձնման առումով քննարկման ենթակա չէ:
Ըստ Սիմոնյանի՝ այժմ տարածքն ավելի պաշտպանված է, և որ գործընթացի արդյունքում 10-12 կիլոմետր տարածքում Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ չունի։
Հիշեցնենք՝ 2024 թվականի ապրիլի 23-ին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա, կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում, տեղադրվել է առաջին սահմանային սյունը։