Վարորդները դժգոհ են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է` առաջիկայում կառավարությունը պատրաստվում է  որոշում ընդունել ավտոմեքենաների նոր պետհամարանիշների ձևավորվման  մասին: Ըստ այդմ՝ պետհամարանիշների վրայի տառերն ավելի մեծ պետք է լինեն, քանի որ արագաչափերն ու տեսախցիկները դրանք լավ չեն տարբերում:

Տավուշի մարզի սահմանամերձ Նոյեմբերյան քաղաքի վարորդները զանգվածային լրատվական միջոցներից լսել են կառավարության  մտադրության մասին և դրան շատ վատ են վերաբերվում:

Դժգոհ են հատկապես տաքսիստները, ովքեր, այլ գործ չունենալով, ստիպված են այդ աշխատանքով զբաղվել: Անցած 20 տարում արտագաղթի պատճառով նվազել է բնակչության թիվը, սահմանամերձ, փոքր քաղաքում տաքսիների ծառայություններից քչերն են օգտվում: Տաքսիստները հաճախ ժամերով սպասում են, որ մի ուղևոր մոտենա: Վարորդները մեզ ասացին, որ վերջին տարիներին մի քանի անգամ թանկացել է ավտոմեքենաների վառելիք գազը, սակայն իրենք անփոփոխ են պահել ուղեվարձի սակագինը: Պետական հարկը, մեքենաների պահպանման ծախսերը վճարելուց հետո տաքսիստներին օրվա հացի քիչ փող է մնում: Նրանք հաշվարկել են, որ պետական համարանիշները փոխելու դեպքում` իրենցից յուրաքանչյուրը ստիպված կլինի ծախսել լրացուցիչ 20-25 հազար դրամ:

«Ավելի հեշտ չէ՞ ավելի քիչ թվով արագաչափերը տեխնիկապես հզորացնել» հռետորական հարց են տալիս նոյեմբերյանցի վարորդները:




Լրահոս